«Ասեց՝ կսպասես, կզանգեմ, ու էդպես էլ չզանգեց»․ Մյասնիկ Մյասնիկյանը զոհվել է Քարվաճառում՝ հայտնվելով շրջափակման մեջ

«Ամսի 5-ին սկեսրայրս բարեկամների հետ գնաց հիվանդանոցներում Մյասնիկին փնտրելու: Սպասում էի, որ ինքը պետք ա գա, իրան պիտի բերեն, բայց ասեցին՝ զոհվել ա»,- հուզմունքով ասում է 25-ամյա Անի Մարտիրոսյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է սիրելի ամուսնուն՝ Մյասնիկ Մյասնիկյանին։

Մյասնիկ Մյասնիկյանը զինվորական էր, ծառայել է խաղաղապահ զորքերում, հերթապահությունից տուն է վերադարձել, երբ զանգ է ստանում, որ պատերազմ է սկսվել։

Կինը հիշում է՝ ամուսինը միանգամից հավաքել է իրերը և մեկնել առաջնագիծ։ 

«Մյասնիկը Ապրիլյանին էլ է մասնակցել, նման տագնապով գնացել էր, 22 օր էնտեղ ա եղել, նորմալ վերադարձել, բայց էս անգամ․․․»- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է 25-ամյա կինը։

Մյասնիկն ու Անին 7 տարի առաջ են ընտանիք կազմել, երկու որդի ունեն։ Մեծ որդին՝ Պարգևը, 6 տարեկան է, փոքրը՝ Հայկը՝ 3,5։

Անին ասում է՝ ամուսինը զանգել է պատերազմի օրերին, տեսազանգով զրուցել ընտանիքի, որդիների հետ։ Հոկտեմբերի 1-ին Մյասնիկը զանգել է կնոջը, ասել, որ հեռախոսը լիցքավորման միացնի, կամ երեկոյան կամ հաջորդ օրը առավոտյան նորից կզանգի։ 

«Ասեց՝ կսպասես, կզանգեմ, ու էդպես էլ չզանգեց։ Լուր չունեինք մինչև ամսի 4-ը»,- հիշում է կինը։

Ավելի ուշ ամուսնու ընկերները պատմել են, որ հոկտեմբերի 1-ի երեկոյան Մյասնիկն ու զինակից ընկերները Քարվաճառում հայտնվել են շրջափակման մեջ, որտեղ էլ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

«Այդ օրը 12 ժամ կռիվ են տվել Քարվաճառում, ինքը իր մնացած ընկերների հետ հանել է վիրավոր ընկերներին, զոհված ընկերների մարմինները, վերջում ինքը չի փրկվել, արկի բեկորից զոհվել ա»,- ցավով ասում է Անին։

Անին ասում է՝ հոկտեմբերի 5-ին արդեն բոլոր բարեկամները գիտեին դեպքի մասին և երբ իրեն հայտնել են, ոչ մի կերպ չէր ուզում հավատալ, որ դա իրականություն է։ 

«Մտածում էի՝ բոլորը ստում են, սուտ ա, չի կարա նման բան լինի։ Ես չէի պատկերացնում, որ կարա մի օր գա, ու կորցնեմ իրան»։

Մյասնիկը շատ հոգատար ամուսին էր, հայր, եղբայր ու որդի՝ ասում է կինը։

«Ինքը շատ յուրահատուկ անձնավորություն էր, նվիրված թե երեխաներին, թե կնոջը, թե ծնողներին, թե քույրերին ու ընկերներին։ Բոլորի հանդեպ շատ ուշադիր էր, կյանքը կտար ու կյանքը տվեց հանուն հայրենիքի ու բոլորի»,- նշում է կինը։

Անին ասում է՝ շատ հաճախ ականջներում ամուսնու սիրո խոստովանություններն են․ «Ասում էր՝ շատ-շատ եմ քեզ սիրում, իմ կյանքից շատ եմ սիրում»,- հիշում է ու հուզվում երիտասարդ կինը։

Անին ասում է՝ հաճախ է զրուցում ամուսնու հետ, ամեն վայրկյան զգում է նրա ներկայությունը ու փորձում է ուժեղ լինել, որ կարողանա որդիներին մեծացնել և նրանց համար լավ ապագա ապահովել։

«Ամեն օր խոսում եմ իր հետ, ինքն ինձ համար մի ուրիշ աշխարհ էր, ու չեմ ուզում իր մասին անցյալով խոսեմ, ինքը հիմա էլ ինձ հետ ա, իմ սրտում։ Բայց չպետք ա տենց բան լիներ, չպետք ա մեզ մենակ թողներ»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է Անին։

Մյասնիկ Մյասնիկյանը հուղարկավորված է ծննդավայրում՝ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում:

Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներով:

Արփինե Արզումանյան

MediaLab.am