Մեր կողքին ապրող մարդիկ. Ֆլորա Մինասը

1994 թվականին Նիգերիայից հնդկահայ ամուսնու և երկու մանկահասակ երեխաների հետ Ֆլորա Մինաս անունով մի կին եկավ Հայաստան, որտեղ ապրում է արդեն 30 տարի, որից 9-ը՝ Մեղրիում, հետո արդեն՝ Երևանում: 

Ֆլորայի հետ հանդիպեցինք մայրաքաղաքի կենտրոնում: Նա խակ կանաչ գույնի կիսաշրջազգեստ ու նույն երանգի շապիկ էր հագել: Յուրահատուկ, ոչ այս տարածաշրջանին բնորոշ դիմագծերը, մեզ համար դեռևս անսովոր համարվող թուխ մաշկը, մանր գանգուրները, որ գլխարկի տակից երևում էին, որևէ բան չէին ակնարկում կնոջ՝ հայերեն իմանալու մասին: 

– Արի, արի տեսնեմ՝ ինձնից ի՛նչ օտարերկրացի, որ մի հատ էլ որոշել ես պատմությունս գրել,- ինձ ջերմությամբ գրկելով՝ ասաց Ֆլորան ու ավելացրեց,- ես այնքան երկար եմ այստեղ ապրում, որ արդեն ինքս եմ օտարերկրացիներին տեղացու աչքով նայում: 

Այդ 94-ին էր, որ իրեն օտար էր համարում հեռավոր Սյունիքում, ուր տեղափոխվեցին ինքն ու բժիշկ ամուսինը: Բայց Մեղրին մի առանձնահատկություն ունի. այս քաղաքը հյուրին յուրային է դարձնում կես խոսքից, նվիրվում եկվորին այնպես, ասես հարյուր տարվա ընկերներ լինեն: Դա է պատճառը, որ Մեղրիում հիվանդանոց կառուցող նոր ընտանիքը, որտեղ ոչ ոք հայերեն չէր խոսում, շուտով դարձավ յուրային ու արքայանարնջի քաղաքում ապրեց 9 տարի: 

– Հայերը մի հատկություն ունեն, նրանք գիտեն՝ ինչպես սիրել «ուրիշներին»: Երբ նոր էինք տեղափոխվել Մեղրի, այո՛, բոլորը զարմացած նայում էին, շշնջում էին ինչ-որ բաներ, բայց ես երբեք դրա տակ որևէ վատ բան չեմ տեսել: Նիգերիայում էլ սպիտակամաշկ մարդ տեսնելիս սևեռուն նայում են, նույնիսկ ուզում են դիպչել: 

Մինչև հիմա, երբ 30 տարի է՝ ապրում է Հայաստանում, հայերենի հետ կռիվ է տալիս: Այժմ թոռներն են նրա ուսուցիչները, նրանց հետ լեզուն սովորելը դարձել է ժամանց: Նախ՝ երբ թոռների հետ է, սուբորդինացիա չկա՝ նույն մակարդակի վրա են և միմյանց հետ սովորում են, երկրորդ՝ թոռներից մեկը միշտ պատրաստ է տատին անգլերեն բացատրել ամեն բան, եթե հարկ լինի: 

– Ո՞րն է եղել առաջին հայերեն արտահայտությունը, որ սովորել եմ: Հը՛մ, ծիծաղելի պատմություն է: Մեծ տղաս շա՜տ չարաճճի էր, գերակտիվ, ոնց ասեմ՝ իսկական կրակ, էներգիան չէր սպառվում: Մի անգամ մանկապարտեզից տուն եկավ ու ասաց՝ մա՛մ, ինձ բոլորն այստեղ ասում են՝ Վանիկ, մի՛ արա: Այնպես որ, առաջին հայերեն արտահայտությունը, որ ես շատ արագ սովորեցի, «մի՛ արա»-ն էր: 

Ֆլորան Մեղրիում այնքան ընկերներ ունի, որ մինչև հիմա իրեն ծանրոցներ են ուղարկում՝ մեջը Սյունիքի բարիքներ, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ունի հատիկ լոբին: Նիգերիական խոհանոցում լոբին մեծ տեղ է զբաղեցնում և ավելի շատ են օգտագործում, քան հայկական խոհանոցում: Բայց 1994-ին Մեղրիում շուկա չկար, որ լոբի վաճառեին, ով էլ ուներ՝ պահում էր նեղ օրվա համար, չնայած օրերն այնքան նեղ էին, որ դժվար էր դրանից ավելի վատ պատկերացնել:

Այդ տարիներին Ղարաբաղյան պատերազմի հետևանքները Հայաստանում թե՛ գլոբալ, թե՛ ամենապարզ թվացող կենցաղային խնդիրներում էին դրսևորվում: Զարմանալի չէ, որ Մեղրի քաղաքում, որ Արցախին ամենամոտ գտնվող մարզի՝ Սյունիքի սահմանին է դեպի Իրան, շուկա անգամ չկար: Ֆլորան հիշում է, որ մարդկանց ամաչում էր որևէ բան խնդրել՝ հստակ իմանալով, որ ամեն մեկն իր պահ տվածից է բաժին հանելու իր համար: Բայց այդ մթնոլորտում անգամ հայերը նույն խանդավառությամբ էին իրար հետ կիսում ունեցածը, ու ոչ միայն իրար, այլև ուրիշների: Ֆլորան վաղուց ուրիշ չէր այս երկրի և ոչ մի անկյունում՝ սահմանից մինչև Երևան իր երկիրն է: 

– Իմ հայերենի չիմացությունը երբեք չի խոչընդոտել շփվելուն, ձեռով-ոտով բացատրելու հնարը միշտ կգտնես, եթե մարդիկ բաց են, իսկ մեղրեցին, վա՜յ, էդ տեսակ մարդիկ քիչ կան: Հատիկ լոբի էի ուզում, տեսա՝ չեմ կարողանում բացատրել ուզածս, նկարեցի, ասացի, որ ուզում եմ գնալ շուկա: Բոլորը ապշած նայում էին ու ասում՝ Ֆլորա, նո շուկա, նո շուկա: 

Մոռացավ լոբու մասին՝ սովորել էր արագ համակերպվել իրավիճակին ու եղածով բավարարվել: Երեկոյան կողմ տան գործերն էր անում, երբ դուռը տվեցին: Մի ծեր կին էր, վերարկուի տակից հանեց բավական ծանր կապոցը, տվեց Ֆլորային ու հեռացավ: Նա բացեց կապոցը, ու երբ ինձ պատմում էր այս դրվագի մասին, անգամ 30 տարի անց, վառվռուն հայացքով էր հիշում. 

– Երևի 2 կիլոգրամից ավելի հատիկ լոբի էր: Լացեցի մարդ մնալու համար, ոչ թե որ լոբի էր բերել, այլ որ հաստատ կտրել էր իր մտերիմներից, որ տար «ուրիշին»: Այսքան տարի է անցել, բայց այդ դրվագը երբեք չեմ մոռանա ու շատ եմ ցավում, որ չկարողացա հիշել այդ կնոջ դեմքը, որ շնորհակալ լինեի նրան պատերազմում, անմարդկային դժվար պայմաններում մարդ մնալու համար: 

Ֆլորա Մինասը 9 տարի ամուսնու հետ աշխատեց Մեղրիում: Հիվանդանոցում նա ադմինիստրատիվ գործն էր անում, օգնում ինչով կարող էր: Նա չի հիշում գեթ մի դեպք, որ խտրականության ենթարկված լինի, գուցե այն պատճառով, որ բնական է համարում թե՛ մարդկանց զարմացած հայացքները, թե՛ շշուկները, թե՛ երբեմն վերաբերմունքի ձևը: 

– Մարդկանց ժամանակ է պետք, ուրիշ ոչինչ: Ես  երկար տարիներ է՝ ինչ Երևանում եմ ապրում, հարևաններ ունեմ: Մի ամիս առաջ էլ հարևանուհուս աղջկա հարսանիքն էր, գնացինք, ու, հա, եթե ուզում ես հարցնել՝ հայկական պարեր պարո՞ւմ եմ, ասեմ՝ այն էլ ինչպես,- այս ասելիս Ֆլորան նազանքով ձեռքերի թեթև շարժումով ցույց է տալիս, թե ինչպես է պարում: 

Կյանքի կեսն ապրած լինելով Հայաստանում ու անչափելի սեր տածելով այս երկրի հանդեպ, ուզում է մի բան փոխել մեր երկրում: 

– Հայերը հպարտանում են, որ առաջին քրիստոնյա ժողովուրդն են, բայց, ցավոք, դա արտահայտված չէ վարքագծում, ու ոչ էլ այսքան մեծ թվով եկեղեցիների առկայությունն է օգնում հավատալու դրան: Կուզեի, որ մեր ժողովուրդը հստակ հասկանար քրիստոնեության կարևորությունն իր կյանքում, շիտակ ապրեր, մնար այն նույն հյուրընկալ, պատրաստակամ, աներևակայելի բաց սրտով հայը, որին ես տեսել եմ 1994-ին: 

Ես եղել եմ նրա աղջկա տարիքին այն ժամանակ, երբ Ֆլորա Մինասը եկել է Հայաստան, բայց ցուրտ  ու մութ տարիների ողջ խստությունը չափազանց վառ եմ հիշում: Չգիտեմ՝ արդյոք եթե օտարերկրացի լինեի, կկարողանայի՞ սիրահարվել այդ «մութ» երկրին, ու դա է պատճառը, որ ողջ զրույցի ընթացքում հիացած նայում էի Ֆլորային՝ մարդուն, որ այնքան ազնիվ է իր սիրո մեջ, այնքան գորովագութ է պատմում Հայաստանի ու հայի մասին, որ ուզում ես գրկել այս երկրի մարդուն՝ նրան, որը գիտի սիրել «ուրիշներին»: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարը՝ Սոֆի Խաչատրյան

MediaLab.am