Իշխանության է եկել մի տեսակ, որը, չվարանենք, ուղիղ ասենք՝ չկայացած մարդկանց տեսակ է, որի ձեռքին հանկարծ հայտնվել է լծակ. Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, ներքաղաքական վերջին դեպքերի մասով ձեր մեկնաբանությունն եմ խնդրում, օրերս ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուներին ներկայացնելու հարցն էր քննարկվում, ու հատկապես ընդդիմության թեկնածուին ներկայացնելու գործընթացը թեժ մթնոլորտում անցավ։ Այդ իրադարձությանն էլ նախորդել էր ԱԺ նախագահի մասնակցությամբ հայտնի միջադեպը։

– Այդ իրադարձություններին քաղաքական բնութագրում տալը շատ ճոխ կլինի, իրերը պետք է իրենց անուններով կոչենք, ընդդիմության ՄԻՊ թեկնածուի հետ չեմ կարող իսկապես չհամաձայնել, որ այդ մարդիկ ուղղակի խուլիգանների հավաքածու են։ 

Այդ խուլիգանությունը սկսվել է ուղիղ այն պահից, երբ Ազգային ժողովի նախագահ կոչվածը թույլ է տալիս իրեն փողոցում՝ թիկնապահների օգնությամբ, քաղաքացու երեսին թքել, այդ պահից արդեն Հայաստանը թևակոխեց իր նորագույն պատմության նոր փուլ, ու այդ տերմինը պետք է գտնել․ լածիրակապետությո՞ւն, բոսկայակապետությո՞ւն, չգիտեմ, որովհետև դժվար է այդ արարքին համապատասխան ինչ-որ տերմին գտնել: 

Այնուամենայնիվ, մենք այսօր ականատես ենք լինում համատարած ու համակարգված խուլիգանության՝ նախապես համաձայնության եկած խմբի կողմից, որոնք պառլամենտական ինստիտուցիոնալ կառույցի հետ որևէ առնչություն, ըստ էության, չունեն։ 

Ամբողջ հարցը նաև այն է, որ եթե այդ արարքն անգամ գնահատենք, ինչպես ԱԺ նախագահն է ասում՝ «քաղաքի տղու» տեսանկյունից, այդտեղ անգամ տղայական որևէ բան չկար։ Դա խուլիգանների, խուժանների հավաքածու էր, որը հարձակվել էր իր քաղաքական հակառակորդի վրա ու, ի տարբերություն վերջինիս, որը գուցե սադրիչ, բայց քաղաքական տեքստեր էր ասում, ու մեղադրանքները, այնուամենայնիվ, քաղաքական էին, պատասխանում էին փողոցային բառապաշարով։ 

– Իսկ ինչո՞վ եք բացատրում այն, որ իրենց խմբակցության ներկայացուցիչները արդարացնում են Սիմոնյանի այդ արարքը։

– Դե դա, Վանո Սիրադեղյանն ասում էր՝ «գյադաների ժամանակը», չէ՞, դա գյադեքի վերաբերմունքն է, իրենք պետությունն իջեցրել են գյադեքի մակարդակի, ու իրենց համար նորմալ է, որ կարելի է նման բաներ անել։ 

Մենք տեսել ենք Ազգային ժողովի շատ օդիոզ նախագահներ, ես կասեի՝ հանցագործ նախագահներ, որոնք ապօրինի հարստացել են, որոնցից մեկի մասին վերջերս մանրակրկիտ տեղեկություն տարածվեց ԶԼՄ-ների միջոցով, որ թալանել է պետությունը ու ահռելի ունեցվածք է ձեռք բերել։ 

Կամ՝ մենք գործ ենք ունեցել ԱԺ-ի մեկ այլ նախագահի հետ, որը խորհրդարանի չորս պատգամավորի ակնհայտ ապօրինի կալանքի սանկցիա է տվել, կամ մարտի 1-ի իրադարձություններին հակաժողովրդական, հակապետական ելույթով է հանդես եկել, բայց այս տեսակ գյադայական մոտեցում այդ կառույցին, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ չենք տեսել, ու սա, իսկապես, աննախադեպ է։ Ու այն, որ գյադեքը պաշտպանում են ավագ գյադուն, տրամաբանված է։ 

 – Պարո՛ն Խաչատրյան, իսկ գուցե այդ պաշտպանությունը հիմնավորվում է նրանով, որ իրենք իսկապե՞ս ունեն հանրության աջակցությունը, ինչպես պնդում են։

– Գիտեք՝ պատմության մեջ, ցավոք սրտի, այնքան հրեշներ կան, որոնք հանրության աջակցությունն են վայելել, ամենացցուն ու իմ սիրելի օրինակներից մեկը Ադոլֆ Հիտլերն էր, որը հսկայական ձայների առավելությամբ հաղթեց ընտրություններում, բայց նա մինչ օրս չի դադարում լինել մարդկության ամենահրեշավոր գործիչներից մեկը։ 

Աջակցում են, թե չէ՝ դա էլ չգիտենք, բայց պետք է արձանագրենք, որ իրենք հանրությանը խաբել են իրենց նախընտրական ծրագրով։ Այս իշխանությունը ամեն օր կորցնում է, իսկ թե ինչքա՞ն է կորցրել, դա հնարավոր կլինի պարզել այն բանից հետո, երբ իրենք հեռանան իշխանությունից, ու անցկացվեն արդար ընտրություններ։ 

– Ինչ եք կարծում՝ այսքան դժգոհությունից հետո Ալեն Սիմոնյանը կհրաժարվի՞ զբաղեցրած պաշտոնից, կամ Նիկոլ Փաշինյանը կկայացնի՞ նրան հեռացնելու որոշում, թե՞ ոչ։

– Իշխանության է եկել մի տեսակ, որը, չվարանենք, ուղիղ ասենք՝ չկայացած մարդկանց տեսակ է, որի ձեռքին հանկարծ հայտնվել է լծակ, որով իրենք հասարակությանը ներկայանում են։ Սրանք հրաժարական տվող չեն, եթե իրենց առաջնորդը հանկարծ որոշի, որ հրաժարական են տալու, ապա իրենք որևէ ազդեցություն չեն ունենալու այդ որոշման վրա, ոնց որ այսօր ազդեցություն չունեն որևէ որոշման վրա։ 

Իրենք չգիտեն, թե ի՛նչ է պետությունը, չգիտեն, թե ի՛նչ են դավաճանել, պետք է նախ հասկանան՝ ինչին են դավաճանել, ում են դավաճանել, որպեսզի փորձեն հասկանալ՝ գուցե իսկապես այդ ասվածը արդարացված է։ Իրենք չգիտեն՝ ինչ բան է քաղաքականությունը, իրենք չեն հասկանում, որ իրենք քաղաքական գործիչներ են։ Ալեն Սիմոնյանը հրաժարական տալու կամք չունի, մարդ շատ ավելի հեշտ ինքնասպան կլինի, քան Ալեն Սիմոնյանը հրաժարական կտա։

– Պարո՛ն Խաչատրյան, այս թեման ամփոփենք առաջին նախագահի արձագանքին հետևած մեկնաբանությունների մասով ձեր դիտարկմամբ, ինչպե՞ս կմեկնաբանեք Ալեն Սիմոնյանի, նրա մամուլի խոսնակի խոսքը։ Ձեր քաղաքական թիմին անգամ, ճիշտ է՝ թեականով, բայց մեղադրեցին ժամանակին «դաշնակների օֆիսները, լրատվամիջոցները ջարդուփշուր անելու, լիդերներին նստեցնելու ու կուսակցություններ փակելու մեջ»։

– Ես արդեն իմ գնահատականը տվեցի այդ մարդկանց, ու ինձ համար բացարձակ հետաքրքիր չէ՝ ո՞վ է արձագանքում՝ հենց ինքն է արձագանքում, իր մամուլի խոսնակը, թե՞ ԿԳՄՍ նախարարի ամուսինը։ Որ դուք ասացիք՝ արդարացնում են, արդարանում են, սա դրա դրսևորումներից մեկն է։ 

Պետրոս Ղազարյանն առնվազն երեք հարցազրույց է արել առաջին նախագահի հետ ու կարող էր այդ հարցն ուղիղ տալ, բայց քանի որ իր հիշողությունը ընդամենը ժամեր առաջ է մթագնել, հուսով եմ՝ հաջորդ անգամ, եթե առիթ ունենա՝ այդ հարցը կտա, բայց չտարբերել տեռորիստական խմբավորումը, չտարբերել կուսակցությունը, որը չի համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը, չտարբերել մի խմբավորում, որը զբաղվել է զենքի վաճառքով ու նարկոթրաֆիքինգով, այս երևույթները չտարբերել քաղաքական բանավեճից․․․ 

Գիտեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանին կամ մեր քաղաքական թիմից այդ բառով կոչել են բազմաթիվ անձինք, ուժեր, բայց դուք չեք գտնի որևէ այլ կուսակցություն, քաղաքական գործիչ, որոնց նկատմամբ եղել են ռեպրեսիաներ, որովհետև, ինչպես Տեր-Պետրոսյանն է այդ օրինակը բերում, քաղաքականության մեջ, այո՛, քաղաքական հակառակորդների գուցեև ամենասիրելի տերմինը իշխանությանը դավաճան անվանելն է: Ինչպես ես այսօր դավաճան եմ անվանում Հայաստանի իշխանությունը զբաղեցնող քաղաքական ուժին ու հիմնավորում եմ, թե ինչո՛ւ եմ նրանց այդպես անվանում: 

Մեր նախորդ բազմաթիվ զրույցներում մենք խոսել ենք կոնկրետ դավաճանությունների մասին, որոնք վերլուծելու արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ գուցեև դավաճանություն է եղել այդ իշխող ուժի կողմից, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում թող հիշեցնեն ևս մեկ քաղաքական ուժի, որը ենթարկվել է որևէ ռեպրեսիայի, չեն կարող հիշեցնել։ 

Պետրոս Ղազարյանն, որը ժամանակին շատ աշխուժակ երիտասարդ էր և նոր էր մտնում այս թատերաբեմ ու դեռ չէր վայելել տարբեր իշխանությունների հովանավորությունն ու սերը, բազմաթիվ հնարավորություններ է ունեցել այդ քաղաքական ուժի բազմաթիվ նախկին, ներկա ղեկավարների հետ շփվելու, ու ես կարծում եմ, որ այդ հարցը բազմաթիվ անգամ է տվել ու գուցե մեզանից շատ ավելի լավ գիտի, թե որն է եղել բուն թեման։ 

Ես հիշում եմ մի սեմինար, որն անցկացնում էր Հրանտ Բագրատյանը, որին նաև Պետրոս Ղազարյանն էր մասնակցում: Այդ սեմինարին նա տվեց այդ հարցը, Հրանտ Բագրատյանը մանրամասն, հայտնելով նաև այնպիսի տեղեկություններ, որոնց լայն հասարակությունը իրականում չէր տիրապետում, պատասխանեց, ու Ղազարյանն իհարկե վերջում ընդունեց, որ այդ քրեական վարույթը, որը հարուցվել էր, իսկապես արդարացի է եղել։ 

Լինելով նաև դաշնակցականներից կազմված իշխանության սիրելի հեռուստահաղորդավար՝ կարծեք թե երբեք այդ հարցով դաշնակցականներին չի դիմել, թե ինչո՛ւ «Դրո» կառույցի անդամները մինչև իրենց իշխանության օրոք եղել են անազատության վայրերում։ Այնպես որ, Պետրոս Ղազարյանի հիշողությունը մթագնել է ընդամենը ժամեր առաջ, բայց հետագայում բազմաթիվ առիթներ է ունենալու այն վերականգնելու, օրինակ՝ հենց Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության, ու իշխանության լինի այնպիսի ուժ, որը նաև կբացահայտի «Դրո» գործի բազմաթիվ, մինչև հիմա անհայտ հանգամանքներ, ընդ որում՝ միայն «Դրոյի» գործը չէր, այնտեղ «30+1»-ն էր, «Դրոյին» առնչվող այլ գործեր կային, որոնցով մինչ օրս անազատության մեջ գտնվող անձինք կան։

– Ներքաղաքական այս իրադարձություններին զուգահեռ տեսանելի է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իրականություն դարձնել իր ծրագրերը ու առաջխաղացում ունի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Ի՞նչ է մեզ սպասում այս պայմաններում։

– Ուզում եք, որ ես էլի՞ վատ կանխատեսումներ անեմ, բայց նախորդ՝ մեր ունեցած փորձից հետո ես վախենում եմ դա անել, բայց այն, որ իրավիճակն ահավոր լարված է ու էսկալացիայից մեկ վայրկյան պակաս է, դա արդեն սովորական քաղաքացիներն էլ են հասկանում, ու այն լուրերը, որ ստանում ենք սահմանից, մեղմ ասած մտահոգիչ են։ 

Բայց գիտեք, մենք անընդհատ անկման մեջ ենք, մենք ընկնում, ընկնում, ընկնում ենք։ Տեղ գյուղում ադրբեջանական զորքերն անցել են Հայկական ԽՍՀ ու Ադրբեջանական ԽՍՀ նախկին եղած սահմանը, մոտավորապես 300 մետր առաջացել են Հայկական ԽՍՀ սահմանների մեջ, որը ՀՀ-ի սահմաններն են, ու, ինչքան հայտնի է, 11 դիրք են դրել ու դրանց միջոցով փակել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Մենք արդեն ոչ թե Լաչինի միջանցքի կամ միջանցքի կարգավիճակի խնդիր ունենք, մենք ընդհանրապես ճանապարհի խնդիր ունենք։ 

Ամեն անգամ, երբ հասնում ենք հատակին ու ասում՝ սա հատակն է, մեկ էլ ներքևից լսում ենք թակոցը, ու ամեն անգամ նոր հատակներ ենք բացահայտում։ Մենք միշտ ենք խոսել այս մասին, ու ես միշտ եմ ասել՝ քանի դեռ այս իշխանությունը կա Հայաստանում, մենք անընդհատ նոր հատակներ ենք հայտնաբերելու։ 

Մենք գտնվում ենք սարսափելի ծանր վիճակում, եթե նկատի ունենանք նաև աշխարհաքաղաքական զարգացումները՝ ավելի հզոր պետությունների հասունացող ու արդեն առկա ճգնաժամերը, մենք անհուսալի վատ վիճակի մեջ ենք մեզ դնում։ 

Հայաստանում այսօր իշխող ուժը մեզ տանում է դեպի փակուղի, որտեղից միայն վերադառնալն արդեն երազանք է դառնում, եթե նաև նկատի ունենանք նրանց լկտի պահվածքը, պետք է հասկանանք, որ ոչ միայն փակուղու մեջ ենք, այլև մեր ձեռքով մեզ վրա մի այնպիսի տապանաքար ենք դնում, որի տակից դուրս գալն ուղղակի անհնարին է լինելու։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am