Մեր կողքին ապրող մարդիկ. Թիմը

Թիմ Սթրեյթը

Երևանի ամենաբանուկ ու միևնույն ժամանակ ամենաչբացահայտված Սասունցի Դավիթ կայարանի տարածքում է գտնվում ամերիկացի սոցիալական ձեռնարկատեր Թիմ Սթրեյթի աշխատավայրը: Թիմի մասին վաղուց էի լսել, մի քանի անգամ էլ տարբեր նախագծերի ընթացքում հանդիպել էի նրան, բայց անձամբ զրուցելու հնարավորություն չէր եղել: 

Թիմ Սթրեյթն արդեն քսաներեք տարի ապրում է Հայաստանում: 

– Ի՞նչ, դու հիմա լո՞ւրջ ես խոսում: 

– Հա, երբ որոշ ժամանակով եկա Հայաստան, ես էլ չէի մտածի, որ այն կդառնա իմ տունը, ու քեզ պես կլորացած աչքերով, զարմացած՝ մինչև հիմա բացահայտում եմ այս երկիրը: 

Թիմը ծնվել է ԱՄՆ-ում, այնտեղ ապրել 24 տարի՝ փոքր-ինչ ավելի, քան Հայաստանում, բայց վստահ եմ, որ շուտով մեր երկրում ապրելու տարիները գերազանցելու են ԱՄՆ-ին: Իրեն բնորոշելիս հատուկ շեշտադրում է, որ խառնվածքն ու մտածելակերպը նորվեգական են: Տասնվեց տարի ապրելով Նորվեգիայում՝ ձևավորել է բնավորություն, որն իր ասելով՝ հենց այդ տարածաշրջանի երկրներին է բնորոշ՝ կարգապահությունից սկսած մինչև վարքուբարք: 

– Դե բայց տունս Հայաստանն է: ԱՄՆ որ գնում եմ, հասկանում եմ, որ այնտեղ արդեն իմ տունը չէ:

Թիմը Հայաստանում հիմնադրել է HDIF ընկերությունը,  որն աջակցում է գյուղերի, քաղաքների բնակիչներին ողջ Հայաստանով մեկ գտնել հնարավորություններ իրենց բիզնեսի կայունացման և զարգացման համար: Հայաստանի համայնքներում ապրող կանայք հատկապես կարիք ունեն ուժեղանալու և իրենց ներուժը բացահայտելու: Հաճախ նրանց ընդամենը մեկ օգնող ձեռք է պետք, հավատացող, որ կստացվի: 

– Մի կին կար, որի դեպքը երբեք չեմ մոռանա: Մենք նրան հնարավորություն էինք տվել ձեռագործ իրերի վաճառքով զբաղվել: Երբ ասաց, որ իր ստացած շահույթով լվացքի մեքենա է գնել, չգիտեի՝ ինչ ասել: Դժվար է հավատալ, որ մեր գյուղական համայնքներում շատերիս համար տարրական, չնչին թվացող կենցաղային հարցը լրջագույն խնդիր է: 

Թիմը Հայաստան է եկել այն ժամանակ, երբ Բոսնիայում պատերազմի ընթացքում մոտ մեկ տարի փախստականների հետ աշխատելուց հետո վերադարձել էր Նորվեգիա: Այնտեղ էլ առաջարկ է ստացել որպես փախստականների հարցերով Նորվեգիայի խորհրդի ներկայացուցիչ աշխատել Հայաստանում: Մինչև այդ Թիմը շրջել է Եվրոպայով մեկ, ապրել Թայվանում, եղել այլ ասիական երկրներում: 

– 2000 թվականի սեպտեմբերին եկա Հայաստան: Այդ ժամանակ այստեղ կացարանների տրամադրման ծրագիր կար Ադրբեջանից Հայաստան եկած փախստական հայերի համար: Մոտ 1400 կացարան կարողացանք տրամադրել նրանց, և շատ ուրախ եմ այդ ծրագրի համար: 

2005 թվականին, երբ այս կառույցում նրա աշխատանքի ժամանակն ավարտին էր մոտենում, Ֆինլանդիայի ներկայացուցչությունից առաջարկ ստացավ մնալ Հայաստանում ու աշխատել: Թիմը, որ Հայաստանի մասին որևէ բան չգիտեր մինչև այստեղ գալը, ապրում է մեր երկրում ու երկու տասնամյակից ավելի շարունակում է բացահայտել այս փոքրիկ տարածքի մեծ հրաշքները: 

Նա  մինչև օրս համատեղությամբ  Ֆինլանդիայի և Նորվեգիայի պատվավոր հյուպատոսն է Հայաստանում: Թիմը փորձում է բիզնես կապեր ստեղծել Հայաստանի ու այս երկրների միջև, որովհետև կարծում է, որ մեր երկիրն ունի մեծ ներուժ, այն հետաքրքիր, այսպես ասած՝ էկզոտիկ միրգ է սկանդինավյան ժողովուրդների համար, որ բացահայտման կարիք ունի: Նա համոզված է՝ առևտրական կապերի առաջխաղացումը կօգնի Հայաստանը ներկայացնելու սկանդինավյան երկրներում, հետաքրքրություն առաջացնել դեպի Արմենիան: 

Նրա թիմում կան մարդիկ, որոնք արևմտահայեր են, կան երևանցիներ, համագործակցում է մարզերի բնակիչների հետ: Սա բավական է, չէ՞, հասկանալու համար, որ Թիմի հայերենը «շփոթության մեջ» է: 

– Ախր, գոյություն չունի մի հայերեն, գոյություն ունեն հայերեններ՝ արևմտահայերեն, արևելահայերեն, Սյունիքի, Լոռու, Շիրակի և այսպես շարունակ: Երբ ես փորձում եմ իմ արևմտահայ ընկերոջ հետ հայերեն խոսել, դեմքի արտահայտությունից արդեն մտքումս ասում եմ՝ Թիմ, դու մի բան այն չես անում, անցիր անգլերենի, քանի դեռ ուշ չէ,- ծիծաղում է ու խոստովանում, որ վաղուց համակերպվել է իր հայերենի հետ: 

Թիմը ռուսերեն է խոսում, ինչը բավական զարմանալի է ԱՄՆ-ում մեծացած մարդու համար: Վաշինգտոնում սովորելու տարիներին նրա առաջ խնդիր էր դրված՝ ընտրել մանդարին լեզվի ուսուցում կամ էլ ռուսերեն: Թիմը առանց վարանելու որոշեց, որ «մանդարինի մեջ թաթախվել» չի ուզում: 

– Ես ռուսերեն խոսում եմ այնպես, ինչպես հայերը. ինձ այդ մասին ասում են, ու սա հաճոյախոսություն է, որովհետև հայերը լավ են տիրապետում ռուսերենին: Առհասարակ, եթե հայերին բնորոշեմ՝ աշխատասեր, շա՜տ խելացի բառերը լավագույնն են նկարագիր տալու համար: Պետք են համակարգեր ու հմտություններ խելքն ու աշխատանքը համադրելու և արդյունքի հասնելու համար: 

Թիմը հայերի մասին խոսում է հիացած, անգամ այն դեպքում,երբ անդրադառնում է երկրում առկա խնդիրներին, դեմքից ժպիտը չի իջնում: Երբ նա մատնանշում է խնդիրները, այնքան ակնհայտ է, որ ուզում է շտկել դրանք, այնքան պարզ է, որ յուրայինի նման ցավում է: 

– Ես հասկացել եմ, որ անվտանգությունը դարձել է իրական, շոշափելի մարտահրավեր մարդկանց համար: Տես՝ վերջերս մի մեծ պատվեր ունեինք արտերկրից, որ շատ հավանել էր համայնքներից մեկում գործունեություն ծավալող կանանցից մեկի ձեռագործ աշխատանքները: Այնքան ոգևորվեցի, զանգեցի, մանրամասն պատմեցի, հետո հորդորեցի մեծացնել բիզնեսը՝ վստահեցնելով, որ էլի են պատվիրատուներ լինելու: Մտավախությունը, որ վաղը գուցե այլ կերպ լինի, խանգարեց այդ մարդուն, ենթադրենք, ևս երկու աշխատակցի ներգրավել: Ասաց՝ չէ, նման ռիսկի չեմ գնա, ինչ գիտես՝ ինչ կլինի: 

Թիմն ասում է՝ իրեն միանգամայն անվտանգ է զգում Հայաստանում, ու եթե սահմանին կռիվ է, մեկ է՝ ինքը պաշտպանված է իրեն զգում: Հայերը գիտեն՝ ինչպես իրար օգնության հասնել, մարդկային գործոնն այստեղ ցայտուն է, դրա համար էլ պատերազմի դեպքում անգամ ապահովության զգացում ունես: 

Երևանում բնակարան ունի, որից Կասկադ հասնելու համար ընդամենը պետք է բացել տան դուռը: Կասկադում հաճախ կարելի է տեսնել արդեն մեր՝ այսպես ասած վատ կողմերը. հաշմանդամություն ունեցող մարդկանց մեքենաների համար նախատեսված տարածքում կայանած մեքենաներ, ծխի մեջ կորած փաբեր ու սրճարաններ, այնինչ Հայաստանում օրենքով արգելված է փակ տարածքներում ծխելը ու այսպես շարունակ: 

– Ինչու եմ ասում, որ ինձ բնորոշ է նորվեգական ապրելակերպը, որովհետև այնտեղ եթե կա օրենք, ապա այն գործում է առանց ավելորդ հարցերի: Գուցե շատ մարդիկ հաշտ չլինեն օրենքի հետ, այն լինի խնդրահարույց, բայց եթե գոյություն ունի՝ հարգում են: Հայաստանում մարդկանց այսքան դրական լինելուն զուգահեռ՝ կան քաղաքացիներ, որոնք օրենքն անդադար խախտում են և միայն այն դեպքում, երբ կպնում են իրենց գրպանին, զգոն են դառնում: 

Այսքան տարի ապրելով Հայաստանում՝ Թիմը միայն վերջերս է խաշ փորձել ու շատ է հավանել: 

– Իսկ ղափամա՞,- հարցնում եմ: 

– Ո՛չ փորձել եմ, ո՛չ էլ երգել գիտեմ,- այս ասելիս ես հասկանում եմ, որ իմ առջև յուրային է, որ գիտի ոչ միայն մեր երգող ճաշատեսակի մասին, այլև շատ խորքային երևույթների: 

Երբ հեռանում էի «Իմփաքթ հաբից», Թիմը, որ փոքրիկ խանութ ունի այստեղ, որտեղ էլ վաճառվում են տարբեր համայնքներում ապրող կանանց պատրաստած բազմազան իրերը, ասաց, որ իր սիրելի տեղը Հայաստանում Շամշադինն է: 

– Տավուշում ճանապարհներ կան, որ նույնիսկ տեղացիներն են շրջանցում, բայց ես սիրում եմ, երբ շունչս կտրվում է՝ տեսնելով Հայաստանի սարերը՝ ձիգ ու անկախ: Պաշտում եմ նաև Մեղրու ճանապարհը, որտեղ տպավորություն է, թե հսկա ժայռերը հիմա գլխիդ կընկնեն, այնինչ նրանք կանգնած են վահանի պես պինդ, որ գեթ մի պահ չընկճվենք: 

Հերթական պատումն ավարտելիս ուզում եմ հավատալ՝ մյուս անգամ, երբ կհանդիպեմ որևէ օտարերկրացու, մեզանով հիանալու ու մեզ սիրելու դրվագներ ավելի շատ կլինեն, ու կլինեն ավելի պինդ ու ձիգ՝ Մեղրու ժայռերի նման:

Կուշանե Չոբանյան

MediaLab.am