«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, Մոսկվայում տեղի ունեցած արտգործնախարարների եռակողմ հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում։
– Սկզբունքային մի դիրքորոշում ունեմ, որ թափառող գործընթացը, երբ կողմերը միջազգային գլոբալ հակադրության պատճառով ստիպված են լինում տարբեր հարթակներում բանակցել, չի կարող շատ մեծ արդյունավետություն ունենալ, որովհետև Արևմուտքը ակնհայտորեն խանգարելու է Ռուսաստանից եկող նախաձեռնություններին և հակառակը։
Այնուամենայնիվ, մոսկովյան հանդիպումները մի փոքր տարբեր են այն հանդիպումներից, որ տեղի են ունենում Վաշինգտոնում ու Բրյուսելում, որովհետև Ռուսաստանը գետնի վրա տարածաշրջանում ավելի մեծ հնարավորություններ ունի, ի վերջո, այս կիսախարխուլ ստատուս քվոն էլ Ռուսաստանի միջնորդությամբ է հաստատվել, ու, բնականաբար, Մոսկվայում հնարավորություն կա ավելի կոնկրետ խնդիրներ քննարկելու։
Օրինակ՝ այսօր Լավրովը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ շաբաթ կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի նիստ է տեղի ունենալու, ա՛յ սա կոնկրետ քայլ է՝ անկախ այդ նիստի արդյունքներից։
Մյուս կողմից՝ այնպես չէ, որ Բրյուսելում ու Վաշինգտոնում արձանագրվածը զրոյացվելու է, ու Ռուսաստանում ամեն բան նոր կետից սկսվի: Ո՛չ, որովհետև բանակցողները՝ ի դեմս Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների, նույն մարդիկ են։
Պետք է հասկանալ, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հակասությունների հիմնական առանցքը կոմունիկացիաներն են, ու հիմա Ռուսաստանը՝ շեշտելով, որ կարողացել է համաձայնություն ձեռք բերել այդ հանձնաժողովի նիստի անցկացման շուրջ, փորձում է ցույց տալ, որ այս պահին էլ նույնիսկ համարվում է Հարավային Կովկասի հիմնական մոդերատորը։
– Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներով հնարավոր է եղել կողմերի հայացքները մոտեցնել ընդհանուր տեսլականի, ըստ ձեզ՝ առանցքային կետերը մտնո՞ւմ են դրա մեջ, որոնց շուրջ են հիմնական հակասությունները։
– Ես ավելի անկեղծ կլինեմ․ կողմերի դիրքորոշումները չեն մոտեցել, ուղղակի Հայաստանը մի շարք սկզբունքային բաներ զիջել է։ Որպեսզի խոսքս մերկապարանոց չհնչի, ասեմ, որ մոտեցել է այն առումով, որ Հայաստանը, առաջին անգամ կոնկրետ թիվ նշելով, հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց եթե սրան հաջորդեր մի շատ կարևոր վերապահում՝ ես կհամարեի, որ Հայաստանը չի զիջել։
Իսկ կարևորն այն է, որ ՀՀ իշխանությունը մինչև հիմա չի պատասխանել գլխավոր հարցին․ Արցախն ի՞նչ կարգավիճակ է ունենալու Ադրբեջանի կազմում, թե՞ չի ունենալու։ Քանի որ չի խոսվում որևէ կարգավիճակի մասին, ես բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնացել է մաքսիմալ զիջման, այսինքն՝ հայկական կողմը համաձայնել է մի մոտեցման, որը շատ մոտ է Ալիևի «վերաինտեգրման» օրակարգին։
– Պարո՛ն Սուրենյանց, իսկ ռուսական կողմը և՞ս համաձայն է Արցախի վերաբերյալ այդ օրակարգին։
– Ռուսաստանի համար իդեալական կլիներ այն պլանը, որի մասին անցած աշնանը նրանք խոսում էին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետաձգումն անորոշ ժամանակով, ինչը թույլ կտար, որ քաղաքական ու իրավական հիմքեր ստեղծվեին ԼՂ-ում ռուսական ներկայության համար, բայց սա չիրականացավ ուկրաինական պատերազմի ու Հայաստանի իշխանության կեցվածքի պատճառով։
Հիմա ռուսները փորձելու են իրավիճակ ստեղծել, որպեսզի իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ ԼՂ-ում պահպանվի։ Սա իհարկե մեծապես կախված է ուկրաինական պատերազմի ընթացքից ու, ցավալիորեն, ընդհանրապես կախված չէ Հայաստանից։
– Ստացվում է՝ մոսկովյան այս բանակցությունից էական արդյունք չենք ունենա, թե՞ էական արդյունք սպասենք երկրի ղեկավարների հանդիպումից հետո։
– Ավելի ճիշտ այդպես, էական փոփոխություն կտեսնենք մայիսի 25-ին, որովհետև այս հանդիպումը, ըստ էության, նախապատրաստում էր այդ հանդիպումը։ Բայց չեմ կարծում, որ անգամ այդ օրը հնարավոր կլինի խաղաղության համաձայնագիր ստորագրել։
Ռուսներն ունեն մի մոտեցում, որ խնդիրները տարանջատած են լուծում ու փորձում են առաջընթաց ցույց տալ կոնկրետ խնդիրների վրա, ինչպես արեց Լավրովն այսօր։
Չեմ բացառում, որ Պուտին, Ալիև, Փաշինյան հանդիպումն ավարտվի մի նոր եռակողմ համատեղ հայտարարությամբ, որում ինչ-որ նյուանսներ նկատենք, որ նախկինում չեն եղել։ Բայց մտավախություն ունեմ․ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, փորձում է իր բազմաշերտ օրակարգով տարբեր մայրաքաղաքներից հնարավորը պոկել։ Բրյուսելում ստացավ 86.600 քառակուսի կիլոմետրի երաշխիք, հիմա Մոսկվայից փորձելու է պոկել տրանսպորտային հաղորդակցության այն հնարավորությունը, ինչի մասին իրենք խոսում են։
Ցավոք սրտի, իրենք ունեն օրակարգ ու կարողանում են այն ադապտացնել աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների շահերին, իսկ հայկական կողմը օրակարգ չունենալու պատճառով բոլոր բանակցություններից, գրեթե անխտիր, կորցնում է նոր բանակցային դիրքեր։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am