«Եթե մտքներին կա սրանով լռեցնելու ազատ խոսքը, կարծում եմ՝ միևնույն է, չի ստացվելու». Իրավապաշտպան

Լուսանկարը՝ «Հետք»

Արտակարգ դրության ժամանակ մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումներն անընդունելի են, և տպավորություն է, որ իշխանությունները փորձում են այսպիսով լռեցնել իրենց քննադատողներին։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ես կարծում եմ, որ սահմանափակումները պետք է վերաբերեն միայն կեղծ տեղեկություններ տարածելուն, այն էլ` միտումնավոր կեղծ տեղեկություններ տարածելուն, որը շատ բարդ է որոշելը։ Եվ այստեղ իրավիճակը վերահսկելու ամենաարդյունավետ ճանապարհը կլիներ, եթե իշխանություններն անընդհատ հստակ ինֆորմացիա տարածեին։

Ճիշտ կլիներ, որ իշխանություններն անընդհատ հետևեին մամուլի հրապարակումներին, եթե որևէ այլ ինֆորմացիա տարածվեր լրատվամիջոցների կամ սոցիալական ցանցերի միջոցով, նրանք պաշտոնապես հերքեին»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը։

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում հետևյալ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Օրենսգրքում ավելացվում է հետևյալ դրույթը․ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»։ Ըստ Կառավարության՝ արտակարգ դրության ժամանակ պարետի որոշմամբ հստակ սահմանված է այն ցանկը, որը հանգեցնելու է նման պատասխանատվության։

Օրինակ՝ կորոնավիրուսի առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, նրանց հետ շփված անձանց թվի, թեստավորման, մեկուսացվածների թվի վերաբերյալ, ինչպես նաև խուճապի իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների դեպքում կգործի այս տուգանքի ինստիտուտը։

Նշենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը ժամանակավոր սահմանափակումներ է նախատեսում նաև լրատվամիջոցների համար։ Կառավարության որոշման՝ «Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ» գլխով սահմանվում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

Սահմանված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:

Սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ստեղծվել է պարետատան պաշտոնական հաղորդագրությունների հարթակ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որին հետևելով մարդիկ կտեղեկանան արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարության քայլերի մասին։

«Խուսափե՛ք կորոնավիրուսի մասին չստուգված, պաշտոնական տվյալների վրա չհիմնված գրառումներ կատարելուց ու տեղեկություններ տարածելուց։ Ներկայումս ապատեղեկատվությունը առավել քան վնասակար է հանրային անվտանգության ու բարեկեցության համար»,- նշել է նա։

Ոստիկանությունը հետևում է, որ ԶԼՄ-ները չխախտեն սահմանափակումների վերաբերյալ դրույթները։

Հայաստանի ժուռնալիստների միությունն ու որոշ ԶԼՄ-ների խմբագիրներ, սակայն, անհասկանալի ու չպարզաբանված են համարում այս սահմանափակումները։ Նրանք բաց նամակ էին հղել արտակարգ դրության պարետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով պարզաբանումներ ու հստակություններ մտցնել այս սահմանափակումների հարցում։

Որոշ ԶԼՄ-ների նկատմամբ արդեն սահմանափակող դրույթները կիրառվել են։ Վերջին օրերին որոշ գործիչների հրապարակումները նույնպես ոստիկաններն ու պարետատունը կոչ են արել ջնջել սոցիալական ցանցերից։ Մասնավորապես, խոսքը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումների մասին է։ Պատճառաբանվել է, թե այդ գրառումները խուճապ են տարածում։

Ավետիք Իշխանյանն ասում է, որ ծանոթացել է այս երկու գրառումներին, թե Հրանտ Բագրատյանի, թե Արտավազդ Սահակյանի գրառումներում խուճապ չի նկատել։

«Նրանց գրառումներում ոչ մի խուճապային տրամադրություն չկա, ուղղակի հորդոր էր՝ ուղղված և՛ քաղաքացիներին, և՛ իշխանություններին՝ ավելի զգոն լինել։ Ինձ համար սա անհասկանալի է և հիմք է տալիս ենթադրելու, որ կարծես թե առիթն օգտագործում են՝ իշխանությունների հասցեին քննադատությունը լռեցնելու համար»,- նշում է Իշխանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ քաղաքակիրթ տարբեր երկրներում, որտեղ արտակարգ դրություն է սահմանվել, խոսքի ազատության նկատմամբ նման սահմանափակումներ չեն կիրառվում։

«Արտավազդ Սահակյանը բժիշկ է, մարդն անգամ իր ամենամղձավանջային երազում չէր տեսնի, որ նա կարող է հատուկ խուճապ առաջացնող տեղեկություն տարածել։

Ո՞րն է չափանիշը, այդ չափանիշը չկա։ Եթե, ինչպես իշխանություններն են ասում, այս իրավիճակում ընդդիմությունը հատուկ կեղծ լուրեր տարածի, ինչին ես չեմ հավատում, որովհետև նրանք այս երկրի թշնամիները չեն, բայց եթե այդպիսի դիվերսիոն քայլ լինի, դրա համար Քրեական օրենսգիրքն առանձին պատիժ նախատեսում է։

Կարելի է և՛ հերքել, և՛ դատի տալ»,- ասում է նա։ Բայց, ըստ Իշխանյանի, այսպիսի տոտալ վերահսկողություն սահմանելը, ինչպես այսօր է, բացարձակապես անընդունելի է։

«Եթե մտքներին կա սրանով լռեցնելու ազատ խոսքը, կարծում եմ՝ միևնույն է, չի ստացվելու»,- հավելում է Ավետիք Իշխանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am