Ադրբեջանական անցակետը կարելի է հեռացնել միայն ռազմական ճանապարհով, որին ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը պատրաստ չեն. Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, աշխատանքային այցով Սոչիում գտնվող Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին։ Այս հանդիպումից հետո այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ արդյունք կարելի՞ է սպասել։

– Ես որևէ շոշափելի արդյունք չեմ սպասում, կարծես թե սովորական, որևէ բանով աչքի չընկնող այց էր, իսկ, ընդհանուր առմամբ, նմանատիպ ամեն հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախում առկա հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի կողմից պարբերաբար նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի խախտման դեպքերի մասին, բայց այդ ամենը կարծես թե մնում է օդում, ու հարցերը շարունակում են չլուծված մնալ։ Այնպես որ, այս առումով էլ այս այցը որևէ շրջադարձային արդյունք չի տալու։

– Իսկ այդ հարցերի լուծման համար ի՞նչ քայլեր պետք է անեն Հայաստանի ու Արցախի իշխանությունները։

– Դե ակնհայտ է, որ նման հարցերը Ռուսաստանի հետ լուծելն անհնար է, դրանք Ռուսաստանին բացարձակապես չեն հետաքրքրում, միգուցե նրանք նաև շահագրգռված էլ են, որ Հայաստանը լինի թույլ ու միշտ կախման մեջ իրենցից, Արցախում էլ նման ծանր ու ճգնաժամային վիճակ լինի։ Ակնհայտ է, որ ռուսական կողմը կա՛մ չի ցանկանում, կա՛մ չի կարողանում այդ հարցերը լուծել։

Արցախի իշխանություններին մեղադրել չի կարելի, նրանք անում են ամենը, ինչ իրենցից է կախված, բայց տվյալ դեպքում Ադրբեջանն անցակետ է դրել միջանցքում, իսկ այդ հարցի լուծումն ունի միայն մեկ ճանապարհ՝ ռազմական, որին ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախն այս պահին պատրաստ չեն։ 

Դիվանագիտական առումով էլ հարցի լուծումն իրատեսական չեմ համարում, որովհետև Ադրբեջանը հայտարարում է, որ անցակետն իր տարածքում է տեղադրել։ Այնպես որ, այս պահին մենք փակուղային իրավիճակում ենք հայտնվել, ցավոք սրտի, ու ես չեմ ուզի այս հարցում մեղադրել Արցախի իշխանություններին, նույնիսկ Հայաստանի իշխանություններին չեմ կարող մեղադրել, որովհետև մենք այս պահին ակնհայտորեն պատրաստ չենք ռազմական ճանապարհով Ադրբեջանի հետ այդ հարցը լուծելու։

– Բացառո՞ւմ եք խնդրի կարգավորումը դիվանագիտական ճանապարհով, պարո՛ն Վարդանյան։

– Այո՛, ես դիվանագիտական ճանապարհով էլ լուծում չեմ տեսնում, առաջիկա տարիներին պետք է համակերպվել այդ իրավիճակին, մինչև տեսնենք՝ ի՛նչ կստացվի։

– Այսինքն՝ մարդիկ օգտվե՞ն ադրբեջանական անցակետից, թե՞ այլ բան նկատի ունեք։

– Այլ ճանապարհ չկա, միայն Լաչինի միջանցքն է, որտեղ ադրբեջանցիներն անցակետ են տեղադրել: Երբ մեր ռազմական հնարավորությունները բավարար կլինեն, կկարողանանք վերացնել այդ անցակետն ու դրանից բխող հետևանքները, բայց այս պահին նման հնարավորություն չեմ տեսնում։ 

– Այդ անցակետից օգտվելու հանգամանքը ոմանք համարում են ադրբեջանական օրակարգի սպասարկում, Արցախի՝ Ադրբեջանի կազմում «վերաինտեգրում», ինչպես ասում է Ալիևը։ Դուք այսպես չե՞ք կարծում։

– «Վերաինտեգրում» այդտեղ ես չեմ տեսնում, իսկ ադրբեջանական օրակարգերին ենթարկվել, սա, ցավոք, առաջին դեպքը չէ, պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ թելադրել է օրակարգեր, և մենք ստիպված ենք եղել շարժվել այդ օրակարգով: Քանի դեռ թույլ ենք, ցավոք սրտի, այդ դեպքերը շարունակվելու են։ Այս հարցի լուծման միայն մեկ ճանապարհ կա, որ մենք պետք է ուժեղանանք, վերականգնվի ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, որպեսզի Ադրբեջանը չգնա նման քայլերի։

– Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ մյուս միջնորդ կողմերից նաև մեծ ակնկալիքներ չունեք։

– Իհարկե չունեմ, ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանն ասում է, որ իր տարածքում է անցակետ տեղադրել, միջնորդ կողմերն էլ ընկալում են Ադրբեջանի դիրքորոշումները: Իհարկե, արևմտյան կողմերից եղան հայտարարություններ, բայց դրանք կոշտ չեն, այսինքն՝ միջնորդ երկրներն էլ ընկալում ունեն, որ դա Ադրբեջանի իրավունքն է։ Կրկնում եմ՝ միջնորդ կողմերին ապավինելով՝ անցակետի հարցը չի լուծվի, դա միայն ռազմական ճանապարհով լուծում կստանա։

– Միջնորդ կողմերից ակնկալիքներ չունե՞ք նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։

– ԱՄՆ-ն բավականին աշխույժ ջանքեր է գործադրում, որպեսզի այդ հարցում լուրջ տեղաշարժեր լինեն, Ռուսաստանն ինչ-որ ջանքեր գործադրում է, բայց դրանք ավելի շատ իրավիճակային են։ 

– Պարո՛ն Վարդանյան, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը և՛ Արցախում, և՛ Հայաստանում ի՞նչ նպատակով է արվում այս փուլում։

– Մշտապես վախի ու ահաբեկման մեջ պահել Արցախի բնակչությանը, ստիպել, որ գնան «վերաինտեգրման» ճանապարհով, համակերպվեն այն մտքի հետ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ 

Նույնը նաև Հայաստանի մասով է՝ մշտապես ահաբեկված պահել, ճնշումներ գործադրել։ Այս ամենը կշարունակվի այնքան, քանի դեռ ռազմական բալանսը չենք վերականգնել։

– Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք այդ բալանսի վերականգնումը։

– Այո՛, ես տեսնում եմ այդպիսի հնարավորություններ, ջանքերը գործադրվում են հիմա, մեր ռազմարդյունաբերության մեջ կան որոշ հաջողություններ, որոնց մասին դեռևս չի բարձրաձայնվում։ Միտումները գնում են նրան, որ տեսականորեն ու գործնականում հնարավոր է ռազմական բալանսը վերականգնել, կամ գոնե ուժերի հարաբերակցությունը այդքան մեծ չի լինի, ինչպես հիմա է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am