Փաստերով գիտեմ, որ Ադրբեջանը պատրաստվում է գործողությունների. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմն ինչո՞ւ է վերջին օրերին գրեթե ամեն օր խախտում հրադադարը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ 

– Լարվածության աճը, էսկալացիայի ռիսկերի բարձրացումը սկսեցին ինտենսիվ բնույթ կրել, երբ նրանք մերժեցին Վաշինգտոնում հանդիպման առաջարկը, իհարկե նրանց պատճառաբանմամբ՝ պատճառը տեխնիկական էր, բայց ակնհայտ է, որ պատճառն ամենևին էլ դա չէր, ավելի լուրջ խնդիրներ կան: 

Դրան զուգահեռ՝ նրանք քարոզչադաշտում շրջանառության մեջ դրեցին Երասխում գործարանի կառուցման հարցը, թե իբր դա էկոլոգիական խնդիր է և այլն, ու մի քանի ուղղություններով սկսեցին կրակոցներ ու լարվածության աճ գրանցվել։ 

Էրդողանի այցի ժամանակ Բաքվից հնչած ուղերձները փաստում էին, որ նրանք գնալու էին այս լավածության աճին, որովհետև պարզ ու բաց տեքստով ասում էին՝ միջազգային իրավունքը չի աշխատում, «այսօր աշխատում են զենքը, ուժը», ու, ըստ էության, սա է Ադրբեջանի տրամաբանությունը։ 

Նույն ելույթները հնչեցին Պակիստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ու կարծես թե այդ ճակատը ձևավորվում է, ու փորձում է իր քաղաքականությունը իրականացնել Հարավային Կովկասում։ 

Եթե չեմ սխալվում՝ վաշինգտոնյան բանակցությունների հաջորդ փուլն էլ այս պահի դրությամբ հետաձգվել է, ու այս ամենին զուգահեռ նրանք ավելացնում են լարվածությունը տարածաշրջանում, որովհետև հասկացել են, որ ներկայիս իշխանությունների, բանակցողների դեպքում սա գործիք է, որպեսզի բանակցային գործընթացում արդեն ավելին կորզեն, քան նախատեսվում էր։ Նրանք այս գործիքից փորձում են մաքսիմալ օգտվել։

– Լարվածության ա՞յս մակարդակն է շարունակվելու, թե՞ ինչ-որ պահի Ադրբեջանը ռազմական լայնամասշտաբ գործողությունների է դիմելու։

– Չեմ կարող որևէ բան բացառել, ես փաստերով գիտեմ, որ Ադրբեջանը պատրաստվում է գործողությունների, դա երևում է և՛ հայտարարություններից, և՛ գնվող զինտեխնիկայի քանակից, և՛ բանակի ուղղությամբ կատարվող աշխատանքներից, զորավարժությունների քանակից, այսինքն՝ այդ ամբողջը փաստում է այն, որ Ադրբեջանը պատրաստվում է գործողությունների: Ե՛րբ ու ինչպե՛ս՝ դժվար է կանխատեսել, ընդ որում՝ այնպիսի քանակությամբ ռազմական տեխնիկա է ձեռք բերվում, որ դա միայն Հայաստանի համար չէ, ավելի հեռուն գնացող ծրագրեր ունեն՝ իմ դիտարկմամբ, իսկ դա կանխելու համար պատրաստվել է պետք։ Եթե մտածում ենք, որ ինչ-որ թղթով մենք պատերազմ ենք կանխելու, դա մեր մեծագույն միամտությունն է։ 

– Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ներկայացրել է այն սկզբունքային հարցերի շրջանակը, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս համաձայնության չեն եկել՝ հավելելով, որ աշխատանքները շարունակվում են այդ ուղղությամբ։ Տիկի՛ն Հայրապետյան, կողմերն այս հարցերի շուրջ համաձայնության կգա՞ն, գոնե մոտ ապագայում։

– Ես բացառում եմ, որ Ադրբեջանը զիջման կգնա, որովհետև երբ դու քո բոլոր խաղաքարտերը դնում ես հակառակորդիդ ձեռքը՝ հույսդ դնելով նրա բարեգթության վրա, դու հանգիստ ապրելու հնարավորությունից ես զրկվում։ Այսօր հարց պետք է առաջանա. ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում, երբ Փաշինյանը պատրաստ է հանձնելու Արցախը, վտանգելու Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան միջպետական սահմանները, ցանկացած հակապետական քննարկում ծավալելու երկրի ներսում՝ սկսած զինանշանի վրայի Արարատ սարից։ Որովհետև Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանի բանակցողը պատրաստ է ամեն զիջման, ու դա արվում է հենց զենքի ուժով, և զիջումների քանակն աճում է, որովհետև Ադրբեջանն ունի հեռուն գնացող նպատակներ։ 

Ես չգիտեմ՝ մենք Երևանում նստած արդյոք գիտակցո՞ւմ ենք, որ այսօր նույն Լաչինի միջանցքում, Ստեփանակերտում, մեծ հաշվով, որոշվում է նաև Հայաստանի ճակատագիրը։ Կարծում եմ՝ չենք գիտակցում, որովհետև եթե գիտակցեինք, ավելի սթափ կդատեինք։ Մենք մտածում ենք, նույն Նիկոլ Փաշինյանի քարոզը ո՛րն է, որ եթե Արցախի հայության ճակատագիրը հարցականի տակ դնենք, կփրկենք Հայաստանը, իսկ Ալիևն իր քայլերով ապացուցում է, որ ինչքան շուտ մենք հրաժարվենք Արցախից, այնքան կարագացնենք Հայաստանի կործանման գործընթացը։ 

– Մենք հիշում ենք, որ որոշ ժամանակ առաջ կողմերը հայտարարեցին, թե լուրջ առաջընթաց կա խաղաղության պայմանագրի կնքմանը միտված գործընթացում, եթե փոխարտգործնախարարն արձանագրում է, որ սկզբունքային հարցերը դեռ համաձայնեցված չեն, ապա ի՞նչ առաջընթաց նկատի ունեին, ըստ ձեզ։

– Այդ հայտարարություններով հիմնականում փորձ էր արվում թոզ փչել միջազգային հանրության աչքերին, թե տեսեք՝ մենք մեր հանրություններին ներկայացնում ենք, որ մոտ ենք պայմանագրի ստորագրմանը , բայց պետք է հասկանալ, որ այդ ամբողջ դիսկուրսը ադրբեջանական էր, այսինքն՝ իրենք են այդ թեման շրջանառել, դրանով իրենք մեծապես վնասել են անգամ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ թղթին, ու Փաշինյանը մտել է այդ գործընթացի մեջ՝ չհասկանալով վերջնարդյունքը, չհաշվարկելով, թե ո՛ւր է տանում երկիրը, ու այդ ամենն ի՛նչ հետևանքների է հանգեցնելու։ Ու նաև միջազգային հանրությունը գնաց այդ օրակարգով, դրա համար էլ Ադրբեջանի ախորժակը լավ էլ բացվել է։ 

– Այսօր Ադրբեջանի գերնպատակը ո՞րն է։

– Կարծում եմ՝ Նախիջևան-Ադրբեջան ճանապարհի ձեռքբերումն է, որը նաև Թուրքիայի հետ իրենց կապը կապահովի, ու դրան զուգահեռ նաև փորձել հայերին դուրս հանել Արցախից, այսինքն՝ այդ խնդիրը հնարավորինս արագ փակել, որ 25 թվականին այլևս որևէ կերպ չբարձրաձայնվի ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալու հարցը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am