Լաչինի միջանցքն ամբողջովին փակել են նույնիսկ ռուս խաղաղապահների համար. Ադրբեջանը նոր պայման է դրել նրանց առջև. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում սպասվում է իր ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։ Էական արդյունքներ կարելի՞ է սպասել, եթե նկատի ունենանք ադրբեջանական կողմի որդեգրած դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման ու Արցախի հարցի վերաբերյալ։

– Մեկ հանդիպումով ոչինչ չի փոխվելու, սա մեծ ջանքեր պահանջող երկարատև գործընթաց է, ու դրա համար բավականին մեծ աշխատանք պետք է արվի։ Ակնհայտ է մի բան, որ ԱՄՆ-ում բավականին լրջորեն են տրամադրված ու փորձում են ամեն ինչ անել, որ այս կոնֆլիկտն իսկապես լուծվի՝ ի տարբերություն ռուսական կողմի, որն այնքան էլ շահագրգռված չէ, որ հակամարտությունը լուծվի։

– ԱՄՆ-ի այդ շահագրգռվածության վերաբերյալ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կան կարծիքներ, որ այս պետության դիրքորոշումը չի բխում մեր շահերից, քանի որ ԱՄՆ-ն առաջարկում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

– ԱՄՆ-ն այս պահին հանդես է գալիս որպես գործող աշխարհակարգի պահպանման ջատագով, այն է, որ ցանկացած պետության տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, ինչը միայն Ադրբեջանին չի վերաբերում։ Այս խնդիրն ավելի ակնհայտ դարձավ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո, հիմա առավել քան երբևէ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ պետությունների տարածքային ամբողջականությունը չխախտվի։ 

Այս առումով, այո՛, նրանց դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի, բայց մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի վրա կան շատ մեծ ճնշումներ, որպեսզի հստակ միջազգային երաշխիքներ տա, որ Արցախում ապրող հայերի իրավունքները կպաշտպանվեն, ու նաև միջազգային մեխանիզմների ներքո տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։

– Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից, որի ժամանակ քննարկվել են Արցախին վերաբերող հարցեր, ի՞նչ ակնկալենք։ 

– Որևէ լուրջ ակնկալիք չունեմ, որովհետև նման բազմաթիվ հեռախոսազանգեր են տեղի ունեցել վերջին մի քանի տարվա ընթացքում, ու մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն աստիճանաբար ռուս խաղաղապահներին հաշվի չի առնում:

Ասեմ, որ վերջերս նրանք նույնիսկ արգելել են Հայաստանի տարածքով ռուս խաղաղապահների մուտքը դեպի Արցախ, նույնիսկ այդ հերթափոխն իրականացնելը թույլ չեն տալիս, նոր պայման են դրել ռուս խաղաղապահների առջև, որ նրանք կարող են գալ Արցախ միայն Ադրբեջանի հյուսիսով՝ Դաղստանից դեպի Բարդա, այնտեղից էլ՝ Արցախ, այսինքն՝ Լաչինի միջանցքն ամբողջովին փակել են նույնիսկ ռուս խաղաղապահների համար։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանն այլևս բացարձակապես չի վերահսկում Լաչինի միջանցքը, և որ Ադրբեջանը, մեծ հաշվով, այլևս Ռուսաստանին էլ հաշվի չի առնում: 

– Այդ դեպքում Հայաստանն ու Արցախն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

– Մենք իրականում շատ ծանր վիճակում ենք հայտնվել․ այս փուլում կա երկու տարբերակ՝ գնալ ռազմական ճանապարհով, որին պատրաստ չենք, երկրորդ տարբերակն էլ այս զրկանքներին դիմանալն է, մինչև տեսնենք, թե ի՛նչ կլինի։

– Պարո՛ն Վարդանյան, միջնորդ մյուս երկրներից և՞ս ակնկալիքներ ունենալը միամտություն է։

– Միջանցքի բացումը եթե նկատի ունեք՝ այո՛, ակնկալիքներ չպետք է ունենալ, որովհետև, ինչպես տեսանելի է, նրանց հորդորներն ու հեռախոսազանգերը չեն աշխատում։

– Ստացվում է, որ Արցախի իշխանության ու ժողովրդի սպասելիքները ռուսական կողմից չե՞ն կարող իրականանալ։

– Իհարկե, Արցախում դա վաղուց պետք է հասկանային, ցավոք, նոր-նոր են հասկանում։

– Ռուսաստանը չի՞ ուզում, թե՞ իսկապես ի զորու չէ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։

– Նախկինում կարծում էի, որ չեն ցանկանում, բայց հիմա սկսել եմ մտածել, որ չեն կարողանում, բայց չեմ կարող ասել պատճառը կամ պատճառները որոնք են, բայց փաստն այն է, որ ադրբեջանցիները նույնիսկ միջանցքի վերահսկողությունն են խլել ռուսների ձեռքից։

– Պարո՛ն Վարդանյան, այս համատեքստում, ինչի մասին խոսեցիք, ընթացող բանակցություններն արդյունավետ կարո՞ղ ենք համարել։

– Բանակցություններն արդյունավետ կարող ենք համարել միայն այն առումով, որ դա մեզ որոշակի ժամանակ է տալիս, որպեսզի այս փուլում լայնամասշտաբ պատերազմ չլինի, բայց այն առումով, որ ստորագրվելու է խաղաղության պայմանագիր, կամ հակամարտությունը լուծվելու է՝ չէ։ Ասացի, որ մեզ որոշ չափով ժամանակ է տալիս, բայց պարզ չէ՝ այդ ժամանակը մե՞ր օգտին է, թե՞ նրանց, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանը ձեռքերը ծալած չի նստում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am