Կան քայլեր, որոնք կարող են ավելացնել Արցախի ինքնուրույն միջազգային քաղաքական դերն ու կշիռը, կան նաև լուրջ ռիսկեր. Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է հեռու մնա «սադրիչ քայլերից, աջակցի Աղդամի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը, որոնք առաջարկել է ադրբեջանական կողմը», հայկական կողմն էլ շարունակում է պնդել, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի մասով պայմանավորվածություն ձեռք չի բերվել Բրյուսելում, ինչպես Ադրբեջանն է հայտարարում: Հակասական այս պնդումներն ինչի՞ մասին են վկայում, եթե նկատի ունենանք նաև, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, իսկ միջնորդ երկրների կողմից այն բացելու առարկայական քայլեր չեն նկատվում:

– Այս ամենը վկայությունն է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանից կտրելու հետևողական նպատակադրման։ Ցավալիորեն, Բրյուսելում Բաքվի նկրտումների աջակիցը դարձավ նաև ԵՄ բարձրագույն պաշտոնյաներից մեկը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ 

Ելնելով վարչապետ Փաշինյանի պնդումից, ըստ որի ինքը Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը մարդասիրական նպատակներով օգտագործելու հարցի քննարկմանը չի մասնակցել դրա համար մանդատ չունենալու պատճառով, ստացվում է, որ քննարկումը տեղի է ունեցել Ալիևի ու Միշելի միջև, և վերջինս էլ հավանություն է տվել այդ տարբերակին։ Այս իրավիճակում, եթե Բերձոր/Լաչինի մարդասիրական միջանցքի անխոչընդոտ աշխատանքը չվերականգնվի, չվերացվի ադրբեջանական սահմանապահ անցակետը, ապա ճգնաժամը կարող է վերածվել բախումների։

– Հետևելով միջազգային հանրության կողմից բանակցություններին տրվող հայտարարություններին՝ կարո՞ղ ենք ասել, որ միջազգային հանրությունը Արցախի մասով ևս կողմ է այն օրակարգին ու լուծմանը, որն առաջարկում է Ադրբեջանը, նկատի ունեմ արցախահայությանը «Ադրբեջանին ինտեգրելը»:

Բոլոր այն հայտարարությունները, որոնք չեն հաստատվում դրանցում առկա պահանջը նաև կոնկրետ գործողությունների միջոցով կյանքի կոչելուն ուղղված հաստատակամ պահվածքով, ունակ են է՛լ ավելի խորացնելու ճգնաժամը։ Առայժմ իրենց խոսքը գործ չէ, և հենց այս պահվածքն է Ադրբեջանին քաջալերում ավելացնելու ճնշումը Արցախի նկատմամբ։ Անատամ կոչերը նախագահ Ալիևի անպատժելիության երաշխիքի խոստում են պարունակում։ Կոչերի հեղինակները գիտեն, որ Բաքվի տիրապետության տակ հայտնված հայերի «ինտեգրումն» ադրբեջանական կատարմամբ կնշանակի հայերի բնաջնջում։

– Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս հասկանալ այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը մանդատ չունի Արցախի ապագայի վերաբերյալ հարցեր որոշելու, բայց բանակցությունների ընթացքում, այնուամենայնիվ, հայկական կողմի ներկայությամբ քննարկվում են նաև Արցախի Հանրապետությանն առնչվող հարցեր, կամ երբ հայտարարեց, թե տեղյակ է եղել, որ Բրյուսելում քննարկվում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի հարցը, բայց ինքը, ըստ էության, ոչինչ չի ասել այդ մասով:

– Հավանաբար, վարչապետ Փաշինյանը ելնում է նրանից, որ իրավասու է խոսելու միայն 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ներառված դրույթների շուրջ։ Այդ հայտարարության մեջ կան Բերձորի/Լաչինի միջանցքի և դրա գործողության ռեժիմի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ և ոչ մի խոսք՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի մասին։ 

Այսպիսով, ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանը գործում է՝ հիմնվելով բացառապես եռակողմ պայմանավորվածությունների վրա, մինչդեռ նախագահ Ալիևն իր գործողություններում իրեն լիովին ազատ է զգում։ Այնքան ազատ, որ վերոհիշյալ պայմանավորվածությունները կատարելու ոչ մի ցանկություն չի դրսևորում։

Այն իրավիճակում, որում այժմ գտնվում է Արցախի Հանրապետությունը, միայնակ կարո՞ղ է իր ապագային վերաբերող հարցերը լուծել, ինչպես հայտարարում է հայկական կողմը, Բաքվի հետ երկխոսելու միջոցով, հատկապես երբ գիտենք, թե Բաքուն էլ ինչ պայմաններով է ցանկանում երկխոսել Արցախի հետ:

– Իրավիճակն այնպիսին է, որ Արցախի Հանրապետությունն այլ ճանապարհ չունի՝ ստիպված է ապավինելու նախևառաջ սեփական ուժերին ու ռեսուրսներին։ Շատ բարդ ճանապարհ ունեն անցնելու Արցախի ժողովուրդն էլ, իշխանությունն էլ։ Կան քայլեր, որոնք կարող են ավելացնել Արցախի ինքնուրույն միջազգային քաղաքական դերն ու կշիռը։ Կան նաև լուրջ ռիսկեր։ Ոչ մեկն այսօր Արցախին որևէ երաշխիք չի տա, այդ երաշխիքները կարող են ձևավորվել միայն արցախցիների ազատ ապրելու համառ հետևողականության ու խելամիտ քայլերի համադրման շնորհիվ։

– Հայկական դիվանագիտությունն ի՞նչ քայլեր պետք է անի, որպեսզի իրավիճակը հօգուտ Արցախի փոխվի, ու արդյոք հիմա կա՞ դրա հնարավորությունը, թե՞ հայկական կողմի հետ ոչ ոք արդեն հաշվի չի նստում, ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ:

Իմ գնահատականով՝ իրավիճակի վրա ազդելու հնարավորությունները պահպանվում են, այդուհանդերձ ձեռնպահ կմնամ հրապարակավ իշխանություններին խորհուրդներ տալուց։

Ռուսաստանին ձեռնտո՞ւ է, որ Արցախն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Ձեր տպավորությամբ՝ Մոսկվան անո՞ւմ է քայլեր, որ Արցախը շարունակի մնալ հայկական՝ բնականաբար, իր շահերից ելնելով: Ընդհանրապես, պաշտոնական Մոսկվան ի՞նչ տեսլական ունի Հարավային Կովկասում իր ներկայությունը պահելու հարցում, ըստ ձեզ:

– Կարծում եմ, որ առաջիկա մեկ-երկու ամիսները վճռորոշ կլինեն Հարավային Կովկասում ռուսների մնալ-չմնալու հարցում։ Իհարկե Մոսկվան ունեցել է սեփական աշխարհաքաղաքական նախագիծը, որը ներառում էր նաև մեր տարածաշրջանում իր դիրքերը վերականգնելու ծրագիր։ Այդ ծրագիրն այժմ, իմ կարծիքով, այլևս իրագործելի չէ։ Ավելին՝ այստեղ մնալու համար Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է արմատապես վերանայի սեփական մոտեցումները, դրանց հիմքում ընկած փիլիսոփայությունը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am