«Մեր հասարակությունն այդքան էլ տրամադրված չէ վերլուծելու, շարժվում է վախերով, մինչև վախերից չես հրաժարվում, ազատ չես դառնում». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

– Պարո՛ն Բաբայան, Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր ուժերի մոբիլիզացիայի ու փողոց դուրս գալու սցենարի մասին է հիշատակել։ Ըստ ձեզ՝ հասարակությունը կարո՞ղ է դուրս գալ փողոց ու նման ուժերի սատարել։

– Չգիտեմ՝ ինչքան մարդ դուրս կգա փողոց, բայց կա մեկ պարզ ճշմարտություն, որ նույն գետը երկու անգամ մտնել հնարավոր չէ։ Եթե Հայաստանում նույնիսկ ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան, ապա տեղի կունենան դեպի ապագա, ոչ թե դեպի անցյալ։ 

Լավ խոսք կա, որ անցյալ վերադառնալ պետք չէ, նախևառաջ այնտեղ ոչ ոք չկա այլևս։ Մենք գիտենք, որ նման փորձեր եղել են, բայց կարծում եմ՝ դրանք միշտ եղել են դատապարտված, և շահել է միայն նա, ով ինչ-որ նոր գաղափարներ է առաջարկել, նոր մոտեցումներ, այլ ոչ թե վերադարձ դեպի հինը։ 

Մարդն այնպես է ստեղծված, որ նույնիսկ իր ամբողջ նոստալգիկ հիշողություններով հանդերձ, միևնույն է, ձգտում է դեպի ապագա, դեպի նոր։ Նոր ասելով՝ նկատի ունեմ դեպի նոր գաղափարներ և նոր անձեր։ Այնպես որ, չեմ կարծում, որ հետ վերադարձի այդ փորձը կարող է արդյունավետ լինել և մեծ հավակնություն ունենալ։ 

Քանի որ ինքս այդքան ակտիվ չեմ քաղաքական գործունեության մեջ, բայց կարող եմ ասել մեկ բան, որ քաղաքական շերտը շատ ակտիվ է, բայց մեծամասնությունը հիմնականում այս ամենի մեջ չի մտնում։

– Այսինքն՝ մարդիկ անտեսո՞ւմ են նման կոչերը։

– Այո՛, ավելի շատ անտեսում են։ Ֆեյսբուքյան ակտիվությունը տպավորություն է ստեղծում, որ ժողովուրդը ակտիվ է, բայց իրականում այդպես չէ։ Իրականում ժողովրդի մեծամասնությունը շատ ավելի հանգիստ է մոտենում այս ամենին։ 

Մարդիկ պահանջում են նոր գաղափարներ։ Եվ կարծում եմ՝ նրանք, ովքեր պետք է գան փոխարինելու այս իշխանություններին, չգիտեմ՝ դա երբ կլինի, շատ կարևոր է, որ նոր գաղափարներ ու նոր անձեր լինեն։

– Այսինքն՝ նախկին իշխանության ներկայացուցիչների փողի ռեսուրսը չի՞ կարող այլևս դեր խաղալ։ Տեսանելի է, որ նրանք հույս են կապում նաև փողի ռեսուրսի հետ։

– Ո՛չ, ես շատ ավելի լավ կարծիքի եմ մեր հասարակության մասին։ Որ հասարակությունը կարելի է փողով գնել և տանել իր հետևից կամ ինչ-որ միջազգային կառույցների կամ օտար ուժերի միջոցով, ես դրան այդքան էլ չեմ հավատում։ 

Այդպես չէ, մարդիկ շատ ավելի լուրջ են վերաբերվում իրենց ապագային։ Այսինքն՝ ես կարծում եմ՝ Հայաստանում դեպի անցյալ վերադարձը դատապարտված է։

– Վերջին շրջանում բուռն քննարկվում է Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու հարցը։ Որոշ շրջանակների կողմից կարծես մանիպուլացվում է թեման, մարդկանց մեջ կարծես վախեր ներշնչելով՝ փորձում են բացասական կարծիք ձևավորել հարցի շուրջ։ Եվ ընդհանրապես, տեսանելի է, որ ժամանակ առ ժամանակ մարդկանց մեջ տարբեր թեմաներով վախեր են ներշնչվում։ Սա ինչի՞ հետևանք է։

– Կարծում եմ՝ դուք շատ լավ բառ օգտագործեցիք՝ վախեր։ Մենք զգում ենք, որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ վախեր են շոշափվում, մեկ՝ մասոնների, մեկ՝ չգիտեմ ինչի շուրջ։

– «Գենդեր» բառից են վախենում…

– Այո՛։ Մարդու կյանքը տրված է այդ վախերը հաղթահարելու համար։ Եվ երբ մենք խոսում ենք քաղաքակրթական ընտրության մասին, ամենակարևորն այն է, որ մարդը պետք է հաղթահարի, որովհետև վախերը մարդուն զրկում են անհատականությունից, սեփական «ես»-ից։ Չեմ կարծում, թե որևէ բանի կարելի է հասնել վախերով։ Ես համաձայն եմ՝ մանիպուլյացիայի շատ մեծ տոկոս կա։

– Եվ կարծես մարդկանց որոշ խումբ տրվում է այդ վախերին, այդպես չէ՞։

– Իհարկե տրվում են։ Երևի դա կրթության պակասի հետևանք է, որ տարիներ շարունակ մեր երկրում եղել է, երբ դպրոցներում ոչ թե սովորեցնում են վերլուծել, այլ ինչ-որ բան անգիր անել։ 

Եվ, ցավոք սրտի, մենք դրա պտուղներն այսօր քաղում ենք։ Մեր հասարակությունն այդքան էլ տրամադրված չէ վերլուծելու, ավելի շատ շարժվում է վախերով։ Վախերը շատ հասկանալի բաներ են, բնորոշ են մարդուն։ Բայց երևի թե մեզ տրված է կյանք նրա համար, որ կարողանանք այդ վախերը հաղթահարել, ձերբազատվել դրանցից։ Մինչև վախերից չես հրաժարվում, դու ազատ չես դառնում։

– Մեր հասարակությունը պատրա՞ստ է ձերբազատվել այդ վախերից։

– Այդ ուղղությամբ անելիք կա միշտ ու ցանկացած հասարակության մեջ։ Եվ սա պետք է լինի առաջին անելիքը, եթե մենք ուզում ենք կառուցել իսկապես անկախ ու ինքնիշխան պետություն, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մեր հասարակությունը վախերից հրաժարվի։

Եվ ևս մեկ կարևոր բան կա. ես կարծում եմ՝ պետականության գաղափարը պետք է շատ ավելի հզոր լինի, քան պարզապես համայնքային մտածողության։ Այն, ինչ մենք հաճախ ներկայացնում ենք որպես ազգային արժեք, էլի մանիպուլյացիայի հարց է։ Բարոյականությունը անհատական, անձնական հարց է։ 

Չկան բարոյական և անբարոյական արժեքներ։ Բարոյականությունը շատ անձնական հարց է և բացարձակապես կապված չէ այդ տեսակի մանիպուլյացիաների հետ։ Ես այստեղ տեսնում եմ խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ՝ կրթելու մեր հասարակությունը։ 

Ինչքան մարդ կիրթ է ու մշակութային, այնքան ավելի հեռու է վախերից, որովհետև այդքան ավելի ազատ է։ Վախեր միշտ կգտնվեն, եթե մարդ իր միջից այդ վախերը հանում է, սկսում է շատ հանգիստ վերաբերվել այդ ամենին ու իսկապես վերլուծել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am