Ամեն մեկն իր շահն էր սպասարկում, իսկ մենք գնացել ողորմություն էինք խնդրում ՄԱԿ-ի ԱԽ նիստում. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

 – Պարո՛ն Սահակյան, ի՞նչ տվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, ինչպե՞ս եք գնահատում հնչած ելույթները: 

– Բարոյական հաղթանակի նման ինչ-որ մի բան էր, ուրիշ ոչինչ: Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հստակ գործնական արդյունքներ էինք ուզում, դրանից առաջ պետք էր տնային աշխատանք արվեր: Մեր կառավարությունը, դիվանագիտությունը պետք է համապատասխան աշխատանք տանեին այն երկրների հետ, որոնց շահերը համընկնում են մեր շահերին, ու փորձեին չեզոքացնել ռուսական ու թուրքական կողմերին, տքնաջան աշխատանք պետք է տանեին, որ արդյունք ունենայինք: 

Արդյունքում ունեցանք այն, որ մի քանի պետություններ, իրենց շահերից ելնելով, տվեցին գնահատականներ, որոնք ականջահաճո էին հայերի համար, բայց ընդամենն այդքանը, իսկ Ռուսաստանն էլ ամբողջությամբ ադրբեջանական շահերի պաշտպանության դիրքերից էր հանդես գալիս: Այսինքն՝ աշխարհը հստակ դիրքավորված՝ ամեն մեկն իր շահն է սպասարկում, իսկ մենք գնացել ինչ-որ ողորմություն էինք խնդրում: ՔՊ-ն այդպես էլ չհասկացավ, որ հայտարարություններով հարց չի լուծվում, գործ պետք է արվի: 

– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ այդ նույն նիստից առաջ ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, թե Արցախում մարդկանց համար «ուղիղ սպառնալիք չկա»:

– Դա հայկական պետական շահերի ոտնահարում էր, հակապետական գործունեություն էր, դա ադրբեջանական շահի սպասարկում էր, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի:

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է նման բան անում:

– Ավելի լավ է նրան հարցնեք, չգիտեմ: Օրինակ՝ եթե ես հիմա գոռամ՝ կեցցե՜ Ալիևը, ինչի՞ համար եմ անելու, ինչ-որ մի բանով պետք է մոտիվացված կամ պարտավորված լինեմ, չէ՞: Ուրեմն ինքը ինչ-որ պարտավորվածություն ունի նրանց առաջ, չեմ ուզում ենթադրությունների դաշտ մտնել, բայց ակնհայտ է, որ դա հակահայկական գործունեություն էր: Ակնհայտ է, որ այնտեղ մարդկանց մորթում են, սպանում են, իսկ Նիկոլն ասում է՝ չէ՛, Ալիևը ճիշտ է: Կամ ինքն Ալիևի, Պուտինի ու Մարգարիտա Սիմոնյանի հետ նույն դաշտում է խաղում՝ մեր դեմ, կամ գուցե մոլորյալ է, ի՛նչ իմանամ:

– Պարո՛ն Սահակյան,  ի՞նչ է սպասում արցախահայությանը:

– Եթե մենք հրաժարվում ենք մեր շահերից, մենք ոտնահարվելու ենք, իսկ Ադրբեջանն իր ընդգծված դաշնակիցների հետ համատեղ, մեր դեմ երեք պետություն է աշխատում՝ Թուրքիա, Ռուսաստան ու Ադրբեջան, ոչնչացնելու է Հայաստանի պետականությունը: Արցախը՝ որպես Հայաստանի պետականության մի մաս, արդեն ոչնչացրեցին, հետո Սյունիքի հարցն են լուծելու, տակն էլ բան չի մնալու: Առաջին հանրապետության հանձնումն ինչպե՛ս է եղել, որ դաշնակցականները կարմիր բանակին հանձնեցին, այդ նույն բանը հիմա է լինում: Ուղղակի անուններն են փոխվել, քաղաքականությունն անփոփոխ է տարածաշրջանում, նրանց շահերը չեն փոխվել:

– Ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը:

– Պետք է պայքարի ու կռվի իր իրավունքների համար, հենց հիմա տարատեսակ քաղաքացիական շարժումներ, ո՛չ հրապարակում ու ո՛չ Մարգարիտա Սիմոնյանի կոչերով, տարբեր տեղերում հավաքվում են, մարդիկ փորձում են ինքնակազմակերպվել ու հասկանալ՝ ով ինչ կարող է անել: Հենց կարողացանք այդ հարցը լուծել, կինքնակազմակերպվենք ու իրավիճակը կվերցնենք մեր ձեռքը: 

Հայաստանի կառավարող ուժն այլևս իրավիճակին չի տիրապետում, չունի քաղաքացիների աջակցությունը, ինչը ցույց տվեց Երևանի ավագանու ընտրությունը: Այսինքն՝ իշխանությունն այսօր ընկած է գետնին, ու որևէ կազմակերպված ուժ հանգիստ կարող է իշխանությունը վերցնել Հայաստանում: 

Իհարկե կարևոր է, թե ո՛վ կվերցնի իշխանությունը, որովհետև եթե ռուսամետ զանգվածը գա իշխանության, լուծարելու են Հայաստանը ու դառնալու են ընդհանուր պետության մի մաս: Եթե Հայաստանի սուվերենության, հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկող ինչ-որ ուժեր գան, ապա պայքարը կշարունակվի, ու մենք հասնելու ենք հաջողության: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am