Այնքան կտրված են իրականությունից ու այնքան հրճված են իրենցով, որ էլ ոչ մի բան աչքներին չի երևում. Բորիս Նավասարդյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, այս օրերին տեղի ունեցողի մասով եմ ձեր դիտարկումները խնդրում. բռնի տեղահանված արցախահայությանն օգնելու նպատակով տարբեր անհատների գործունեությունը, ոմանց կարծիքով, նպաստում է, որ պատկան մարմիններն անգործության մատնվեն: Այս տեսակետի կրողների համոզմամբ՝ պետք չէ պետության գործառույթները անհատական մակարդակում իրականացնել, ինչը, ըստ նրանց, միայն վնասում է պետությանը: Համակարծի՞ք եք:

– Իհարկե ավելի լավ կլիներ, եթե այդ ամեն ինչով պետությունն արդյունավետ զբաղվեր, բայց հաշվի առնելով, որ, ցավոք, պետությունը և՛ 2020-ին, և՛ այսօր չի գտնվում իր բարձրության վրա ու չի փայլում կազմակերպվածությամբ, անհատները, կամավորները ստիպված են ներգրավվել այդ գործում, ու պետք է ասեմ, որ նրանց մոտ շատ ավելի լավ է ստացվում: Այնպես որ, կարծում եմ, որ եթե այդ անհատական նախաձեռնողականությունը չլիներ, արցախցիների վիճակը շատ ավելի վատ կլիներ: Ցավոք, մենք չենք կարող հույսը միայն պետական կառույցների վրա դնել:

– Պետական կառույցները չե՞ն կարող, թե՞ ուղղակի ցանկություն չունեն այդ աշխատանքներն անելու:

– Կարծում եմ՝ երկուսն էլ, որովհետև, ցավոք, պետական ծառայողների ու ղեկավարների մեծ մասի առաջնահերթությունները միանգամայն այլ են, նրանք ավելի շատ զբաղված են իրենց անձնական, քան պետական ու հանրային նշանակություն ունեցող հարցերի լուծմամբ: Մյուս կողմից, իհարկե, կա կոմպետենտության տեսանելի պակաս, այսինքն՝ երկու հանգամանքներն էլ ազդում են նրանց գործունեության արդյունավետության վրա:

– Պարո՛ն Նավասարդյան, այս իրավիճակում նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողության համար պետական բյուջեից հատկացնել 87,318,000 ՀՀ դրամ, պետական պաշտոնյաների մտածողության ի՞նչի մասին է խոսում:

– Ոչ միայն այս իրավիճակի համար, այլև ընդհանրապես վերջին տարիների առումով պետք է ասեմ, որ Հայաստանն այն վիճակում չէ, որ պետական կառույցներն ու հանրային ծառայողներն իրենց թույլ տան շքեղ կյանք, ինչպիսին որ կա: Այն գործառույթը, որ իրենք պետք է կատարեն, այն մակարդակի վրա չէ, որպեսզի նման ռեսուրսներ ծախսեն պետական կառավարման ու այնտեղ աշխատող մարդկանց վրա, բայց մարդիկ մտածում են, որ եթե իրենք ընտրվել են, ուրեմն իրավունք ունեն ամեն ինչ անելու: 

Մեր երկրի պարագայում պետական կառույցներում անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք ունեն համեստություն, պատրաստ են զոհաբերության՝ առանց նման հավատարմության իրենց պարտականությունների նկատմամբ: Մենք դժվար թե լուծենք այն հարցերը, որոնք ծառացած են մեր պետության առաջ, առավելևս այն իրավիճակում, որում այսօր  մենք ենք, ու կարելի է ասել, որ հանրապետությունն ու մեր հասարակությունը մասամբ սգի պայմաններում են ապրում: Անպայման չէ, որ քո անմիջական հարազատը կամ բարեկամը լինի, որ դու սուգ պահես, մենք կորցրել ենք տարածքներ, բազմաթիվ մարդկանց, ու այս պայմաններում ամեն ինչ շատ ավելի համեստ պետք է կատարվի, այդ թվում նաև՝ այնպիսի արարողակարգ, ինչպիսին քաղաքապետի երդմնակալությունն է:

– Այդ դեպքում, ինչի՞ մասին է խոսում նման վերաբերմունքը: Սա արդյոք անտարբերություն ու արհամարհա՞նք է  սեփական քաղաքացիների նկատմամբ, երբ բազմաթիվ մարդիկ կացարանի ու սոցիալական լուրջ խնդիրների առաջ են կանգնած, իսկ պետությունն շուրջ 220.000 դոլար է ծախսում ինչ-որ արարողության վրա:

– Այո՛, ընդհանրապես վերաբերմունքը հանրության, քաղաքացիների նկատմամբ, իրենց պարտականությունների նկատմամբ համարժեք չէ այն իրավիճակին, որ մենք ունենք, այսինքն՝ այնքան կտրված են իրականությունից ու այնքան հրճված են իրենց քաղաքական հաջողություններով, որ էլ ոչ մի բան աչքներին չի երևում: 

Սա, իհարկե, շատ լուրջ խնդիր է, երբ չկա համապատասխանություն մարդկանց պատկերացումների ու այն մարտահրավերների, դժվարությունների միջև, որոնց առջև կանգնած է հանրապետությունը: Այս խեղումն արդեն պատմություն ունի մեր երկրում, և վատագույն ավանդույթները հաղթահարելու փոխարեն մենք, կարծես թե, արմատավորում ենք մեր հանրային կյանքում:

– Հետևանքները որո՞նք են լինելու:

– Հետևանքները մենք արդեն տեսնում ենք, այսինքն՝ այդ ամեն ինչի հետևանքն են այն խնդիրներն ու կորուստները, որոնք մենք ունեն: Այնպես չէ, որ մեր ղեկավարների վարքագիծը որևէ ազդեցություն չի թողել այն արդյունքների վրա, որ այսօր ունենք, ու, բնականաբար, խնդիրները ոչ թե լուծվելու են, այլ խորանալու են, եթե դասեր չքաղեն, իսկ առայժմ չեն երևում դասեր քաղելու նախադրյալները:

– Պարո՛ն Նավասարդյան, իսկ հանրային ընդվզում կանխատեսո՞ւմ եք:

– Չեմ սպասում, քանի որ մեր քաղաքացիները զբաղված են իրենց խնդիրների լուծմամբ, որոնք բազմաթիվ են: Կա խորացած պատկերացում, որ իշխանություններից առանձնապես ոչինչ չպետք է սպասել ու քո հարցերը պետք է քո կարողությունների ու հնարավորությունների շրջանակներում լուծես: 

Սա միգուցե կոմֆորտային պայմաններ է ստեղծում իշխանության ներկայացուցիչների համար, բայց չեմ կարծում, թե դա անվերջ է լինելու: Ամեն դեպքում, դժգոհության էներգիան կուտակվում է ու վաղ թե ուշ արտացոլվելու է ու լուրջ խնդիրներ է առաջացնելու հենց իշխանության ներկայացուցիչների համար: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am