Իմ շատ հայրենակիցներ ինձ ճիշտ չեն հասկանա, բայց բոլոր դժվարություններով հանդերձ ես գնահատում եմ որպես լավ տարի. Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 

– Պարո՛ն Աղազարյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող քաղաքական տարին Հայաստանի համար։

– Դժվար, ցավալի, երբեմն նաև՝ նորմալ իրադարձություններով լի տարի էր, ես ինքս անձամբ՝ որպես քաղաքացի, որպես պատգամավոր, գնահատում եմ լավ տարի, բոլոր դժվարություններով հանդերձ՝ ես գնահատում եմ լավ տարի։ 

Կդժվարանամ հիմնավորել, թե ինչո՛ւ եմ այդքան լավատեսորեն տրամադրված, որովհետև վախենամ, որ իմ շատ հայրենակիցներ ինձ ճիշտ չեն հասկանա, բայց յուրաքանչյուրս, եթե անալիզ անենք ու տեսնենք, թե ինչերի միջով ենք անցնում ու ինչ ճանապարհի սկզբին ենք, ապա ընդհանուր գնահատականը իրարից շատ չի տարբերվի։

– Այդ ճանապարհի սկի՞զբն է, որ ձեզ հիմք է տալիս, որ ասեք՝ անցնող տարին լավ տարի էր, չնայած ունեցած կորուստներին։

– Այո՛, այո՛։

– Կասե՞ք՝ այդ ի՛նչ ճանապարհի սկզբին ենք։

– Չեմ կարող ասել, որովհետև դեռ ցավ ու վիշտ կա, դեռ կորստի զգացողություն կա, հետևաբար ես կարող եմ ճիշտ չընկալվել։

– Պարո՛ն Աղազարյան, գալիք տարուց ի՞նչ ակնկալիքներ ունենա հայ ժողովուրդը, կորուստները կշարունակվե՞ն, թե՞ ոչ։

– Չէ՛, մենք՝ որպես պետություն, կորուստներ չենք ունենալու, ընդհակառակը՝ որոշակի կորցրած բաներ պետք է հետ բերենք։

– Կորցրած ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, օրինակ՝ մարդիկ կան, որ ասում են՝ Արցախը պետք է հետ բերենք։

– Ես այդ մարդկանց հաջողություն եմ ցանկանում, իսկ ես անձամբ ամեն ինչ անելու եմ Հայաստանի կայուն զարգացման, խաղաղության ու Հայաստանի հետ կապված կորուստների վերականգնման համար։

– Արցախի հետբերումն իրատեսական չե՞ք համարում։

– Ցավոք սրտի, ես իրատեսական չեմ համարում։

– Ձեր քաղաքական թիմի մեղքը կա՞ նրանում, որ Արցախի հետբերումն իրատեսական չեք համարում այլևս։

– Արցախի կորուստը ողջ հայ ժողովրդի կորուստն է, որովհետև յուրաքանչյուրս ունենք մեր մեղքի բաժինը, անձամբ ես՝ որպես պատգամավոր, իմ մեղքի բաժինն ավելի շատ է, քան ուրիշներինը։ 

– Ձեր քաղաքական թիմը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, ի վերջո, ո՛ր ուղղությամբ է հիմա տանում, պարո՛ն Աղազարյան։

– Վեկտոր փոխելը մենք սխալ ենք հասկանում, քաղաքական վեկտոր փոխելը հեշտ բան չէ, վեկտորն ունի և՛ ուղղություն, և՛ մեծություն։ Աշխարհի բոլոր երկրների ուղղությամբ էլ մենք ունենք վեկտոր, բայց մի երկրի նկատմամբ այդ վեկտորի մեծությունը մեծ է, մյուսինը՝ փոքր: Ժամանակի ընթացքում, պահպանելով ուղղությունները, այդ մեծությունները կարող են փոխվել, հետևաբար դա ստատիկ վիճակ չէ։ Մեր ու Ռուսաստանի միջև խնդիրներ կառաջանան, մեր վեկտորի մեծությունը կփոքրանա, բայց ուղղությունը կմնա, վաղը չէ մյուս օրն այդ խնդիրները կլուծվեն, ուրեմն վեկտորի մեծությունը նորից կմեծանա։ Այսպես պետք է նայել հարցին, ու եթե մենք իրականացնում ենք մեր քաղաքականությունը՝ որպես ինքնուրույն պետություն, ու դա այս կամ այն դրվագով որևէ պետության քաղաքական շահին կամ նպատակներին չի համապատասխանում, ապա դա չպիտի այդ պետության քաղաքական վերնախավի մոտ վայնասուն առաջացնի։ 

– Ռուսաստանի Դաշնությա՞նն եք ակնարկում։

– Այո՛, որովհետև որոշակի քայլերից հետո մենք ականատես եղանք, որ, ոչ պաշտոնական շրջանակները, բարեբախտաբար, այլ Ռուսաստանի ռազմաքաղաքական էլիտան վայնասուն էր բարձրացրել, մեր ժողովրդին փողոց էր հանում, խառնվել էր մեր ներքին գործերին, դա անթույլատրելի է։ Մյուս կողմից էլ՝ երկու երկրների հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն այդ երկու երկրներում տվյալ պահին ղեկավարի անձով, որովհետև նրանք ու բոլորս անցողիկ ենք, բայց երկրների հարաբերությունները կարող են դարերով շարունակվել։

– Հույսերը, որ ունեին ձեր որոշ թիմակիցներ, թե մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի, չարդարացվեցին։ Գալիք տարում դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանն Ադրբեջանի հետ կկնքի խաղաղության պայմանագիր՝ ոչ ադրբեջանական կողմի ցանկացած բովանդակությամբ։

– Եթե հիշում եք՝ անցած տարի էլ կար այդ հույսը, բայց ես և՛ այն ժամանակ, և՛ հիմա դրա համար նախադրյալներ չեմ տեսել, բայց 2024 թվականի հետ կապված՝ նախադրյալներ կան, այո՛։ Բայց նկատենք, որ խաղաղության պայմանագիրն այն փաստաթուղթը չէ, որ՝ եկեք կնքենք, վաղվանից խաղաղ ապրենք, այդպես չի լինում։

Խաղաղության պայմանագիրը կնքում են այն ժամանակ, երբ կողմերն իրենց հարցերը չեն կարողանում ուրիշ ձևով լուծել, ասում են՝ հերիք է իրար արյուն թափենք, եկեք նստենք ուրիշ խաղի կանոններ մշակենք, իրար հետ ապրենք, այդ դեպքում է լինում։ Եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ կկարողանա մեզ տարածաշրջանից վերացնել ու այդ կերպ խաղաղություն կհաստատի, ինքն այդ քայլը կաներ, բայց, բարեբախտաբար, չի կարողանում ու օր օրի դա դժվարանում է, որովհետև մենք էլ դրա դեմն առնելու քայլեր ենք անում, բայց որ խաղաղությունն այլընտրանք չունի, միանշանակ է: Մենք պետք է պատրաստ լինենք մեր հարևանների, թշնամիների հետ համակեցության կանոններով ապրել։

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am