Ալիևը գիտակցում է, որ Հայաստանում թևաթափ են, և ամեն ինչ անում է այս վիճակը խորացնելու համար. Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը 

– Պարո՛ն Մելիքյան, նկատի ունենալով Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցված հայտարարությունները, Հայաստանը պետք է պատրաստվի խաղաղության պայմանագրի կնքմա՞ն, թե՞ պատերազմի։  

– Մեր դեպքում տևական խաղաղության մասին խոսելն իրատեսական կլինի այն ժամանակ, երբ լիարժեք կերպով պատրաստ կլինենք հետ մղել մեր դեմ ուղղված ցանկացած ռազմական ագրեսիա։ Հայաստանի գործող իշխանությունների պահվածքն այսօր անհրաժեշտ վստահություն չի ներշնչում առ այն, որ իրենք հոգեպես պատրաստ և ունակ են ստանձնել դիմադրության արդյունավետ ղեկավարումը, կարող են համախմբել և ուղղորդել հայության առկա ներուժը։ 

Խորհրդարանական ընդդիմությունը ևս այդ ներուժը չունի։ Այս վիճակը մեր թշնամիներին՝ ուժով իրենց նպատակներին հասնելու մեծ գայթակղության առջև է կանգնեցրել։

– Ի վերջո, ի՞նչ է ուզում ադրբեջանական կողմն իրականում՝ կապված Հայաստանի հետ։

– Իրականում, Բաքվի համար երանելի տարբերակը Հայաստանի Հանրապետության ու տարածաշրջանի հայ բնակչության վերացումն է։ Ալիևը գիտակցում է, որ Հայաստանի թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունն ապակողմնորոշված ու թևաթափ են, և ամեն ինչ անում է այս վիճակը խորացնելու, մեր ներքին թուլությունը բազմապատկելու համար։

– Պարո՛ն Մելիքյան, հայկական կողմի արձագանքները Ալիևի հայտարարություններին համարժեք համարո՞ւմ եք։

– Հայաստանի իշխանությունների համարժեք պատասխանը միայն գործով կարող է դրսևորվել, մեզանում խոսքերին այլևս հավատացող չկա։ Առավել ևս, որ սպառնալիքների լեզվով խոսելու առարկայական հիմքեր Հայաստանի իշխանությունները չունեն։

– Հայկական կողմը կարո՞ղ է այնպես անել, որ Ադրբեջանին դիրքավորի՝ որպես տարածաշրջանային և նույնիսկ գլոբալ անվտանգության սպառնալիք, ինչի մասին խոսում են տարբեր փորձագետներ, դրա համար բավարար փաստեր կա՞ն։

– Ես գտնում եմ, որ դա դժվար թե արդյունավետ լինի։ Հավանաբար ավելի ճիշտ կլինի շեշտը դնել մեր սեփական որակների արդյունավետ փոփոխության վրա ու դրան զուգահեռ հակազդել ադրբեջանական կողմի ու վերջինիս դաշնակիցների՝ մեր շահերի դեմ ուղղված գործողություններին՝ անգամ դրանց նախապատրաստման փուլում։

– Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել։ Ռազմական գործողությունների վերսկսումը հավանական համարո՞ւմ եք։

– Տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում և հարակից շրջաններում ռազմական բախումների աշխարհագրությունն ընդլայնվում է, իսկ դրանցում ներգրավված միջազգային տարաբնույթ դերակատարների թիվը՝ ավելանում։ Հակամարտությունների նոր օջախներ են գոյանում, ու չի բացառվում, որ բռնության ալիքն ինչ-որ մի պահի կշոշափի նաև մեր սահմանները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am