Լևոն Քոչարյան. Թանկարժեք տղան

Լևոն Քոչարյան. Թանկարժեք տղան
Լևոն Քոչարյան. Թանկարժեք տղան

Հայրը հեսա-հեսա անկախ Հայաստանի ամենամեծ ոճիրներից մեկի պաշտոնական ամբաստանյալ է դառնալու, որդին նույն դատարանի դահլիճում ասում է՝ միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ գուցե:

Ես Լևոն Քոչարյանի աննրբանկատությունից եմ ուզում: Ու էդպես ապրում է մարդը: Նա, ում համար առյուծի և հազվագյուտ եղջերուի վրա կրակելը օրինաչափ որս է: Ուզում եմ հասկանալ՝ էդպես ո՞նց են ապրում, դա փողի՞ց է, դաստիարակության պակասի՞ց, թե՞ բնության «շնորհ» է: Դեռ մի կողմ, որ միլիոնատեր լինելու այլ «արժանիք» Լևոն Քոչարյանը չունի, բացի Ռոբերտ Քոչարյանի որդին լինելուց:

Բայց ինչքան տեսադաշտդ փակես քո «ակտիվներով», որ չհասկանաս՝ մարդիկ 100 հազար դրամ աշխատել չկարողանալու պատճառով հարյուր հազարներով հեռացել են երկրից, դու ո՞նց ես միլիոններ աշխատել:

Դու հասկանո՞ւմ ես ինչ ես խոսում:

Դու էդ արտագաղթածներին ներկայացնում ես այն ժամանակվա նախագահի խաղադրույքը՝ կամ ամբողջ ժողովուրդը, կամ՝ իմ որդին: Հասկանո՞ւմ ես ինչի մասին եմ խոսում: Միայն վերնաշապիկով Հայաստան եկած ու նախագահ դարձած մարդը պիտի կուսակրոն լիներ:

Որպեսզի այսօր ևս հավակներ իշխանության: Որպեսզի նրա վրա չծիծաղեին, երբ խոսեր ընդդիմադիր դաշտ ձևավորելու մասին: Պիտի կուսակրոն լիներ, որովհետև ուղղակի չի կարելի մեղավոր լինել որդու անունից, էդ որդին ապրելու է նաև քեզանից հետո, պարո՛ն նախագահ: Էդ որդին նույնպես երեխա է ունենալու, էդ երեխան պիտի ապրի ձեզանից հետո:

Եղեք թանկ, եղեք անգին, բայց Հայաստանը հանգի՛ստ թողեք: Ձեր արդարադատությունն իր սև գործն արել է, վերջում էդ արդարադատության վրա 10 զոհ եք դրել: Հիմա հանգիստ նստեք, թեկուզ ճաղերի տարբեր կողմերում:

Գիրք գրելով չէ, և հարազատ հոր գրած գրքի ամեն տառին հավատալով չէ: Գուցե ինքը սխալ ոչինչ չի ասում: Բայց սխալը կյանքն է, որով ապրել է: Սխալը որդու համար ապրելն է հենց այն պահին, երբ պետք էր ապրել Հայաստանի համար: Սխալը սիրո սխալ բալանսն է, Լևո՛ն ջան: Ու դա անաշխատ է դարձնում քո սերը: Որովհետև, հասկացանք, հայրդ է, բայց ո՞վ արտագաղթածներին ասի՝ հասկացեք, ձեր նախագահն էր:

Մինչև հիմա չհասկացա՞ք, թե ինչի համար ենք հավաքվել: Քո միլիոնները՝ քեզ, Լևո՛ն ջան: Միլիարդ դարձրու: Գնա ամբողջ Աֆրիկայի կենդանական աշխարհը ոչնչացրու, եթե կյանքդ այդպիսով իր ողջ ներդաշնակությունը կպոռթկա: Բայց դուք ընտանյոք մի օրգան պիտի որ ունենայիք, որպեսզի Հայաստանն զգայիք: Չզգացիք:

Ու երեկվա դատավարությանը դա երևաց՝ Սաքուլիկներն ի՞նչ գործ ունեն քո կողքին: Լևոն, չգիտե՞ս, որ էդ տղերքը նույնպիսի խայտառակություն են, դու քո հայրը չես, բայց քո հոր անունն ես, էդ մարդը քիչ բաներում չի մեղադրվում, հնարավորություն ստեղծեք արժանապատիվ միջավայրի: Բղավելով չէ, Գասպարիին խփելով չէ: Ձեր կողմնակիցների արածով վաղը ձեր իրավացիության մասին էլ չեք կարողանալու պատմել:

Լևոն, հասկանո՞ւմ ես, դու հանգիստ նստած ես դատարանի դահլիճում, խոսում ես «գուցե միլիոնատեր» լինելու մասին, իսկ այնտեղ մի տեղ Սաքուլիկն ու իր նմանները կոկորդ են պատռում: Ձեզնից ո՞ւմ հոր համար: Բազմահա՞յր են: Չի՛ հասկացվելու: Կամ հասկացվելու է միայն տեսարանի մեջ քո կամ Ռոբերտ Քոչարյանի վճարունակությունը: Բայց, ախր, ում ես ասում:

Ամենակարևորը՝ որ ի՞նչ:

Մհեր Արշակյան

MediaLab.am