Լավագույն այլընտրանքն իշխանության համար այս իրավիճակում իշխանությունից հրաժարվելն է.  Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, տևական ժամանակ է՝ ինչ իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոսում են Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին: Ադրբեջանի ղեկավարն էլ հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի, երբ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարվեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, ու եթե անգամ փոխվի Սահմանադրությունը, ի վերջո, այդ պայմանագիրը կկնքվի՞։

– Վերջից սկսեմ, նախ վստահ չեմ, որ այդ պայմանագիրը խաղաղություն հաստատելու համար երաշխիք է լինելու, ըստ այդմ՝ այդ պայմանագիրը երբեք, թմբկահարվող այդ խաղաղության դարաշրջանի համատեքստում, ռեալ իրականության մեջ չեմ համարել մեր պետության համար անվտանգության, կայունության երաշխիք։ 

Հիմա բացատրեմ, թե ինչու, որպեսզի չթվա, թե ուղղակի էմոցիոնալ բառերի զեղում է․ ակնհայտ է, որ մենք շարունակում ենք 44-օրյա պատերազմի հետևանքների գերին մնալ, ու սա Ադրբեջանի ու նաև, ըստ հրապարակային ելույթների, Թուրքիայի կապիտուլյացիոն պահանջների կատարումն է։ Մի դեպքում Թուրքիան ակնարկում է մեր զինանշանի մասին, Հռչակագրում ցեղասպանության վերաբերյալ հոդվածի մասին, Ադրբեջանը ակնարկում է Գերագույն խորհրդի հայտնի որոշման չեղարկման մասին, և Հայաստանի իշխանությունները, ձեռ ու ոտ ընկած, աշխատում են իրականություն դարձնել այս պահանջները։ 

Մնացած՝ պետություն, հայրենիք, Հայաստան և այլն, այդ ամեն ինչն ուղղակի, կներեք բառի համար, բայց թող ընթերցողին հենց այդ բառով էլ հասնի, մուտիլովկաներ են՝ մեր հասարակությանը մոլորեցնելու, խաբելու համար։ Բայց մենք գիտենք, որ խոսքն Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների ուղիղ կատարման մասին է, եթե առիթ ունենաք ծանոթանալ Սահմանադրության այն հայեցակարգին, որ այդ սահմանադրական հանձնաժողովը ներկայացրել է, ըստ էության, բացի մեկ-երկու նյուանսներից, սահմանադրական էական փոփոխություն չենք տեսնի։ 

Ստեղծվում է նոր Սահմանադրության ընդունման իմիտացիա, որի գերագույն նպատակը Անկախության հռչակագրից հրաժարվելն է, ու արդեն ակնհայտ է, որ դա ոչ թե մեր ազգային կենսական շահն է պահանջում, այլ՝ մեր թշնամի պետությունները։ 

– Իսկ այդ պահանջների կատարմանն ինչո՞ւ է լծվել իշխանությունը, ի՞նչ է ստանալու դրա դիմաց, որովհետև մենք տեսել ենք, որ բազմաթիվ զիջումներից հետո էլ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել։

– Ես կարծում եմ՝ զիջումներ, զիջումներ և նորից զիջումներ, այլ ակնկալիք, այլ հույս ես այս պահին չեմ տեսնում։ Կարծում եմ, որ այդ խաղաղության պայմանագիրը փաստաթուղթ է նորանոր, անընդհատ, պերմանենտ զիջումների մասին, որովհետև ձեզ տրված հարցազրույցներից մեկում ես հայտնել էի այսպիսի միտք, որ նախևառաջ մենք պետք է հասկանանք՝ այդ սահմանազատման՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացներն ուր են հասնում, որից հետո, այո՛, գնայինք խաղաղության պայմանագրի կնքմանը, երբ սահմանների հարցում չէինք ունենա այն անորոշությունը, ինչ որ կա։ 

Այլ բան կլիներ, եթե Ալիևն առաջարկեր ուժի կիրառումը բացառելու վերաբերյալ պայմանագիր կնքել, որից հետո ինչ-ինչ ժամանակահատվածներում փուլերով գնայինք սահմանազատման, սահմանագծման գործընթացներին, որից հետո արդեն կգնայինք խոր ու համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Բայց այն, ինչ հիմա արվում է Ալիևի պահանջով, երկու բանի կարող է բերել, չեմ կարող ասել՝ ո՛րն է լավագույնը, ո՛րը՝ վատագույն: Մի դեպքում դա կլինի անվերապահ կապիտուլյացիայի պայմանագիր, մյուս դեպքում, եթե մենք խուսափենք անվերապահ կապիտուլյացիայից, դա կլինի նոր կոնֆլիկտածին փաստաթուղթ, որը ուշ թե շուտ մեզ նորից կանգնեցնելու է կոնֆլիկտի առաջ, այսինքն՝ այս պայմաններում, մենք չենք կարողանալու ձեռք բերել այն կայուն խաղաղությունը, երբ որ մեզ թելադրում են ուժեղի դիրքից ու թելադրում են նոր զիջումներ անելու նախապայմանով։ 

– Իշխանությունն այլընտրանք ունի՞ չգնալ նոր զիջումների, պարո՛ն Խաչատրյան։

– Իհարկե ունի, լավագույն այլընտրանքն այս իշխանության համար իշխանությունից հրաժարվելն է։ Ես այս պահին չեմ կարող հարյուր տոկոսով պնդել, որ նոր իշխանությունն ավելի շահեկան վիճակում է հայտնվելու, բայց այնքանով, որքանով նոր իշխանությունը չի լինելու Ալիևին պարտված իշխանությունը, դա գոնե, ինչ-որ փոքրիկ, բայց մանևրելու հնարավորություն է տալու։ 

Նոր իշխանությունը, գուցե թե, հնարավորություն կունենա մեր պարտնյորների հետ այնպիսի պայմանավորվածությունների գալ, որը կզսպի Ադրբեջանի ախորժակը։ Եվ երրորդը, որն էլի կարևոր եմ համարում, այս իշխանությունն այլևս չի կարող կոնսոլիդացնել հայ ազգին արհավիրքի պահին, և Ալիևը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում կա մի իշխանություն, որը չունի այդ հնարավորությունը՝ վտանգի դեպքում կոնսոլիդացիայի, ինքնապաշտպանության կազմակերպման։ Սա փայլուն հնարավորություն է ստեղծում Ալիևի համար իր պահանջներն առավելագույնը թելադրելու։ 

Ցավոք սրտի, մենք պետք է պատրաստ լինենք մեզ համար անընդունելի պահանջների, բայց Ալիևը վստահ է, որ այդ պահանջները քննարկման ենթակա են այսօրվա գործող իշխանությունների մոտ։ Մի միտք կուզեի ավելացնել, որ չթվա, թե խաղաղությունը մերժելի հանգրվան է, մենք ամեն ինչ պետք է անենք խաղաղություն հաստատելու համար, բայց մենք պետք է հասկանանք դրա գինը, պետք է հասկանանք, որ այդ խաղաղության արդյունքում նախ՝ մենք հաստատում ենք իրական խաղաղություն, հարատև խաղաղություն, և երկրորդը՝ դա չենք անում սերունդների անեծքի տակ մնալու գնով, որովհետև կոնկրետ այսօր խոսքը միայն Սահմանադրության մեջ երկու-երեք դրույթի փոփոխության մասին չէ, խոսքն ընդհանրապես մեր պետականության, մեր սուվերենիտետը կախման ու հարվածի տակ դնելու մասին է։ 

– Ալեն Սիմոնյանը խոսել էր նաև օրհներգի ու զինանշանի փոփոխության անհրաժեշտության մասին, կարծում եք, սա՞ էլ է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը։

– Նույն կոնտեքստի մեջ, ես արդեն ասացի, որ Թուրքիան իր հավակնություններն ու պահանջներն է ներկայացրել։ Չեմ կարող ասել, թե օրհներգի փոփոխության մասով հավակնություններ են ներկայացրել, բայց խոսքն ընդհանուր առմամբ մեզ մեր արմատներից կտրելու մասին է։ Մեր թշնամիներն այսօր ուզում են մեզ կտրել մեր արմատներից։

– Պարո՛ն Խաչատրյան, հանրությունը «այո՛» կասի՞ նոր Սահմանադրությանը։

– Դա լինելու է քաղաքական գործընթաց, չէի ուզենա էմոցիոնալ գնահատական տալ կամ գուշակություններ անել, մանավանդ որ, սուբյեկտիվ է իմ վերաբերմունքը: Այդ հարցին, իհարկե, հետո կանդրադառնանք՝ տարբեր ասպեկտներով քննության կառնենք, բայց այն, ինչ իմ ցանկությանն է վերաբերում, պետք է ասեմ, որ դա ուղղակի անթույլատրելի կլինի։ 

Մեր ժողովուրդը այդ Սահմանադրության հանրաքվեով մեկ հարցի պետք է պատասխանի՝ մենք ենթարկվո՞ւմ ենք Ալիևի պահանջներին ու թույլ տալիս ենք, որ մեր համաձայնությամբ հատի բոլոր կարմիր գծերը, թե՞ չէ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am