Կասկած չունեմ, որ Փաշինյանը ռազմավարական ու հոգեբանական առումով հաշտվել է այդ գյուղերը հանձնելու մտքի հետ. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանի ծավալուն մամուլի ասուլիսի ասելիքը ո՞րն էր Հայաստանի քաղաքացիներին։

– Ես չեմ լսել Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ լուծում ենթադրող միտք, ռազմավարական հարցերի վերաբերյալ որևէ համակարգային մոտեցում, ճիշտ հակառակը՝ խուսանավելու, արդարանալու, ստեղծված կրիտիկական վիճակի պատասխանատվությունը բոլորի վրա բարդելու՝ բացառությամբ սեփական իշխանության, պատասխանատվությունից խուսափելու, Հայաստանն աշխարհաքաղաքական կոնֆլիկտի գոտի դարձնելու հեռանկարի մասին գուժելու խոսք էր։ 

Այն գործընթացները, որոնց մեջ հայտնվել ենք այսօր, չափից դուրս կրիտիկական են, իսկ գործադիր իշխանության ղեկավարը չի տալիս այդ լուծումները, ինչը նշանակում է, որ մենք իսկապես հայտնվել ենք փակուղու մեջ։ Նախկին իշխանություններին մեղադրելով՝ նա փորձում է իր համար փրկօղակ գտնել նրանց մեջ, որովհետև մեղադրանքի սլաքներն ուղղելով նրանց կողմը՝ փորձում է հանրային տրամադրություն գեներացնել, որ ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, ինքը որևէ աղերս չունի դրանց հետ, այն, ինչ տեղի է ունենում, նախորդ տարիների տրամաբանական շարունակությունն է: Եթե այդպես է, ապա ինքն էլ նախորդների տրամաբանական շարունակությունն է, ու եթե նախորդները սկսել են, ինքն էլ ավարտում է այս մղձավանջը։ 

Ինձ համար շատ վտանգավոր էին Հայաստանի ինքնիշխան տարածքի շրջանակներում նրա՝ հնարավոր «անկլավային» գյուղերի վերադարձի մասին դատողությունները, գրեթե կասկած չունեմ, որ նա ռազմավարական ու հոգեբանական առումով հաշտվել է այդ գյուղերը հանձնելու մտքի հետ։ Չգիտես ինչ տերմիններ է օգտագործում, բայց պետք էր ընդամենը պարզ պատասխանել՝ այդ գյուղերը տալի՞ս է, թե՞ չի տալիս։ 

Մենք հայտնվել ենք մի վիճակում, որ Նիկոլ Փաշինյանի մոտ, ցավոք, ձևավորվել է այն համոզմունքը, որ ինչ էլ անի, իրեն կանգնեցնող, սաստող, արգելող ու զսպող չկա, ու ինչ անում է, ճիշտ է անում։ Մամուլի ասուլիսը լսելուց հետո, երբ տեսնում ես նաև, որ գրեթե այդ նույն ժամերին Ադրբեջանի նախագահը Շուշիում հյուրընկալում է Ղազախստանի նախագահին, որտեղ քննարկվում են ռազմավարական բնույթի հարցեր, միաժամանակ այս համապատկերում, երբ տեսնում ես մեր հասարակության լոյալ վերաբերմունքն այս իրավիճակի նկատմամբ, առաջին ռեակցիան այն է, որ մեր ժողովուրդն ընտրել է իրեն արժանի իշխանություն։ 

Ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանության գոյությամբ ու դրա պահպանմամբ Հայաստանն ամբողջովին ականապատված է։ Նրա կառավարման հետևանքով Հայաստանի պետականությունն է դրվել կասկածի տակ, մեզանից յուրաքանչյուրի գոյությունն է դրված կասկածի տակ։ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ մեր ժողովուրդն ընտրել է իրեն արժանի իշխանություն, ու գիտակցաբար օգտագործում է այդ հանգամանքը։ 

– Դրա համար էլ, ձեր ասած, ինչ ուզում՝ անո՞ւմ է։

– Այո՛, ինքն ինչ ուզում՝ անում է, իրեն սանձող չկա, բռնող չկա, նա փոշիացրել է քաղաքական դաշտը, քաղաքական դաշտի առաջին պլան է բերել հնարավոր ու անհնար բոլոր տեսակի վարկաբեկված, կասկածելի միմոսների, խեղկատակների, քաղաքական արկածախնդիրների, վախեցնում է ժողովրդին նախկինների վերադարձով։ Նրանց պատասխանատվության չենթարկելու ֆոնին՝ նրանց քաղաքական դիակից կենդանացնելով, գործոն սարքելով, մեր ժողովրդի վզին է փաթաթում։ Եթե Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին փաթաթեց մեր ժողովրդի վզին ու փախավ, հիմա էլ Փաշինյանն է Քոչարյանի տղային է մեր գլխին փաթաթում՝ վախեցնելու համար, որ ինքը նորից վերարտադրվի։ 

– Ասուլիսից հետո ուշագրավ դեպք եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին ազատելու հարցին…

– Ես ամաչում եմ, որ Հայաստանը ղեկավարվում է Ֆեյսբուքի, Վոթսափի, Մեսենջերի միջոցով, ամաչում եմ, որ պաշտպանության նախարար-վարչապետ հարաբերությունները կառուցված են էլեկտրոնային ձայնային հաղորդագրությունների վրա։

Երբ Նիկոլ Փաշինյանը Կարապետյանին աշխատանքից ազատում էր, շնորհակալություն էր հայտնում նրա աշխատանքի համար, փաստորեն անցել է երեք տարի, ու Կարապետյանը որոշել է զբաղվել քաղաքականությամբ, և նա նոր դարձավ դավաճան, ուրիշի պատվեր կատարող։

Ընդ որում՝ Փաշինյանի այդ հայտարարության ենթատեքստը շատ ակնհայտ էր, այսինքն՝ ռուսների պատվերով, ըստ քեզ, պարոն վարչապետ, քո երկրի պաշտպանության նախարարը սաբոտաժ է իրականացրել ու չի կատարել իր պարտականությունները, արժանի հակահարված չի տվել ադրբեջանցիներին, ու դու նո՞ր ես հիշել այդ մասին։ Եթե այդպես է եղել, եթե, ըստ ձեզ, պետական դավաճանություն է արել, երեք տարի անց նոր հիշել է, թե Վոթսափով ինչ է խոսել։ Սա անլրջության գագաթնակետն է, անկեղծ եմ ասում, իրոք, ապշում եմ մեր ժողովրդի համբերության վրա, չեմ ուզում հավատալ, որ մեր ժողովուրդն այս տեսակ իշխանության էր արժանի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am