Փաշինյանի օրոք Սերժն ու Քոչարյանը արդարացվել են, ինչը հնարավոր է միայն քաղաքական պայմանավորվածության դեպքում. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, ՀՀ երրորդ նախագահն արդարացվեց դիզվառելիքի գործով։ Դատարանի վճիռն ինչպե՞ս եք գնահատում։

– Կանխատեսելի սցենար էր, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում արդարացվելու էր, եթե Ռոբերտ Քոչարյանը Նիկոլի օրոք արդարացվում է 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով, բնականաբար, ինչ-որ դիզվառելիքի գործով Սերժ Սարգսյանն արդարացվելու էր։ Ես երկու գործերով էլ ծանոթ չեմ դատաքննության ընթացքին, բայց մի բան կարող եմ արձանագրել քաղաքական առումով․ պատմությունն արձանագրելու է հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվել են։ Մնացածը թող մեր ժողովուրդը հիմա վերլուծի, հետևություններ անի ու հանգի եզրակացության, թե ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ տեղի ունեցավ դրան հաջորդած տարիներին։ Ինձ համար ամեն ինչ շատ պարզ է։ 

– Ստացվում է, որ այս գործը, ինչպես Սերժ Սարգսյանի աջակիցներն էին ասում, շինծու է ու ի վերջո պայթելո՞ւ էր։

– Ես վաղուց եմ դա ասել, որ Սերժ Սարգսյանին առաջադրված այս մեղադրանքն ուղղակի ծիծաղ էր առաջացնում մեղմ ասած, որովհետև մեկ միլիոն դիզվառելիքի վատնման մեղադրանք առաջադրել մարդու, որն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի անկախության ողջ ժամանակահատվածում, հանդիսացել է պաշտպանության նախարար ամենակրիտիկական պայմաններում, հանդիսացել է երկրի ԱԱԾ տնօրեն, միաժամանակ ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար, հանդիսացել է երկրի վարչապետ, հետո տասը տարի երկրի նախագահ, որի ժամանակ տեղի են ունեցել բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ։ 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ գործ ունեինք երկրի թիվ մեկ կոռումպացված ընտանիքի պարագլխի հետ, բնականաբար, այդ մեղադրանքը ծիծաղելի էր։ Կրկնում եմ՝ ես խնդրի իրավական կողմին չեմ անդրադառնում, որովհետև ծանոթ չեմ ընթացքին, բայց քաղաքական մասով նկատի ունեցեք, որ Նիկոլի օրոք Սերժն ու Քոչարյանը արդարացվել են, հիմա ժողովուրդը թող գնահատի Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ 

– Ստացվում է նաև այն, որ 2018 թվականին հնչող բոլոր հայտարարությունները նախկինների թալանի վերաբերյալ, նույն Սերժ Սարգսյանի եղբոր հիսուն-հիսունի վերաբերյալ անհի՞մն էին։

– Ես կարող եմ ասել ընդամենը մի բան, որ պոպուլիզմը կործանեց ու շարունակում է կործանել Հայաստանը։ Ժամանակն է, որ հայ ժողովուրդը ձերբազատվի պոպուլիստներից, պոպուլիզմի ֆոնի վրա գալ իշխանության ու խոստանալ ժողովրդին Հայաստանը մաքրել բոլոր տեսակի հանցագործներից, բոլոր տեսակի կոռուպցիոներներից ու վերջում ձախողել այդ ամեն ինչը հնարավոր է միայն մի դեպքում՝ քաղաքական պայմանավորվածություն ու համաձայնություն, ուրիշ ոչ մի բան։ Սա է իրականությունը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am