Շարժման հաջողելու որևէ նախադրյալ չեմ տեսնում, այն աստիճանաբար մարման է գնում. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ է իրականացնում տարբեր գերատեսչությունների շենքերի առջև, ինչպե՞ս եք գնահատում այս գործողությունները։

– Կարծում եմ, որ այս շարժման ղեկավարությունն արդեն ցուգցվանգի մեջ է, հասկանալով, որ ժամանակն իրենց օգտին չէ, անում են քայլեր, որոնք ավելի ու ավելի են վատացնում իրենց վիճակը։ Մարզերից սկսեցին, հետո եկան Երևան, նորից են գնում մարզեր, ինչ-որ մարդիկ են հավաքվում, բայց այն կրիտիկական զանգվածը, որը հավաքվեց մայիսի 9-ին, իրենք չկարողացան ինչ-որ բան անել, առաջիկայում էլ շարժումն ավելի կմարի։ Շարժման ղեկավարության տեքստերում անորոշությունները շատ են, մարդիկ չգիտեն, թե առաջիկա օրերին ինչ է սպասում։

– Իշխանության պնդումները, որ այս շարժումը մարած է, փաստորեն, իրատեսակա՞ն եք համարում։ 

– Իհարկե, իրենք չեն կարողանում փողոցով իշխանությանը հրաժարական պարտադրել, խորհրդարանում չունեն անհրաժեշտ թվով պատգամավորներ, որպեսզի իմփիչմենթի գործընթաց սկսեն ու իրագործեն, բնականաբար, ժամանակի ընթացքում պետք է մարման գնա։ 

Հեղափոխական ճանապարհով իշխանության գալու համար չորս պայման է պետք՝ ֆինանսներ, հսկայական մարդկային ռեսուրսներ, ուժային կառույցների, ավելի կոնկրետ՝ Ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից օժանդակություն, աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների աջակցություն։ Այս շարժումն առաջին երկուսը ունի, դրա համար որևէ նախադրյալ չեմ տեսնում, որ կարող է հաջողության հասնել։ 

– Իսկ շարժումն ինչո՞ւ չկարողացավ ճիշտ օգտագործել ձեր ասած կրիտիկական զանգվածի ներուժը։

– Միգուցե չունեն համապատասխան հմտություններ, գիտելիքներ իրենց շարժումը հաջողության հասցնելու համար։ Չկարողացան իշխանական բուրգը վերևից փլուզել։

– Իսկ եթե շարժումն իսկապես, ինչպես ասում եք՝ չհաջողի, ի՞նչ զարգացումներ կլինեն Եկեղեցի-իշխանություն հարաբերություններում։

– Իշխանության ու Եկեղեցու հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, ավելի կվատթարանան, որքան ես եմ հասկանում իշխանական պատգամավորների մեսիջներից, Հայ Առաքելական Եկեղեցին բերվելու է հարկային դաշտ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ու առկա անջրպետն ավելի է խորանալու։ 

Եկեղեցու հեղինակությունն ավելի կտուժի, որովհետև տեսնում ենք, որ մարդկանց մի ստվար զանգված Եկեղեցու նկատմամբ ունի անվստահություն, ինչը տեսանելի է սոցցանցերում այդ ինստիտուտի հասցեին հնչող տեղատարափ քննադատություններից։ 

– Պարո՛ն Վարդանյան, իսկ ո՞րն էր պատճառը, որ մայիսի 9-ից հետո շարժումը չկարողացավ նույնքան մարդաշատություն ապահովել։

– Մարդիկ հոգնում են, չեն կարող ամիսներով փողոցում մնալ, երբ չեն տեսնում լույս թունելի վերջում։ Եթե հիշում եք, Վազգեն Գալստանյանը սկզբում ասում էր, թե 7-10 օր է պետք իրենց, ինչը նման շարժումների դեպքում նորմալ է՝ հաջողության հասնելու համար, բայց երբ անընդհատ ձգձգվում է ու հաջողության չի հասնում, նույնիսկ դրան հասնելու նախանշան չկա, մարդիկ հոգնում են։ 

Շարժման կազմակերպիչների հույսն այն էր, որ կսկսեն իմփիչմենթի գործընթաց, իշխանության վրա ճնշումներ կգործադրեն, հետո իշխանական բուրգը կփլուզվի, բայց անգամ բավարար ձայներ չունեին իմփիչմենթի գործընթաց սկսելու համար։ Հետո փորձեցին փողոցով իշխանությանը վախեցնել, բայց դա էլ չստացվեց։ Հիմա էլ ցայտնոտնային վիճակի մեջ են, փորձում են մարդկանց թիվը շատացնել, բայց մարդիկ չեն կարող ամիսներով հրապարակներում մնալ, երբ չկա տեսանելի որևէ բան, որ շարժումը կարող է հաջողել։ 

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ չէ, երբ սկզբից ահռելի զանգված է հավաքվել, հետո ընթացքում այդ շարժումները մարել են, որովհետև մարդիկ չեն տեսել հաջողելու որևէ գրավական։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am