Տանը ստրուկ, դրսում` բանվորուհի. Հայաստանի մարզերում կանայք ամեն օր խտրականության են հանդիպում

Տանը ստրուկ, դրսում` բանվորուհի. Հայաստանի մարզերում կանայք ամեն օր խտրականության են հանդիպում
Տանը ստրուկ, դրսում` բանվորուհի. Հայաստանի մարզերում կանայք ամեն օր խտրականության են հանդիպում

Հայաստանի մարզերում, հատկապես հեռավոր գյուղերում, կանանց իրավունքներն ամեն օր ոտնահարվում են` շատ հաճախ հենց ընտանիքի անդամների կողմից, սակայն կանայք մեծ մասամբ չեն էլ փորձում պայքարել այս ամենի դեմ:
Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Անժելա Մինասյանը պատմում է, որ դեռ մանկուց աչքի առաջ է եղել մոր ծեծված դեմքն ու վախի մշտական զգացումը, որ հայրը կմտի և ամեն բան կսկսվի նորից` նույն սցենարով: Դուստրը պատմում է, որ հայրը` Արման Մինասյանը, օրնիբուն անգործ «թափառում էր», իսկ երեկյան ուշ` հարբած գալիս տուն:

20 տարի շարունակ նման պայմաններում Լիաննա Մինասյանը մեծացրել է աղջկան` միաժամանակ հասցնելով աշխատել որպես բանվորուհի: Անժելան հիշում է, որ հորից որեւէ օգնություն չակնկալող մայրը պետք է հասցներ նաև բավարարել «տիրոջ» պահաջները` վճարելով օրապահիկ ալկոհոլ գնելու ու աղջիկներ հետ ժամանակ անցկացնելու համար:

Կանանց խնդիրներին առնչվող փորձագետներն ասում են` նման վերբերմունքի շատերն են արժանանում, հատկապես այն լուռ ու հնազանդ կանայք, ովքեր ավելի շատ հասարակական կարծիքի մասին են մտածում, քան իրենց:

«Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լիլիթ Փայտյանը նշում է, որ նման կենսակերպով ապրող կինը չի կարող առողջ սերունդ մեծացնել.

«Եթե դեպքն այդքան ծայրահեղ է, ուրեմն պետք է ամուսնալուծվել` ազատելով թե իրեն, թե աղջկան, բացի այդ աղջիկը, տեսնելով հոր անտարբեր, լկտի պահվացքը, կսկսի ատել տղամարդկանց ու հետագայում նա շատ դժվարությամբ կկարողանա ամուսին գտնել, քանի որ բոլոր տղամարդկանց մեջ արտացոլվելու է հոր բացասական կերպարը»:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ, պատմաբան Լիլիթ Զաքարյանն ասում է, որ դարեր ի վեր հայ կնոջ համար նախատեսված դերն է ստիպում շատերին լռել ու համակերպվել:

«Դաստիրակությունն է ստիպել նրան այդպես վարվել, որի համաձայն կինը միշտ պետք է խոնարհ լինի և երբեք չփորձի ընդդիմանալ: Այդ հոգեբանությունը մարզերոմ շատ է տարածված, որն էլ հենց գենդերային անհավասարության ցայտուն արտահայտությունն է»,- բացատրում է Զաքարյանը:

Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի բնակիչ 80-ամյա Ռոզա Նաջարյանը նման դաստիարականության կրողն է.

«Ամուսնացած կինը պետք է հնազանդ լինի ամուսնուն, դա ենք սովորել մեր ընտանիքում: Ամուսնացել ես, ուրեմն պարտավոր ես մինչև կյանքի վերջ նույնիսկ դիմանալ, եթե դրա կարիքը կա, բայց ոչ մի դեպքում չամուսնալուծվել, դա կխորտակի աղջկա կյանքը: Եթե ամուսինը ծեծում է կնոջը, ուրեմը կինը մի բան էնպես չի արել»:

«Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի 2011 թվականի հարցումը պարզել է, որ հասարակության 46,4 տոկոսը կանանց նկատմամբ խտրականություն է տեսնում Հայաստանում: Հարցմանն այդպես են պատասխանել առավելաբար մարզերում բնակվող կանայք:

Ավշար գյուղի բնակիչՄարինե Կարապետյանը 9 տարվա ամուսնական կյանքում Մոսկվայում աշխատող ամուսնուն ընդամենը մի քանի ամիս է տեսել.

«Իմ կյանքը նման է տնային կալանք հայտարարած կնոջ կյանքի. ես աշխատում եմ կարծիք չհայտնել, տնից դուրս եմ գալիս հատուկ դեպքերում, որովհետև հակառակ դեպքում սկեսրայրս զանգում ու ամուսնուս ասում ա, թե ամբողջ օրը թրև եմ գալիս: Հագնվում եմ նենց, որ սկեսրայրս հանկարծ չխոսի, նույնիսկ երեխաներիս վերաբերող հարցերը նրանք են լուծում»:

Մինչդեռ, «Կովկաս» կենտրոնի հետազոտության համաձայն` տղամարդիկ գենդերային խնդիրներին լուրջ չեն վերաբերվում: Արարատ քաղաքի բնակիչ 56-ամյա Ռոբերտ Հովսեփյանը կանանց անվանում է դժգոհ արարածներ.

«Կանայք սովոր են, որ միշտ իրենց ուզածն է լինում, և երբ չի լինում, հազար ձևերով, իրենց զոհ երևակայելով ներկայացնում են դա: Հերթական խնդիրը նրանք անվանում են գենդերային անհավասարություն , իսկ ով ասաց, որ տղամարդն ու կինը պետք է ընտանիքում հավասար լինեն, էդ դեպքում ինչ պիտի լինի այդ ընտանիքի վիճակը»:

Լիլիթ Զաքարյանի գնահատմամբ` առաջիկայում դրական փոփոխությունների հասնելու համար կանայք պետք է գենդերային կրթություն ստանան, իսկ հասարակությունում ակտիվորեն փոխվեն գենդերային կարծրատիպերը.

«Գենդերային կարծրատիպերի կենսունակությունը մարզերում պայմանավորված է լրատվամիջոցների հայեցակարգային դիրքորոշման բացակայությամբ ու դրանց քաղաքական գծով, ինչպես նաեւ գենդերային գիտելիքների թերի պաշարով: Ես վստահ եմ, որ նույնիսկ այդքան բացի դեպքում, հնարավոր է էապես փոխել իրավիճակը, պարզապես անհրաժեշտ է երկար տարիների աշխատանք»:

Արթուր Օսիպյան

Հոդվածն արտատվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ)` հայ-ադրբեջանական «Հարեւաններ» նախագծի շրջանակներում տպագրված ներդիրից:

Ծաղրանկարը` Վահե Ներսեսյանի

© Medialab.am