«Վարչապետն Ամուլսարի հարցը չպետք է սրի, եթե սրեց, դա կբերի լուրջ հետևանքների և՛ իր, և՛ հեղափոխության ու երկրի համար»․ Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

– Պարո՛ն Պապյան, նախօրեին Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին կոչ է արել բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը։ Շատերի կարծիքով, սրանով սկսվում է այս իշխանությունների հետհաշվարկը, և բանը կարող է հասնել արտահերթ ընտրությունների։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

– Ես մասամբ եմ լսել վարչապետի ելույթը։ Այն, ինչ լսեցի, այդտեղ վարչապետը վկայակոչում էր «Լիդիանին», որ նրանք 100 տոկոսով երաշխավորում են, որ այսպես կլինի, այնպես կլինի։ Ես վերջին մեկ շաբաթվա ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրել եմ տարբեր փաստաթղթեր՝ Ամուլսարի հետ կապված։ Չեմ կարող ասել, որ մասնագետ եմ դարձել, բայց զրուցելով տարբեր մասնագետների, այդ թվում՝ ԱՄՆ-ից եկած մասնագետի հետ, ունեմ հստակ կայացած որոշում, որ որևէ երաշխիք լինել չի կարող։ Այդ ամբողջը, որը հատկապես «Լիդիանի» պարագայում լրիվ նոր, անփորձ ընկերություն է և չունի հանքարդյունաբերության մեջ փորձ, ոչ մի երաշխիք լինել չի կարող։ Հետևաբար, վարչապետն իզուր է դիմում ժողովրդին, որովհետև նրանք, որոնք ունեն իրենց համոզումը, չեն փոխելու, նրանք, որոնք վարչապետի հետ համաձայն են, ուղղակի համաձայն են վարչապետի հետ։ Ոչ թե իրենք համոզված են, որ «Լիդիանը» երաշխիքներ կտա, վտանգ չկա, այլ ուղղակի համաձայն են, որովհետև ասողը վարչապետն է։

Ես կարծում եմ՝ չի կարելի նման մոտեցում ունենալ, որովհետև խնդիրը զուտ բնապահպանական չէ, այն պետության և նրա անվտանգության գոյության հարց է։ Սա վերաբերում է Հայաստանի ջրերի հիմնական մասին, ամենամեծ շտեմարան Սևանին, իսկ Սևանի միջոցով անցնում է Արարատյան դաշտ։ Սա վերաբերում է նաև Արցախի ջրերի մի զգալի մասին, քանի որ նաև այդ լեռներից դեպի Քարվաճառ են գնում գետեր։ Այն չնչին 40-50 մլն դոլարը, որ մենք պետք է տարեկան ստանանք, իսկ դրա չափ էլ մենք կկորցնենք տուրիզմի կրճատման ոլորտում, անիմաստ է դարձնում այս ամենը։ Պայմանագրում կա կետ, որ պայմանագրի կետերը «Լիդիանի» կողմից խախտելու հիման վրա կարող ենք չեղարկել պայմանագիրը։

– Վարչապետը նշել է նաև, որ միաժամանակ բնապահպանական տեսչությանը հանձնարարել է ստուգումներ սկսել Ամուլսարում, վերահսկելու ամբողջ գործընթացը։ Նա պնդել է, որ եթե որևէ ռիսկ լինի Ամուլսարում, փաստացի կդադարեցվի աշխատանքը։ Այս փաստարկները պայքարողների համար համոզիչ կարո՞ղ են լինել։ Եվ եթե ոչ, ապա ինչի՞ է այն հանգեցնելու, բախումների՞։

– Եթե մինչև ապրիլ որևէ քայլ չպետք է արվի, ապա ի՞նչ տարբերություն՝ այդ տարածքը շրջափակված է, թե ոչ։ Կամ ի՞նչ է նշանակում՝ բնապահպանական տեսչությունը ստուգումներ է անելու, կարո՞ղ է մյուս հանքերում այդ նույն բնապահպանական տեսչությունը չի վերահսկում, ու այդ հանքերում ունենք աղետալի վիճակներ։ Կամ ո՞ր բնապահպանական տեսչությունը կարող է ինչ-որ բան անել։ Շատ-շատ մի ինչ-որ տուգանք են գրում, դրանով հարցը փակվում է։ Այստեղ ուղղակի հարցը հետևյալն է. չի կարող լինել անվտանգության որևէ երաշխիք։ Առավել ևս պատերազմող երկիր ենք. այստեղ մենք պետք է դիտարկենք ոչ միայն բնական աղետները, որ 10 հազար տոննա ցիանիդ կա այնտեղ, որը երկրաշարժի ժամանակ կարող է արտահոսք լինել, խորանա թունելի մեջ, այլ նաև կարող են պարզապես հրթիռով խփել ու հարցերը միանգամից լուծել։ Դա էլ կարող է լինել։

Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՛ւ է վարչապետը այս ամենը խորացնում։ Երկու օր առաջ ես հանքերի ոլորտի ամերիկացի մի մասնագետի հետ էի խոսում, որ երկար աշխատել է Միջին Արևելքում։ Այս մարդը բացատրեց, թե ոնց կարելի է չեղարկել գործընթացը, ներառյալ նաև հանքերի պետականացումը։ Դա նորմալ, սուվերեն իրավունք է. դու պարտավորություն ես ստանձնում որոշակի ժամանակահատվածում՝ 30-40-50 տարում, փոխհատուցման գումարը հատուցելու մասին։ Հետո նույն եկամուտներից կարող ես վճարել։ Այսինքն՝ բռնագրավումն է անօրինական, բայց ազգայնացումը հատուցման հիման վրա լրիվ օրինական է, և աշխարհում այդպես անում են։ Այսինքն՝ վարչապետը հարցը առնվազն չպետք է սրի, որովհետև եթե սրեց, դա կբերի լուրջ հետևանքների և՛ վարչապետի համար, և՛ հեղափոխության ու երկրի համար։

– Ջերմուկցիները կարծես թե մտադիր չեն բացել հանք տանող ճանապարհը։ Արդյոք այդ դեպքում իշխանությունն ուժի կդիմի՞։

– Նախ՝ ասեմ, որ չշահագործվելու պարագայում ոչ մի միջազգային քայլ էլ չի լինի։ Սա ոչ առաջին հանքն է, ոչ վերջինը, որ կեսից դադարեցվում է։ Այս պայմանագրի մեջ էլ կետեր կան, ինչի հիման վրա կարելի է դադարեցնել շահագործումը, այդ թվում՝ ֆորսմաժորային իրավիճակների կամ նոր ի հայտ եկած հանգամանքների։ Օրինակ՝ փորձաքննության մեջ ռադիացիայի մասին որևէ բան չկա։ Եթե, ինչպես վարչապետն է ասում, մինչև ապրիլ որևէ բան չի լինելու, վարչապետը ճիշտ կանի թողնի ամեն ինչ, ինչպես կա։ Որովհետև եթե իշխանությունն ուժի դիմի, իր դեմ շատերն են դուրս գալու։

Ես այս հեղափոխությանն ու վարչապետին աջակցում եմ և ամեն ինչ անելու եմ աջակցելու համար, բայց Ամուլսարի հարցում չեմ կարող աջակցել։ Ստացվում է, որ ես այլոց հետ, նախկինների հետ, մարդկանց հետ, որոնց համարում եմ այս երկրի թշնամին, հայտնվեմ նույն ճամբարում և վարչապետին ասեմ՝ էդ ինչ ես անում։ Ինքը պետք է այս ամենը հաշվի առնի, որ կորցնում է աջակիցների հսկայական զանգված, և, ցավոք սրտի, որոշ ուժեր կան, որ հենց դա էլ ուզում են, որ Ամուլսարի հարցը որպես պատրվակ օգտագործեն վարչապետի վարկանիշը գցելու համար։

Մանե Հարությունյան

MediaLab.am