«Իշխանության դեմ կան շատ հիմնավոր բողոք, ցասում, նրանց փոխելու ահավոր մեծ պահանջարկ, բայց չկա այլընտրանքը». Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, ինչպես գիտենք, Սրբազան շարժումն այս պահին հավաքագրման փուլում է, այդ մասին իրենք են հայտարարել, օրերս էլ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, թե աշնանը իրենք «այս իշխանությանը ծնկի կբերեն» իրենց հաշվարկված քայլերով։ Որքանո՞վ եք հավանական համարում, որ շարժումն աշնանը հաջողելու է։

– Շարժումն այլևս ձախողված է, ու սեպտեմբերին որևէ հաջողություն չեն գրանցելու։ Հաշվի առնելով այն բոլոր գործիքակազմերը, որոնք իրենք օգտագործել են մինչև հիմա, նկատի ունենալով այն ինտելեկտուալ, քաղաքական պոտենցիալը, որ կա նրանց շուրջը, նրանք հաջողություն չեն գրանցելու։ 

– Իսկ իշխանության նկատմամբ հանրային դժգոհության բավարար չափ կա՞, որ շարժումը կարողանա այդ մարդկանց իր շուրջը համախմբել։

– Իշխանության դեմ կան շատ հիմնավոր բողոք, ցասում, կա նրանց փոխելու ահավոր մեծ պահանջարկ, բայց չկա համապատասխան այլընտրանքը, որպեսզի դրանով փոխվի իշխանությունը։ Այս շարժումն այդ այլընտրանքը չէ, քաղաքացին շատ լավ հասկանում է սա, դրա համար էլ չի համախմբվում այդ շարժման շուրջ։ Նիկոլենց փոխենք, որ դաշնակները գան ի՞նչ անեն, նրանց գործունեությունը տեսանք մենք Արցախում, քաղաքացիներն այս ամենը տեսել են, գիտեն, ու նրանց կողքին չեն կանգնի, չեն պայքարի նրանց հետ։ Բայց իրենք ակտիվ են լինելու, որպեսզի քաղաքացիների ուշադրությունը գրավեն, որպեսզի այդ վակուումը լցնեն, որ այլ ուժեր չկարողանան կոնսոլիդացվել։ 

– Կարծում եք, որ աշնանը վերսկսելու պարագայում մենք տեսնելու ենք նույն պատկերը, ինչ շարժման սկզբո՞ւմ էր։

– Չէ՛, շարժման սկզբում նրանք շատ ավելի մեծ կոնսոլիդացիա ունեին, ու հանրությունն իսկապես ակնկալիքներ ուներ ու հույսեր էր կապում անձամբ Սրբազանի անձով պայմանավորված, հիմա մենք տեսնում ենք, որ Բագրատ Սրբազանը դարձել է շարքային ընդդիմադիր, իր կարգավիճակից ընկել է, ու ինքն այդ ամենը շատ լավ հասկանում է, տեսնում։

– Պարո՛ն Սահակյան, կարծում եք, շարժման առաջնորդը չի՞ նկատում, որ հաղթելու շանսեր չունեն, ինչպես ասում եք, թե՞ իսկապես հավատում են, որ հաջողելու են։

– Չեմ կարծում, թե իրենք հավատում են իրենց հաջողությանը, ու չեմ էլ կարող ասել, թե այս պահին իրենք ինչ նպատակ ունեն, բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ իշխանության փոփոխություն չեն ուզում, որովհետև եթե ուզեին՝ այլ բան կանեին, ոչ թե անընդհատ նույն բանը ու բոլորին կոտրած տաշտակի առաջ կանգնեցնեն։ 

– Այսինքն՝ իշխանության հեռացումը մինչև հերթական խորհրդարանի ընտրություն դուք իրատեսական չե՞ք համարում։

– Անհնար չեմ համարում, բայց ոչ այս գործիքակազմով ու ոչ այս դերակատարներով։ Ըստ էության, 2018 թվականի հայտնի դեպքերից հետո, երբ մենք համարում էինք, թե դա հեղափոխություն էր, բայց իրականում դա Նիկոլի թեթև ձեռքով դարձավ պրիմիտիվ իշխանափոխություն, համակարգային ոչ մի խորքային փոփոխություն մենք չունեցանք։ Այսինքն՝ մենք գործ ունենք Սերժի նույն օլիգարխիկ համակարգի հետ։ Մինչև մարդիկ հասկանան, որ այս իշխանությունը նույն բանն է, ինչ նախկինն էր, մի փոքր ժամանակ է պահանջվելու։ 

Բացի այդ՝ մեր հանրությունն անընդհատ ծանր իրավիճակների է ենթարկվում՝ քովիդ, պատերազմի պարտություն, Արցախի էթնիկ զտում ու կորուստ, և չի հասցնում վերականգնվել, որ անցնի ակտիվ գործողությունների։ Հանրությունը այնքան շոկահար է, որ թքած ունի, որ իրենց կառավարում են Ալեն սիմոնյաններ ու Նիկոլ փաշինյաններ, որովհետև ինքն ուզում է հասկանալ, թե ինչ է կատարվել իր հետ, հենց հասկացավ, նրանցից ձերբազատվելը մեկ րոպե է լինելու։

– Եթե հանրությունը ու ներքաղաքական իրավիճակը մնան այնպիսին, ինչպիսին հիմա են, բացառո՞ւմ եք, որ հերթական ընտրությանը գործող իշխանությունը վերընտրվի։

– Ստատիկ իրավիճակներ երբեք չեն լինում։ Նախ մեր տարածաշրջանը նայեք, Իրան-Իսրայել հարաբերությունները կարող են պայթել, ու ոչ մեկը չգիտի, թե ինչ կարող է տեղի ունենալ, Ադրբեջանն անընդհատ մեզ սպառնում է, ռուս-ուկրաինական պատերազմն է, այսինքն՝ շուրջբոլորն անկայուն է, ու այս ամենի ֆոնին մենք ուզում ենք, որ մեզ ոչ մեկը բան չասի, ու մենք մնանք այնպիսին, ինչպիսին կա՞նք, այդպես չի լինում։ 

Վայրիվերումներ են լինելու ահավոր, ու ես չգիտեմ, թե մեր վիճակն ինչ է լինելու։ Իսկ եթե մենք պատրաստ չենք ոչ ստանդարտ իրավիճակների, ամենայն հավանականությամբ, ունենալու ենք ահռելի կորուստներ, կարող ենք անգամ պետականազրկվել, ինչի քաղաքականությունը հետևողականորեն վարում են Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը։ 

– Գործող իշխանությունը պետությանը, հանրությանը պատրաստո՞ւմ է այդ հնարավոր զարգացումներին։

– Իհարկե ոչ։ Մարդկանց ու պետությանը նախապատրաստելու փոխարեն մարդիկ հեծանիվ են քշում, գնում են դուբայներ, եվրոպաներ, լուսանկարներ են հրապարակում։ Մեր հանրության մեջ եք ապրում, ես և դուք պատրա՞ստ ենք, ո՛չ։ Հիմա եթե Երևանը սկսի ռմբահարվել, էական չէ՝ թե ում կողմից, մենք քանի հատ պատրաստ ռմբապաստարան ունենք Երևանում, զրո, դեռ Ստեփանակերտն այդ առումով էլի պատրաստ էր, իսկ Երևանում չկա նման բան։ Աշխարհում բոլորը պատրաստվում են պատերազմի, իսկ մե՞նք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am