«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
– Պարո՛ն Ղևոնդյան, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ «բազմիցս խոսել ենք և շեշտել Ադրբեջանի կառուցողական քայլերը իրենց տները լքած բնակչության վերադարձի համար, վերադարձի հնարավորությունը եղել է և կա» հայտարարությունը արցախահայերի վերաբերյալ ի՞նչ մեսիջներ է պարունակում։
– Հերթական անգամ ԱԳՆ-ն, այս անգամ պաշտոնական ներկայացուցչի մակարդակով, ցույց է տալիս Ռուսաստանի վերաբերմունքը հայ-ադրբեջանական գործընթացներին, առաջին հերթին, իհարկե Արցախի հետ կապված հարցին, որտեղ շատ հաճախ, կարելի է ասել, դեպքերի 99 տոկոսում Հայաստանի մեկնաբանությունները և Ադրբեջանի ու Ռուսաստանի մեկնաբանությունները ոչ միայն չեն համընկնում, այլ նաև հակոտնյա են մեկը մյուսին, ու զարմանալիորեն ամեն անգամ Ադրբեջանի ու Ռուսաստանի մեկնաբանություններն են հարյուր տոկոսով համընկնում։
Կարելի է ասել, որ Ադրբեջանն ու Ռուսաստանըն խաղում են նույն տրամաբանության մեջ, նույն պայմաններով, ու այդ տրամաբանությունը Հայաստանին հակասելն է կամ Հայաստանի մոտեցումներին հակադրել իրենց մոտեցումները: Այս հարցում առաջնորդությունն իր վրա է վերցրել Ռուսաստանի արտգործնախարարությունը, որովհետև մենք տեսնում ենք, որ այլ գերատեսչություններից, ընդհուպ Ռուսաստանի նախագահից, Հայաստանի մոտեցումներին հակասություններ կարծես թե չեն հնչում։
Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկայացրեց Հայաստանի մոտեցումները նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ, ու որևէ մեկը չհակադարձեց, երբ սեղանի շուրջն էր Ռուսաստանի նախագահը: Բայց որոշ ժամանակ անց հանկարծ Օվերչուկը հակադարձեց այդ հայտարարությանը, հիմա էլ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն է հայտարարություններ անում, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում ոչ միայն Հայաստանի դիրքորոշմանը, այլ նաև՝ իրերի իրական դրությանը։
9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
– Երբ տիկին Զախարովան ասում է, թե Ադրբեջանի կողմից այդ հարցում եղել է կառուցողականություն, որ Արցախ վերադառնալու հնարավորություն կա, այսինքն՝ ստացվում է այնպես, որ այդ մարդիկ ինքնակա՞մ են լքել իրենց տները ու հիմա վերադառնալու ցանկություն չունե՞ն։
– Ես չէի ցանկանա այդ հատվածը համատեքստից կտրված վերլուծել, որովհետև շատ կարևոր է այն, ինչ ասում է Զախարովան դրան զուգահեռ։ Նա ասում է, թե «Հայաստանը այդ մարդկանց հարկադրաբար հանեց Արցախից ու այժմ Հայաստանն արգելում է այդ մարդկանց վերադառնալ իրենց տներ»։ Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ միայն այն է, որ Ադրբեջանը կառուցողական է, Հայաստանը՝ ոչ, այլ նաև այն, որ ամբողջ տեղի ունեցածի մեղքը պետք է փնտրել Հայաստանում, որովհետև Հայաստանն է հանել այդ մարդկանց ու չի թողնում, որ այդ մարդիկ վերադառնան։
Զախարովայի պնդումների հիմնական իմաստը մեղավորությունը Հայաստանի իշխանությունների վրա բարդելն է, որովհետև եթե Հայաստանի իշխանություններին այս գործընթացից հանենք, կմնան միայն Արցախի ժողովուրդն ու Ադրբեջանի իշխանությունները, ու հնարավոր չի լինի արդարացնել Ադրբեջանի իշխանություններին։
Ակնհայտ է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը համակարգված ձևով սլաքներն ուղղում է դեպի Երևան, որպեսզի հնարավորինս ավելի մեծ վնաս հասցնի Հայաստանի իշխանությունների հեղինակությանը և՛ միջազգային ասպարեզում, և՛ հատկապես, ինչը Ռուսաստանին հետաքրքիր է, Հայաստանի ներսում։
– Այսինքն՝ ռուսական կողմն ամեն ինչի մեղավորությունը բարդում է Հայաստանի՞ վրա։
– Ոչ միայն ուղղում է հայկական կողմին, այլ նաև ծածկագրվում, համակարգվում ու ամբողջությամբ մատուցվում է, որպեսզի հասարակությունը, հետևելով այս հայտարարությանը, որևէ կասկած չունենա, թե գործընթացն ինչպես է տեղի ունեցել:
Այստեղ մենք գործ ունենք կազմակերպված մանիպուլյացիայի հետ, որի վրա, իմ խորին համոզմամբ, ինստիտուտ է աշխատել, այսինքն՝ սա Զախարովայի կամ նույնիսկ ՌԴ արտգործնախարարի կարծիքը չէ, սա համակարգված, մտածված մեդիամանիպուլյացիա է, որպեսզի մարդիկ իրականության աղճատված ընկալում ունենան՝ համապատասխան Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերին։
– Պարո՛ն Ղևոնդյան, իսկ ձեր գնահատմամբ՝ հիմա իսկապես կա՞ արցախահայերի վերադարձի այդ իրական հնարավորությունը։
– Որպես Ադրբեջանի քաղաքացի՝ իհարկե կա։ Արցախի մեր հայրենակիցները կարող են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, վերադառնալ իրենց տուն։ Բայց ի՛նչ է այնտեղ նրանց սպասում, շատ լավ գիտենք բոլորս՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարիներ ի վեր վարած հայատյաց քաղաքականությունը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















