Փաշինյանը եկել է մի կետի, որ մարդիկ մտածում են, թե թագավորը լավը չէ, իր  պարտքն է սերմանել, որ նազիր-վեզիրներն են վատը. Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանը 

– Պարո՛ն Նահապետյան, գործադիրի կազմում պաշտոնանկությունների ալիք է սկսվել, ոմանք սա աննախադեպ են համարում, դուք սպասո՞ւմ էիք նման զարգացումների, ինչպե՞ս եք գնահատում կատարվողը։

– Ցանկացած իշխանություն ունի իր տրամաբանությունը, իր հասունացման փուլերը, իշխանության վեցերորդ տարում, բնական է, որ Նիկոլ Փաշինյանը եկել է մի կետի, ինքն էլ դրա մասին խոսեց, որ արդեն մարդիկ չեն հավատում, որ царь хороший, այսինքն՝ մտածում են, որ թագավորը լավը չէ։ Յուրաքանչյուր թագավորի պարտքն է նման իրավիճակում մարդկանց մեջ սերմանել, որ թագավորը լավն է, նազիր-վեզիրներն են վատը։ Սա է տեղի ունենում, դա մաքուր քաղաքական փիար ակցիա է, ուրիշ ոչ մի բան չկա, բայց այդ փիառ ակցիան համեմված է հանցագործության մասին փաստացի ապացույցներով։ 

Ես, օրինակ՝ կարծում եմ, որ մեր հավաքական ընդդիմադիր հատվածը, կուսակցություններին նկատի չունեմ, մնացած քաղաքացիներին, այս բոլոր փաստերից ամենաշատը պետք է կենտրոնանա մի հանգամանքի վրա, ու դա հետևյալն է. այսօր մենք ունեցանք հերթական պաշտոնական ապացույցը, որ Հայաստանի դատական իշխանությունը տոտալ համակարգվում է գործադիր իշխանության կողմից, որովհետև այլ պարագայում դատական իշխանության առաջին դեմքը չէր կարող գրել մի տեքստ, որի էությունը հետևյալն է՝ «ես ինձանից շատ էլ գոհ եմ, բայց ստիպված եմ հրաժարական տալ», իսկ ինքը, ըստ էության, դա էր գրել։ Սա շատ ուղիղ ապացույց է, որ դատական իշխանությունը համակարգվում է գործադիր իշխանության կողմից։

– Իսկ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ համոզել ժողովրդին, որ ինքը լավն է, բայց նախարարները, պաշտոնյաներն էին սաբոտաժ անում, որ տրված խոստումները կատարվեն։

– Ըստ էության, պրոպագանդան՝ որպես երևույթ, վակուումի միջավայրում ամենակարող գործիք է, ինչ ուզես՝ կհամոզես: Հարցն այն է՝ ընդդիմադիրների հատվածը թույլ կտա՞, որ ստեղծվի վակուում, պրոպագանդայի համար կստեղծի՞ այդ տարածքը, որտեղ պրոպագանդան կկայանա ու կկարողանա բացարձակ արդյունավետ գործել, թե՞ այնուամենայնիվ պրոպագանդան ինչ-որ ձևով կձախողվի։ 

Ես այս պահին տեսնում եմ, որ բավականին առողջ ռեակցիաներ կան, ոչ այս դեպքով, առհասարակ, ամենատարբեր ճամբարներից իշխանության փիար կամպանիաներին շատ առողջ ռեակցիաներ կան։ Կան որոշակի թևեր, ճամբարներ, հաստատություններ, որոնք սկսել են արձագանքել այնպես, ինչպես առաջ չէին արձագանքում, և դա անում են շատ արդյունավետ ու շատ թիրախային։ 

Քանի գնա, դա ավելի է ահագնանալու, այսինքն՝ մեծանալու են արդյունավետ գործող ընդդիմադիր հատվածի շրջանակները, խոսքս այդ թվում լրատվամիջոցների մասին է: Մի շարք լրատվամիջոցներ, որոնք առաջ ընդունված էր քաղաքական կողմնացույցի վրա ավելի դեպի, պայմանական ասած, հեղափոխության աջակիցների առանցքում դիտել, այժմ այդ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ճամբարում, կուսակցությունների տարբեր շրջանակներում գործընթացներ կան: 

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը նույնպես քնած չէ ու շատ ինտենսիվորեն սարքում է տոտալ կառավարման համակարգեր, ու այդ երկու գործընթացների արագության տարբերությունն է հենց որոշելու, թե ինչ տեղի կունենա վերջում։ Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ուզում, ապա Հայաստանը դառնալու է Բելառուս։

– Իսկ այդ հատվածի դրական դինամիկան ինչո՞վ եք պայմանավորում։

– Դրա պատճառները բազմաթիվ են, կսկսեմ ամենազզվելի՝ մորթապաշտական շերտից մինչև ավելի փիլիսոփայականը։ Մորթապաշտական շերտն այն է, որ ամեն դեպքում վեց տարեկան իշխանության լավագույն բարեկամը լինելն այնքան էլ հեռանկարային գործ չէ, իշխանությունը ունենում է կյանքի նորմալ տևողություն, ու մարդիկ ինտուիտիվ հասկանում են, որ այդ կյանքի մեծ մասն անցել է, ու այս իշխանության ժամանակն անցել է՝ երիտասարդությունից դեպի ծերացում, ինչը նշանակում է, որ այս իշխանության բնավորությունը, վարքը, որոշումները գնալով կոշտանալու են ու ծերության փուլում արդեն իրենց այցելելու է մարազմը, որոշումները գնալով դառնալու են էլ ավելի անարդյունավետ, բայց փոխարենը համեմված ավելի շատ բռնությունով ու ատելությամբ ու այդտեղ, ցանկացած իշխանություն սկսում է մեռնել։ Մարդիկ կան, որոնք ունեն այդ հեռատեսությունը ու հոտառությունը՝ հասկանալու, որ պետք չէ վեց տարեկան իշխանության բարեկամը լինել։ 

Երկրորդ պատճառն այն է, որ ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, 2020 թվականից հետո, միևնույն է, հավատացել են, որ, դե հա, աղետը եղավ, մենակ Նիկոլը չէր մեղավոր, օբյեկտիվ հիմքեր էլ կային և այլն, բայց հիմա կփորձենք ավելի ճիշտ ուղիով գնալ, բայց 2023-ին տեսան, որ՝ չէ, այստեղ գործում է կոնկրետ, համակարգված ու Ադրբեջանի հետ համագործակցված աշխատանքով Ղարաբաղի հարցը հայերի՝ որպես էթնիկ ու քաղաքական միավորի ոչնչացման եղանակով փակելու քաղաքականություն։ 

Այս քաղաքականությունը սկիզբ է առել Իլհամ Ալիևի կողմից, ուղեկցվել, աջակցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից ու հիմա էլի ավարտվում է այս երկուսի ջանքերով։ Խնդիր է դրված արցախցիներին՝ որպես կոմպակտ բնակվող էթնիկ տարր կազմալուծել, այսինքն՝ նրանք ոչ միայն խախտել են իրավունքը, այլև հիմա Հայաստանի իշխանությունը վարում է քաղաքականություն, որ նաև իրավունքի սուբյեկտը ոչնչանա, ձուլման քաղաքականություն է գնում, որովհետև կոմպակտ բնակվող քաղաքական տարրը, որն ունի քաղաքական պահանջ, Նիկոլ Փաշինյանի համար վտանգավոր է։

– Պարո՛ն Նահապետյան, ճի՞շտ հասկացա, որ եթե դատական իշխանությունն իսկապես անկախ լիներ, ապա Նիկոլ Փաշինյանի հորդորով պաշտոններից չէին հրաժարվի։

– Այո՛, ես մի շատ կոշտ բան կասեմ․ մեր միջև տարբեր մարդիկ գոյություն ունեն, որոնք և՛ ինձ են բարեկամաբար վերաբերվում, և՛ նրան, ուզում է նեղանա, ուզում է չնեղանա․ Կարեն Անդրեասյանը հեռացավ ողորմելու նման: Այն ամենը, ինչ ինքն արել էր, դրանից հետո եթե արժանապատվություն ու մասնագիտական պարտքին, քաղաքացիական արժեքներին նվիրվածություն ունենար, մեկ անգամ կարող էր «ո՛չ» ասել դատական իշխանության վրա ճնշմանը։ 

Եթե երեկ նա կանգներ այդ ճնշման դեմ, անկախ նրանից՝ կհաղթեր, թե կպարտվեր, և՛ անձնապես ինքն իր կենսագրության մեջ շատ մեծ բան կգրեր, և՛ դատական իշխանության մեջ, նույնիսկ եթե պարտվեր այդ պայքարում։ Դատական համակարգն այլևս երբեք չէր լինի առաջվանը վատ իմաստով, կլիներ ավելի լավը։ 

– Համակարծիք չե՞ք, որ Նիկոլ Փաշինյանն այս գործընթացով հիմք դրեց նախընտրական գործընթացի։

– Համաձայն եմ, ժամկետի խնդիր է, չգիտեմ, թե երբ կանի, բայց, հա՛, ինքն այդ նախապատրաստությունը սկսել է։ Հաջորդ փուլով ես ենթադրում եմ, որ նա սկսելու է ինտրիգներ սրել, որպեսզի կոնֆլիկտ առաջացնի ընդդիմության հետ ու երկիրը տանի ներքաղաքական ճգնաժամի, քանի որ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, չասեմ՝ պարտադիր, բայց ցանկալի կոնֆիգուրացիա է, եթե լինի ճգնաժամ, ու ընդդիմությունը համաձայնի ու պահանջի արտահերթ ընտրություններ, որովհետև դժվար է արտահերթ ընտրություններ անել, երբ ոչ մեկը դա չի պահանջում։ 

Կարծում եմ, եթե այդպես է՝ նա փորձելու է ճգնաժամ ստեղծել, որպեսզի արտահերթ ընտրությունների պահանջ դրվի, ու, հետևաբար, կարողանա արտահերթ ընտրություններ ձևակերպել որպես ընդդիմության հետ կոնսենսուս։ 

Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է արտահերթը, հիմա չգիտեմ՝ կանի-չի անի, գուցե ուրիշ հանգամանքներ կան, որոնցից ես տեղյակ չեմ, այդ հանգամանքներով պայմանավորված չանի, բայց Փաշինյանին ձեռնտու են արտահերթ ընտրությունները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am