«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահը հարցազրույց է տվել ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովին ու հերթական պահանջներն է ներկայացրել Հայաստանին: Ի թիվս մեզ հայտնի պահանջների ասել է նաև, որ «1980-1990-ականներին Հայաստանից հեռացած 300.000 ադրբեջանցի դիմել է Հայաստանի իշխանությանը, որպեսզի վերջիններս իրենց տներ վերադառնալու համար ստանան երաշխիքներ ու իրենց իրավունքների պաշտպանություն»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և ինչո՞ւ Հայաստանից չկա արձագանք այս մասով։
– Իրականում, ես կարծում եմ, որ ռուսական հեռուստաընկերությանը Ադրբեջանի նախագահի ընդհանուր հարցազրույցը բավականին ուշագրավ բաղադրիչներ է պարունակում։ Նա հստակ կրկին շեշտադրում է, որ չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել, կրկին նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, որ Նիկոլ Փաշինյանից Կազանում պահանջել է միջազգային դատարաններից հետ կանչել Բաքվի դեմ դատական հայցերը, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն, և սահմաններին ոչ մի երրորդ երկրի ներկայացուցչություն չպետք է լինի, այսպես ասած ԵՄ դիտորդական առաքելության չեղարկում։
Փաստացի Ադրբեջանն իր պահանջներով ուզում է, որ Հայաստանն ընդհանրապես ամբողջությամբ հրաժարվի իր իրավունքներից։ Այդ հարցազրույցի ժամանակ Ալիևը շեշտում է, որ ներկայիս աշխարհակարգում ուժն ու զենքն են հարցեր լուծում, ու այդ տրամաբանության մեջ շեշտում է նաև, որ Հայաստանը չպետք է զինվի, զենք գնի, որովհետև Ադրբեջանը դա դիտում է որպես սպառնալիք։ Այսինքն՝ հստակ ցույց է տալիս, որ և՛ իրավական, և՛ ռազմական տեսանկյունից ինքը փորձում է Հայաստանի նկատմամբ էական սահմանափակումներ կիրառել, միևնույն ժամանակ շեշտում է, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, խոսում է վերջին շրջանում ռազմական բյուջեի աննախադեպ աճից։
Մի կողմից՝ նա փորձում է Հայաստանին զրկել ինքնապաշտպանության հնարավորություններից, իր իրավունքներից, մյուս կողմից ցույց է տալիս, որ Ադրբեջանը հեռահար նպատակներ ունի, դրա համար էլ զինվում է և պատրաստվում։ Հենց այս տրամաբանության մեջ էլ կրկին առաջ է քաշում ադրբեջանցիների վերադարձի թեման, որը հայկական կողմը շարունակ անարձագանք է թողնում, հավանաբար հույս ունենալով, որ եթե չարձագանքեն դրան՝ այն կփակվի։ Բայց նրանք կա՛մ Ադրբեջանի քաղաքականությունը չեն հասկանում, կա՛մ ուղղակի ջայլամի նման գլուխներն ավազի մեջ են մտցրել։
Մինչդեռ բազմիցս եմ ասել, որ այդ հարցի ճիշտ ու խելացի հասցեագրումը միայն Հայաստանին է օգուտ բերելու, այսինքն՝ եթե հայկական կողմը շեշտի, որ Ադրբեջանը այդ թեմայի շրջանառմամբ հստակ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, Հայաստանի սուվերեն տարածքը ներկայացնում է այլ անվամբ, որը որևէ պատմական, գիտական, աշխարհագրական հենք չունի, ապա ցույց կտա Ադրբեջանի զավթողական, հեռահար նպատակները, ու այդ թեման բացառապես այս տեսանկյունից կներկայացվի։
Ինչ վերաբերում է խաղաղության թեմային առհասարակ, ապա շատ ուշագրավ է, որ Ադրբեջանը, որը վերջին շրջանում ակտիվորեն ձերբակալում է այն մարդկանց, որոնք հայերի հետ որևէ առնչություն են ունեցել, փաստացի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացրել, այսօր խոսում է խաղաղությունից ու ինչ-որ իրավունքներից։ Այս բոլոր թեմաներն ուղղակի կարելի է ուղղել Ալիևի դեմ՝ խելացի ու ճիշտ կշռադատված խոսույթների պարագայում, որը Հայաստանի կառավարությունն իհարկե չի անում։
– Չի էլ անելո՞ւ։
– Չեմ կարող ասել, շատ ուրախ կլինեմ, որ իրենք կարողանան ինչ-որ պահից այդ ամենն ուղղել Ալիևի դեմ: Դեռևս միակ բանը, որ արել են, այդ ամենն ուղղել են Հայաստանի դեմ իրենց անհեթեթ համեմատություններով՝ Արևմտյան Հայաստանի, Արցախի թեմայի հետ։ Այսինքն՝ նրանք Ադրբեջանին արձագանքելու փոխարեն զբաղված են Ադրբեջանին արդարացնելով ու նաև ակնհայտորեն խոսում են հնարավոր դատական հայցերից հրաժարվելու մասին, մինչդեռ այդ ամբողջը նպատակ ունի մի քանի շերտով Հայաստանին զրկել իր հնարավորություններից՝ թե՛ իրավական տիրույթում պաշտպանվելու հնարավորությունից, թե՛ Ադրբեջանի հնարավոր քայլերի, ռազմական գործողությունների դեպքում պաշտպանվելու հնարավորությունից։ Սա մի քանի ուղղություններով Հայաստանին պաշտպանական կարողություններից զրկելու քաղաքականություն է։
– Տիկի՛ն Հայրապետյան, ստացվում է, որ Ալիևը բացահայտ հայտարարեց, որ «խաղաղության» պայմանագրով Հայաստանին իրենք պարտադրում են այնպիսի կարգավիճակ, որում նա ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք չի՞ ունենալու։
– Միանշանակ, իհարկե, այսինքն՝ Ադրբեջանն ուղիղ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, երբ ամեն անգամ զենքի գնումներն արգելելու ու նմանատիպ բովանդակությամբ հայտարարություններ է անում՝ դրա դիմաց երբեք արձագանք չստանալով։
– Այս համատեքստում հետևյալ համեմատությունն եմ ուզում անել. Ադրբեջանը երևակայական ու մտացածին թեզեր է առաջ քաշում, փորձում լեգիտիմացնել ու ամեն կերպ հասնել դրանց իրականացմանը ու դա անում է պետական մակարդակով, իսկ Հայաստանը պետական մակարդակով ոչ մի ձայն չի հանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքվի բանտերից ազատ արձակելու, Արցախում էթնիկ զտման համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու, որոնք կայացած փաստեր են։ Ինչո՞ւ։
– Հոյակապ հարց եք տալիս, որի պատասխանը ես չունեմ։ Եթե Հայաստանում լիներ պետական շահը սպասարկող իշխանություն, ապա ո՛չ Արցախի հետ կապված հարցերում, ո՛չ Հայաստանի քաղաքացիների ու պետության շահերի հետ կապված հարցերում նա չէր գնա բավականին վտանգավոր զիջումների։ Ադրբեջանը Հայաստանի գործողություններից բացառապես շահել է ու իր հանցավոր քայլերը կարողացել է մարսել նաև Հայաստանի իշխանության վարած քաղաքականության շնորհիվ։
Հայաստանի իշխանությունները, փաստական հսկայական ապացույց ունենալով այն ամենի հետ կապված, ինչ տեղի է ունեցել Արցախում, այսօր առհասարակ չեն խոսում այդ մասին։ Հայաստանի ղեկավարությունը փոխարենը հասկանալով, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայերը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ չեն զուտ, ու Ադրբեջանի ներկայացրած հայցերը երկարաժամկետ առումով նպատակ ունեն Հայաստանին կարգել ահաբեկիչ ու ագրեսոր պետություն՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով։
Ներկայում այս իշխանությունը այսօրեական խնդիրներ է լուծում, ամբողջ դաշտը լցրել են անհեթեթ դիսկուրսներով, որոնք ոչ մի իմաստ չունեն, երկրի ղեկավարը բլոգերությամբ է զբաղված, մինչդեռ կարելի է գնալ ու ուղղակի զբաղվել այդ գործով ու դրա համար վարչապետի պաշտոն չզբաղեցնել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















