«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը
– «Բանակի ընկալումը պետք է կերպափոխվի, բանակը խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ պետք է տեղավորվի». դեկտեմբերի 19-ի գործադիրի նիստի ժամանակ այս տեսակետն է արտահայտել Նիկոլ Փաշինյանը։ Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ ասել է «բանակը տեղավորել խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ»։
– Վարչապետի հայտարարությունն ավելի շատ քաղաքական բնույթ ունի, ու քանի որ ընտրությունները մոտենում են, աստիճանաբար վերադառնում է այն նույն թեմաներին, որպեսզի մարդկանց սրտերը շահի՝ որ պատերազմ չի լինի, ձեր տղաները չեն ծառայի, ով էլ պետք է ծառայի՝ կլինի պայմանագրային և այլն։
Կոնկրետ հայտարարությունը քաղաքական հարթության մեջ եմ դիտարկում ու չեմ համարում, որ դա այս պահին իրատեսական է։ Այս թեզն ասվում էր դեռևս 2020-ի վերջից, 2021-ին իշխող ուժն այս լույսի տակ գնաց ընտրությունների, բայց հիմա 2024-ի վերջում ենք, շուտով կսկսվի 2025 թվականը, մենք նույն վիճակում ենք, ինչ 2020-ի վերջում էինք։ Այսինքն՝ բանակը խաղաղությանը հարմարեցնելն իրատեսական չէ, որովհետև նախևառաջ այդ խաղաղությունը չկա։
Երբ ես 2021-ի կեսերին տխրահռչակ աշխարհազորի մասին օրենսդրական փաթեթն էի քննադատում, շատերը, այդ թվում նաև՝ այսպես կոչված իշխանական փորձագետներից, ինձ նախատում էին: Ես ասում էի՝ հարգելինե՛րս, մի մոռացեք, որ ես նախևառաջ գործող իրավաբան եմ ու խնդիրներն այդտեղ տեսնում եմ: Ի դեպ, մի քանի օր առաջ ԱԺ հանձնաժողովում այդ մասին քննարկում էր, ու, ըստ էության, հանձնաժողովն ընդունեց, որ «Պաշտպանության մասին» մասին օրենքի փոփոխությունները աշխարհազորի վերաբերյալ, որ այդպես հանդիսավոր կերպով ընդունեցին, հիմա արձանագրեցին, որ չի գործում։
Փոխնախարարն ասաց, որ որոշ մարզերում չի նշանակվել ղեկավար և այլն, հիմա էլ ուզում են աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, ինչ-որ բան, հիմա դժվարանում եմ հստակ գնահատական տալ, որովհետև վերջնական տեսքը չեմ տեսել, ու հնարավոր է, որ օրենսդրական այդ նախագիծը դեռ փոփոխության ենթարկվի։ Բայց անկախ ամեն ինչից, իմ խորին համոզմամբ, մարտադաշտում պետք է լինի մեկ բանակ՝ մեկ հրամանատարությամբ: Ես երբեք դեմ չեմ եղել, որ հասարակության լայն խավերը ընդգրկվեն բանակի մեջ, բայց պետք է լինի մեկ բանակ՝ մեկ հրամանատարություն։
Եթե դու մարտադաշտում ունեցար զուգահեռ բանակ, ապա դա շատ վատ բանի է բերելու, կբերի նրանց միջև անառողջ մրցակցության՝ սկսած նրանից, որ մեկը մյուսի հետ զինամթերք չի կիսվի, մեկը մյուսի հետ ուտելիք չի կիսվի, մեկը մյուսի անհաջողությունը կնախապատրաստի, իսկ այս ամենը անառողջ մրցակցության հետևանք է լինելու։ Պատասխանատուներ էլ չեն լինելու, որովհետև չես իմանա, թե ումից ինչ պահանջել։
Ընդհանրապես, անցել է աշխարհազորի ու այդ կարգի բաների ժամանակը, մենք Արևմուտքին ենք նայում, բայց Արևմուտքը չունի այնպիսի հարևան ու դրանից բխող սպառնալիքներ, ինչպիսին մենք ունենք՝ ի դեմս Ադրբեջանի, էլ չասեմ Թուրքիան։ Նայում ենք, պայմանական, ԱՄՆ-ի Տեխասի ռենջերներին, ասում ենք՝ նման բան ունենանք, ո՛չ, հարգելինե՛րս, այնտեղ այլ խնդիրներ են, այնտեղ դրանք գրեթե ոստիկանական ստորաբաժանումներ են՝ մի քիչ ավելի, քան ոստիկանական, բայց զգալիորեն պակաս, քան բանակն է։ Իսկ մեզ մոտ ի՞նչ են պատկերացնում, որ գյուղապետը հավաքի իր տղաներին, գնա խնդիր լուծի՞, այսինքն՝ հայոց պետականությունը մեռա՞վ, վերադարձանք 18-րդ դար, երբ ամեն գյուղի քյոխվա իր զինված ո՞ւժն ուներ։
– Ինչո՞ւ գործող իշխանությունը 2020-ից սկսած որոշեց կանոնավոր բանակը վերածել աշխարհազորի, ֆիդայական հավաքի, ըստ ձեզ, ու դա ի՞նչ հետևանք ունեցավ բանակի ընդհանուր համակարգի վրա։
– Նախկին երեք նախագահները, իրենց թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, գիտակցում էին, որ ճիշտը բանակ ունենալն է, ուղղակի բանակը պետք է ավելի լավը լիներ, քան կար։ Բայց հիմա իշխանության են եկել մարդիկ, որոնք արդեն յոթերորդ տարին է, բայց ՀԿ-ական տրամադրություններով են առաջնորդվում։ Բանակը կյանքի ու մահվան հետ խաղացող կառույց է, այսինքն՝ դու պետք է այնպիսի հրամանի բուրգ ունենաս, որ առիթի դեպքում մարդուն հրաման տաս, մարդը մահվան գնա կամ կյանքի համար վտանգավոր իրավիճակում չերկնչի։
Այո՛, բանակը պետք է բարեփոխել, բայց ոչ այս ձևով, որովհետև մեր հակառակորդը կանոնավոր բանակն է, նույնիսկ կանոնավոր բանակով հնարավոր է չդիմանանք հակառակորդին, իսկ ոչ կանոնավոր բանակը շատ վատ բան է՝ միասնական հրամանի բացակայություն, միասնական զինվածության բացակայություն, միասնական խնդիրների բացակայություն։
Մի օրինակ բերեմ, Ուկրաինան պարտվում է ու հետ քաշվում, բայց չի քանդվում, որովհետև 2014 թվականից Արևմուտքը Ուկրաինայում այնպիսի ռազմավարչական ապարատ է ստեղծել, որ ունակ չէ ջարդվելու, կարող է ծռվել, բայց վերականգնվում է, իսկ մեր ռազմավարչական համակարգը քայքայվեց 44-օրյա պատերազմում։
– Պարո՛ն Հակոբյան, մեր տարածաշրջանը, երկիրը գտնվում են այնպիսի՞ վիճակում, որ, Փաշինյանի ասածով՝ բանակն էլ տեղավորենք այդ տրամաբանության մեջ, հարմարեցնենք այդ խաղաղությանը։
– Իհարկե այդպես չէ, հիմա ավելի վտանգավոր վիճակում ենք, անվտանգային իրավիճակն այնքան չի լավացել, որ բանակի վերաբերյալ էքսպերիմենտներ անենք։ Հիմա մեզ պետք էր շատ արագ հասարակության ու պետության ուժերը հավաքելով ունենալ արդյունավետ տնտեսություն, դրանից ծնեցնել արդյունավետ բանակ, որովհետև առանց դրա արդյունավետ բանակ չես կարող ունենալ։
Զարգացած տնտեսության պարագայում հասարակությունը կցանկանա մնալ տվյալ երկրում, պայքարել այդ երկրի համար։ Ցանկացած պետության անվտանգային համակարգը կոմպլեքս է, միայն բանակը չէ։ Բանակը լավ է, պարտադիր տարր է, բայց հաղթող, մարտունակ բանակ ունենալու համար պետք է ունենալ առողջ հասարակություն, զարգացած տնտեսություն, որը ի վիճակի կլինի բանակն սպասարկելու։
Օրինակ՝ Հուստինիանոս Առաջինի բանակը իր ժամանակին Եվրոպայի լավագույն բանակներից մեկն էր, բայց տնտեսությունը չկարողացավ սպասարկել այդ բանակին, ինչի հետևանքով այդ բանակը կրճատվեց, արդյունավետությունն ընկավ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















