Լուսավոր սենյակի մի անկյունում՝ սեղանի վրա, խնամքով շարված են Արմինե Հարությունյանի ձեռագործ աշխատանքները՝ մեկը մյուսից գեղեցիկ ու յուրահատուկ։ Նա ասում է՝ նույն զարդը երբեք երկրորդ անգամ չի պատրաստում։
«Շատ են ինձ դիմել խնդրանքով, որ նույն զարդից պատրաստեմ, կամ նկար են ուղարկել, ասել, որ նույնից պատրաստեմ, բայց երբեք նույն զարդից երկրորդ անգամ չեմ պատրաստում, մետաղի հետ ես աշխատում, ու ամեն անգամ տարբեր է ստացվում»,– ասում է Արմինեն։

Նրա ստեղծած զարդերը հիշեցնում են արվեստի գործեր, որտեղ արծաթը նրբորեն համադրված է կիսաթանկարժեք քարերի հետ։ Seeds of Wind կամ «Քամու բերած սերմեր»՝ սա Արմինեի ստեղծած բրենդն է, որտեղ ասիմետրիկ ձևվածքներում ու խորություններում քարերը տեղադրված են ճաշակով՝ ստեղծելով ներդաշնակություն։ Երբեմն թվում է՝ քո առջև ոչ թե զարդ է, այլ մեծ քանդակի մանրակերտ։
42-ամյա Արմինեն մասնագիտությամբ ճարտարապետ է, հիշում է՝ ավելի քան տասը տարի առաջ էր, երբ հանգամանքների բերումով որոշեց սիրած գործը սկսել։ Միշտ է սիրել արծաթյա զարդեր կրել ու երբեմն գումար չէր ունենում իր ուզածը գնելու, հաճախ էլ չէր գտնում այն, ինչ պատկերացնում էր, ու այդտեղից էլ նրա մեջ մի անկյունում մնաց արծաթյա զարդեր պատրաստելու երազանքը, բայց չէր պատկերացնում, որ թաքուն երազանքն իրեն այդքան հեռուն կտանի։ Արմինեն ճարտարապետի մատիտը փոխարինեց արծաթագործի գործիքներով՝ նոր շունչ ու երանգ հաղորդելով սպիտակ մետաղին։

«Սիրով էի ընտրել ճարտարապետի մասնագիտությունը ու երկար տարիներ աշխատել եմ, տարբեր նախագծերի հեղինակ եմ, բայց հոգու խորքում մի ուրիշ սեր ունեի ու երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր այն կդառնա իմ հիմնական ու միակ աշխատանքը»,– պատմում է Արմինեն։
Երկրորդ երեխայի ծնունդից հետո ֆիզարձակուրդի մեջ գտնվող ճարտարապետը հասկացավ, որ եթե հիմա չփորձի, հետո արդեն անհնարին կլինի։ Որոշեց ու արծաթագործ մի վարպետի գտավ, որ համաձայնեց սովորեցնել արծաթագործության նրբություններն ու ընդամենը 10 դաս անցկացնելուց հետո լքեց երկիրը։ Հետո Արմինեն ինքնուրույն սկսեց զարգացնել արդեն ստացած գիտելիքները։
«Նա միշտ ասում էր, որ կարևորը հիմքը հասկանալն է, մնացածը պետք է ինքդ սովորես։ Այդպես էլ արեցի, գրքերի ու ինտերնետի միջոցով շարունակեցի ուսումնասիրել ու կատարելագործվել։ Հիմա կդժվարանամ հիշել առաջին աշխատանքս, բայց ինչ-որ պահի արդեն հավաքված զարդեր կային, ու դրանք պետք է վաճառեի, որ նոր զարդեր ստեղծելու համար գումար լիներ։ Տեղադրեցի զարդերը համացանցում, ու անսպասելիորեն լավ արձագանք եղավ, զարդերն արագ սպառվեցին, ու դա հիմք եղավ, որ ես շարունակեմ իմ սիրելի գործը»,– հիշում է Արմինեն։
Գործը սկսելու համար Արմինեն օգտվեց պապի՝ Ռաֆայել Մովսիսյանի թողած 600 դոլարից։ Դեռ կենդանության օրոք պապը սովոր էր կյանքի կոչել իր բոլոր երազանքները և նույնն անում էր Արմինեի համար՝ աջակցելով նրա նախաձեռնություններին։ Պապի գումարից 400 դոլար ծախսվեց առաջին գործիքներն ու նյութերը գնելու համար։ Արմինեն խոստովանում է՝ դժվար էր ձեռք տալ այդ գումարին, քանի որ դա պապի վերջին թողածն էր, բայց միևնույն ժամանակ վստահ էր՝ եթե նա ողջ լիներ, հաստատ կողմ կլիներ։ Փոխարենը հարազատներն էին դեմ՝ արդեն կայացած ճարտարապետի մասնագիտությունը թողնելուն և անորոշ ապագա ունեցող, «ոչ կանացի» գործ համարվող հոբբին մասնագիտության վերածելուն։

«Երևի միայն մայրս էր, որ իսկապես աջակցեց ինձ ու թույլ տվեց, որ իրենց տան միջանցքում դնեմ իմ առաջին աշխատանքային սեղանիկը. մեր տունն այդ ժամանակ վերանորոգվում էր։ Աշխատում էի, երբ երեխաները քնած էին։ Ճիշտ է՝ ուշ ժամերին աշխատել չէր ստացվում, որովհետև սեղանիկը մեր տանը չէր, բայց այդ կարճ ժամանակն անգամ բավական էր, որ ազատություն տայի իմ երևակայությանը ու ստեղծագործեի»,– պատմում է Արմինեն։
Ամուսինն էլ, որ զբաղվում էր արծաթագործությամբ, առանձնապես դեմ չէր նրա նախասիրությանը։ Տան վերանորոգումից հետո «արվեստանոցը» տեղափոխվեց արդեն իրենց տուն։
«Տպավորություն էր, թե տարիներ շարունակ ապրել եմ մեր խոհանոցի 5 մետրանոց հատվածում, որտեղ նաև աշխատում էի։ Բայց ժամանակի ընթացքում անհարմարությունները շատացան։ Աշխատանքը փոշոտ է, ու թվում էր՝ արդեն բոլորս հոգնել էինք այդ պայմաններից»,– պատմում է նա։
Արմինեն նշում է, որ միայն վերջերս է հաջողվել գտնել համապատասխան արվեստանոց և վերջապես աշխատանքը տեղափոխել տնից դուրս։ Ասում է՝ այս հարցում էլ շնորհակալ է եղբորը, որ օգնեց արվեստանոցի հարցով, ինչը հնարավորություն տվեց շարունակել սկսած պատմությունը:

Արմինեն որոշել էր չկռվել կարծրատիպերի դեմ, այլ պարզապես ստեղծագործել՝ թույլ տալով, որ իր աշխատանքներն իրենք կոտրեն այդ սահմանները։ Չնայած դրան՝ մինչև հիմա էլ շատ են մարդիկ, որ խղճահարությամբ հարցնում են. «Գոնե մի բան կարո՞ւմ ես աշխատես»։ Բայց Արմինեն 10 տարվա ընթացքում գեթ մեկ վայրկյան չի զղջացել իր կայացրած որոշման համար։ Ժամանակի ընթացքում նույնիսկ ամենաթերահավատ հարազատներն էլ համոզվեցին՝ ընտրությունը սխալ չէր:
«Մարդիկ զարմանում են, երբ իմանում են, որ կին է ստեղծել այս զարդերը, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս այն, որ երբ աղջիկներն են իմանում, ոգևորվում են, ու տպավորություն է, որ իրենք էլ են ուզել միշտ զբաղվել այդ գործով, բայց թույլտվություն չի եղել, քանի որ տղամարդու գործ են համարում և երբ տեսնում են՝ կին է զբաղվում, մտածում են՝ իրենց էլ է կարելի»,– ասում է Արմինեն։

Տես ավելին՝ այստեղ
Այսօր նաև արծաթագործություն սովորելու մեծ պահանջարկ կա։ Իրեն շատ են դիմում, ասում է, ու ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։
«Իմ աշխատանքները հենց սկզբից տարբերվել են հայկական շուկայի ընդհանուր ոճից ու շատ արագ են գտել իրենց տերերին։ Արձագանքները միշտ դրական են եղել, և նույնիսկ հիմա պատահում է, որ փողոցում հանդիպում եմ մարդկանց, ովքեր կրում են տարիներ առաջ պատրաստածս զարդերը։ Ասեմ ավելին՝ եղել է դեպք, երբ Ամերիկայում մարդիկ միմյանց հետ ծանոթացել են հենց իմ զարդերի շնորհիվ։ Տեսել են զարդը, խոսակցություն է սկսվել, և այդպես ծանոթացել են։ Շատ հաճելի է, ինչ խոսք»,– պատմում է նա։
Այդ ամենը հիշելիս Արմինեն նորից զգում է, թե որքան բարդ է եղել հաջողության հասնելու ճանապարհը։ Բայց ասում է՝ ամեն դժվարություն արժեր հաղթահարել, որովհետև ուրախ է, որ երբեք չի հանձնվել։
Արմինեն իր մեծ հաջողություններից է համարում մասնակցությունն իտալական Artistar Jewels ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել նորաձևության մայրաքաղաք Միլանում։
Տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր ներկայացուցիչների կողքին հայտնվել էր նաև ինքն։ Ուղարկել էր իր աշխատանքները, և դրանցից երկուսն ընտրվել էին՝ ցուցադրվելու այդ յուրահատուկ հարթակում։
Ցուցահանդեսում ևս մեկ հայ մասնակից կար՝ Իսպանիայից։ Նման մասշտաբի միջազգային ցուցադրությանը մասնակցելը Արմինեին նորից ինքնավստահություն ու ոգևորություն էր հաղորդել։ Ցուցահանդեսից հետո շատերը դիմել են՝ խնդրելով կրկնել կամ ձեռք բերել ներկայացված զարդերը, սակայն Արմինեն ասում է՝ դեռ պատրաստ չէ նորից փորձել։ Այդ զարդերը պատրաստվել էին հատուկ տեխնիկայով, որի արդյունքում յուրաքանչյուր օրինակ ստացվում է եզակի։
Նա, ընդհանրապես, չի կրկնում իր աշխատանքները և անհատական պատվերներ չի վերցնում։ Նրա համար յուրաքանչյուր զարդ պատմություն ունի՝ միակ և անգերազանցելի։
«Առավոտյան գալիս եմ արվեստանոց, բացում նոթատետրս, քարերը շարում եմ վրան ու նայում։ Այդ պահին քարերից մեկն ինձ սկսում է կանչել ու թելադրել, թե ինչ տեսք պետք է ստանա, ինչ զարդ դառնա։ Այսինքն՝ ես չեմ որոշում, քարերն են որոշում, թե իրենք ինչ են ուզում դառնալ»,– ժպիտով ասում է Արմինեն։
Արծաթագործ վարպետն աշխատում է կիսաթանկարժեք քարերով, երբեմն նաև աճեցված կորունդ, գետի քարեր կամ փայտ է օգտագործում։ Դրանց մի մասն ինքն է ընտրում Վերնիսաժից, մյուս մասն արտերկրից է պատվիրում՝ Հնդկաստանից ու Թաիլանդից՝ հատուկ նախագծերի համար։ Ասում է՝ զարդերից յուրաքանչյուրն իր համար արժեքավոր է, ու լինում են դեպքեր, երբ վերջնարդյունքն իրեն այնքան է դուր գալիս, որ պահում է, չի վաճառում։ Հիշում է՝ զարդերից մեկը Վերնիսաժից գնած հին կոպեկներով էր պատրաստել, ու վզնոցն էր ինքն այնքան էր հավանել, որ իրեն պահեց։

Ճարտարապետի մասնագիտությունը, անշուշտ, իր դերն է ունեցել։ Եռաչափ պատկերները, ձևերն ու կառուցվածքները նոր լուծումներ ու կյանք են ստացել արդեն արծաթագործի ձեռքերում։ Արմինեն նկատում է՝ երկու մասնագիտությունները տարբեր են ոչ միայն նյութով, այլ նաև ազդեցությամբ։ «Եթե ճարտարապետը հաճախ մոռացվում է շինության ավարտից հետո, ապա զարդ կրողի հիացմունքի առաջին հասցեատերը հենց այն ստեղծողն է»,– նշում է նա։
Դրական հույզերը, ասում է, երբեմն դառնում են այն ուժը, որ օգնում են հաղթահարելու ամենադժվար պահերը։ Նրա ձեռքերը, կոփված տարիների աշխատանքով, կրում են ստեղծագործ ուղու հստակ հետքերը։ «Մատներս մի քիչ կոպիտ են, մետաղի հետ մշտական շփման արդյունք, բայց ես հենց այդպիսին էլ եմ սիրում դրանք»,– ասում է նա ժպտալով: – Ճիշտ է, երբեմն մեծ ցանկություն եմ ունենում եղունգներս հարդարելու, բայց գործը թույլ չի տալիս։ Ի վերջո, դրանք ստեղծագործության հիմնական գործիքն են»։
«Պարզապես գիտակցել ու ընդունել եմ, որ դա այն գինն է, որն ինձ համար ունի իմ սիրած գործով զբաղվելու հնարավորությունը»,– ասում է Արմինեն։ Նրա ձեռքերին նաև սպիներ կան՝ գործիքների հետ երկարատև աշխատանքի ընթացքում առաջացած, երբեմն՝ մեխվածի պես խրվում են մաշկի մեջ։ «Այս տրավմաները արծաթագործության անբաժանելի մասն են։ Դա իմ ընտրությունն է, և ես լիովին գիտակցում եմ դրա արժեքը»,– ասում է նա։
Սաթենիկ Հայրապետյան
Լուսանկարները՝ Էմմա Գրիգորյանի
MediaLab.am



















