Այս նախագիծը ստեղծվել է՝ ընտրություններից առաջ Փաշինյանին ու նրա թիմին ուղղված քննադատությունը լռեցնելու նպատակով․ Թովմասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը

– Տիկի՛ն Թովմասյան, զանգվածային լրատվության միջոցներին, բացի հերքման և պատասխանի իրավունքի պահանջ ներկայացնելուց, արդարադատության նախարարության առաջարկով կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ։ Ի՞նչ խնդիրներ է առաջացնելու այս նախագիծը լրատվամիջոցների համար:

– Այս նախագծի հիմնական ռիսկերը պայմանավորված են նրանով, որ տուժելու են իրական լրատվամիջոցներն ու խոսքի ազատությունը, իսկ բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարողանալու պաշտպանել իրենց ու ստիպված են լինելու որոշ դեպքերում հեռացնել իրենց լրագրողական աշխատանքը, եթե այդ նյութի վերնագիրը դուր չի եկել իշխանական որևէ պատգամավորի, նախարարի, գործչի, նրանք կարող են պահանջել, որ այդ նյութն ամբողջությամբ հեռացվի համացանցից: 

Սա նույնիսկ խայտառակություն չէ, սա գրաքննություն է, խոսքի ազատության կոպտագույն սահմանափակում, որովհետև ստացվում է, որ այն լրատվամիջոցները, որոնք նույնականացված են, նրանց գոյության մասին գիտեն բոլորը, խմբագիրներին, լրագրողներին ճանաչում են, դրանք տուժելու են, իսկ անպատասխանատու լրագրությունը զարգանալու է, որովհետև չեն կարողանալու գտնել  «լրատվամիջոցներին» ու նրանց պատասխանատվության կանչել: 

Հազարներով այդպիսի յութուբյան ալիքներ, սոցցանցային էջեր կան, որոնք ատելություն են գեներացնում՝ Պերֆեկտ TV-ներ, որոնք իշխանական նարատիվներով քարոզչություն են իրականացնում: Այդ «լրատվամիջոցների» համար բացվելու է նոր հնարավորություն, իսկ իսկական լրատվամիջոցները, որոնք իշխանության գործունեության մասին բացահայտումներ են անում, նրանց աշխատանքը խիստ սահմանափակվելու է: 

– Ի՞նչ նպատակով է նախարարությունը նման նախագիծ մշակել, եթե արդեն կա կարգավորող օրենք:

– Պաշտոնական աղբյուրներից ստացած իմ տեղեկությունների համաձայն՝ կա Սահմանադրական դատարանի ինչ-որ որոշում, որին, անկեղծ ասած, ամբողջությամբ ծանոթ չեմ, ու, ըստ հղումների, այդ ՍԴ որոշման պահանջն է բավարարվել՝ արդարադատության նախարարության կողմից նման նախագիծ ներկայացնելով, որը, իբրև թե, նպատակ ունի պաշտպանել մարդկանց իրավունքները՝ անձնական, ընտանեկան կյանքի իրավունքը ու պաշտպանել նաև պաշտոնյաներին զրպարտությունից ու վիրավորանքներից: Իրականում սակայն այս նախագիծը մշակվել է, որպեսզի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ քննադատական խոսքը համացանցում արգելվի:  

– Արդյոք սա խմբագրական անկախության դեմ ոտնձգություն չէ՞:

– Միանշանակ սա խմբագրական անկախության դեմ ոտնձգություն է, որովհետև ինչպե՞ս կարելի  է լրագրողից պահանջել հեռացնել իր աշխատանքը, եթե հարց ունես՝ պահանջիր պարզաբանում, հերքում, բայց ի՞նչ է նշանակում պահանջել հեռացնել լրագրողական նյութը: 

Սա շատ վատ նախադեպ է լինելու, շատ վատ, սա նշանակում է, որ, օրինակ՝ եթե որևէ լրատվամիջոց գրում է, որ ՊԵԿ նախագահի տեղակալը, լինելով պետական պաշտոնյա, Կառավարության նիստով անցկացրել է նախագիծ, որի արդյունքում մենաշնորհ է հաստատվել դրոշմապիտակների շուկայում, ու դրոշմապիտակների բիզնեսը մենաշնորհային տեսքով տրվել է մեկ ընկերության: Հետո, հանկարծ, ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվում է պաշտոնից ու դառնում է այդ մենաշնորհ ստացած ընկերության տնօրեն: Հիմա, եթե լրագրողը նյութ գրի ու վերնագրում գրի «կոռուպցիա», «կասկածահարույց գործարք», «անձնական շահ» և այլն, դա կարող է դուր չգալ ՊԵԿ նախագահի արդեն նախկին տեղակալին, նա դիմի դատարան ու պահանջի հեռացնել ամբողջ նյութը: Սա ուղղակի անընդունելի է:

– Նախագիծը ձեր գնահատմամբ օրենքի ուժ ստանալո՞ւ է: 

– Նախագիծը կարող է օրենքի ուժ չստանալ, եթե լրագրողական համայնքը միասնաբար պայքարի սրա դեմ, որովհետև սա ուղիղ հարված է ցանկացած լրագրողի ամենօրյա աշխատանքին:

– Ինչո՞ւ հենց նախկին լրագրող Փաշինյանի իշխանությունն է փորձում այսչափ սահմանափակել լրատվական ոլորտի հնարավորությունները: Ի՞նչ հարց են փորձում լուծել այս կերպ, տիկի՛ն Թովմասյան:

– Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամենաշատն է թիրախավորել լրագրողներին իր իշխանության գալու առաջին իսկ օրից: Լրատվամիջոցի արժեքը լավ հասկանալով՝ փորձում է լրագրողների, լրատվամիջոցների դերը նսեմացնել: Այս նախագծի դեմ միասնաբար պետք է պայքարել, հակառակ դեպքում շատ տխուր հետևանքներ կլինեն գործող իրական լրատվամիջոցների համար, փոխարենը կզարգանան տնայնագործական կայքերը, որոնք չունեն որևէ տեսակի նույնականացում, անհայտ է նրանց գտնվելու վայրը, սրանք մնալու են անպատիժ, իսկ իրական ու օբյեկտիվ լրատվամիջոցները դառնալու են թիրախ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am