Փաշինյանի քմահաճույքի համար ՀԷՑ-ի վաճառքը հարկատուների հաշվին կարժենա կես միլիարդ դոլար. Մեսրոպ Առաքելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը

– Պարո՛ն Առաքելյան, քանի որ արդեն գործում է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը, կխնդրեմ ասեք, թե ի՛նչ մեխանիզմներով պետք է այդ գործընթացը տեղի ունենա: Ի՞նչ հետևանքներ կամ արդյունքներ է ունենալու ՀԷՑ-ի պետականացումը:

– Օրենքը նախատեսում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ որպես խախտումների պատժամիջոց, կարող է նշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, ինչը նախկինում չկար: Ի դեպ, օրենքի այդ դրույթը հակասահմանադրական է, այսինքն՝ ժամանակավոր կառավարիչ կարող են նշանակել նախկինում կատարված խախտումների համար, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ անձը կարող է միայն օրենքն ընդունելուց հետո եղած խախտումների համար պատասխանատու լինել: 

Ինչևէ, ըստ երևույթին, առաջիկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կնշանակի ժամանակավոր կառավարիչ, որը կլինի իշխանության ներկայացուցիչ, իսկ իշխանությունն էլ կթմբկահարի, թե տեսեք՝ արդեն պետությունն է կառավարում ՀԷՑ-ը, բնական է, որ դրանից հետո այդ կառավարչի կողմից ՀԵՑ-ի վերաբերյալ որոշ «բացահայտումներ» կլինեն: 

Ինչ վերաբերում է զուտ պետականացմանը, այսինքն՝ սեփականատիրոջ փոփոխությանը, դա բավականին բարդ գործընթաց է, ու այս օրենքով նախատեսվում է ոչ թե դասական ազգայնացում, այլ նշված է, որ ՀԷՑ-ը որպես հանրային գերակա շահ կարող է դառնալ պետության սեփականություն համապատասխան փոխհատուցմամբ, այսինքն՝ փաստացի գործ ենք ունենալու ՀԷՑ-ի ձեռքբերման հետ ու ոչ թե ազգայնացման, լինելու է փոխհատուցում, ընդ որում՝ շուկայական գինը աուդիտի կողմից հաստատված հաշվետվություններով, միայն ՀԷՑ-ի կապիտալը կազմում է 350 միլիոն դոլար, ու եթե զուտ այդ թվերով ենք նայում, առնվազն կես միլիարդ դոլարի մասին է խոսքը, որպեսզի ՀԷՑ-ը պետականացվի:

– Այսինքն՝ այդ գումարը պետք է վճարի պետությո՞ւնը, ճի՞շտ եմ հասկանում:

– Այո՛, պետական բյուջեից առաջիկայում այդքան գումար պետք է վճարվի Նիկոլ Փաշինյանի կապրիզի համար՝ հարկատուների հաշվին: Եթե ՀԷՑ-ում կային խնդիրներ, ինչը չենք բացառում, ապա պետությունը պետք է աշխատեր մասնավորի հետ ավելի խիստ վերահսկողական մեթոդներով, ավելի բարձր տուգանքներ նշանակեր, որպեսզի ՀԷՑ-ի խախտումներն այլևս չկրկնվեին: Տարբեր մեխանիզմներ կարելի է ներդնել՝ նպատակ ունենալով առաջին հերթին սպառողների շահերի պաշտպանությունը: Իսկ այս դեպքում՝ սեփականատիրոջ փոփոխությունը ամենևին չի ենթադրում, որ սպառողների շահերն ավելի պաշտպանված են լինելու:

– Պարո՛ն Առաքելյան, իսկ կես միլիարդ դոլարը Հայաստանի համար մե՞ծ գումար է, որ պետք է տրամադրվի բյուջեից ՀԷՑ-ը պետականացնելու համար:

– Դա խայտառակություն է, դա Հայաստանի կրթության ու առողջապահության ոլորտների մեկ տարվա բյուջեի չափ գումար է, որը միանշանակ անընդունելի է: Բյուջեում այդքան գումար էլ չկա, ու անհասկանալի է, թե որտեղից են այդ գումարը տալու: Իրենք իրենց քաղաքական կապրիզների ձեռքը կրակն են ընկել ու փորձում են ինչ-որ ձևով գնալ մինչև վերջ: Ամենայն հավանականությամբ, ինչպես ասացի, ՀԷՑ-ը կունենա իշխանական ժամանակավոր կառավարիչ, ու դրանով կհամարեն, որ այն ղեկավարվում է պետության կողմից: 

– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ չեն գնացել դասական պետականացման ճանապարհով:

– Այդ ճանապարհն էլ է ենթադրում հանրային գերակա շահ ճանաչել ու էլի փոխհատուցել, այսինքն՝ Սահմանադրությամբ սեփականությունը պետականացնելու միակ մեխանիզմը համարժեք փոխհատուցում տրամադրելն է: 

Բնական է, որ սա քաղաքական կապրիզ էր ու հանրության համար որևէ դրական արդյունք չի ունենալու: Իշխանությունը չի կարողանալու այս հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող կառույցն աշխատեցնել, ու չեմ բացառում, որ շատ ավելի լուրջ խնդիրներ կառաջանան, քան այս պահին կարող ենք պատկերացնել: 

– Օրինակ՝ ի՞նչ խնդիրներ:

– Այն բարդ կառավարվող համակարգ է ու օրը քսանչորս ժամ կառավարման անհրաժեշտություն ունի, իսկ կառավարությունը չունի այդ հմտությունները, ու լուրջ խնդիրները մի օր դառնալու են անխուսափելի: 

ՀԷՑ-ը միջազգային կազմակերպություններին մոտավորապես 150 միլիոն դոլարի պարտատոմսեր է թողարկել և 200 միլիոն դոլարի վարկ ունի, ու նման խնդիրների պարագայում, վստահ եմ, որևիցե հարկատու չի պատրաստվի հանգիստ ռեժիմով աշխատել ՀԷՑ-ի հետ, այսինքն՝ այդ մասով ևս խնդիրներ են լինելու, իսկ այդ հսկայական վարկերը պետք է ժամանակին մարվեն, որոնց մի մասն արդեն հաջորդ տարի է՝ մոտ 100 միլիոն դոլարի չափ: Իսկ այդ ամենը հնարավոր է, որ ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am