Այս ամենը խաղաղության հետ ոչ մի կապ չունի, աշխարհաքաղաքական խաղ է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, բայց ոչ՝ Հայաստանի ու Ադրբեջանի. Քաղաքագետ

Լուսանկարը՝ «Բուն TV»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը

– «Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրվելուն, եթե ոչ՝ արդեն իրականացված է»,- հայտարարել է Թրամփը՝ հանրապետական սենատորներին ներկայացնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության հաջողությունները։ Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը, իսկապե՞ս այդքան մոտ է պայմանագրի ստորագրումը:

– Սկսենք նրանից, որ Թրամփը երևույթները չափազանցելու սեր ունի, դա իր գործիքակազմի մի մասն է, որով ինքը լուծում է դիվանագիտական հարցերը, այսինքն՝ ներկայացնել իրավիճակն ավելի լավ, քան կա, գործընկերներին ուղղորդել իր համար ցանկալի ուղղությամբ ու ստեղծել պատկեր մեդիայում, այս խնդիրներն է լուծում Դոնալդ Թրամփը: 

Ինչ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին. ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները վարվում են՝ համենայնդեպս, 2022-ից սկսած։ Այդ ժամանակից սկսած կամ նույնիսկ ավելի վաղ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը նույն կերպ անդադար հայտարարում է, որ ամեն բան մոտ է, մինչև տարեվերջ պայմանագիրը կստորագրվի։ Առաջին անգամ նա դա ասել է 2021-ին, բայց մենք տեսնում ենք, որ մինչև այս պահը չկա փաստաթղթի ստորագրում: 

Կան խոչընդոտող հանգամանքներ, որոնց մասին մեզ տեղյակ չեն պահում, ու այդ խոչընդոտող հանգամանքները, բացի առանձին դրվագներից ու կառուցվածքային գործոններից, նաև հանդիսանում են քաղաքական ուժերը՝ մասնավորապես Ռուսաստանն ու Իրանը, որովհետև այսպես կոչված հակամարտության լուծումը բուն հակամարտության հետ կապ չունի, որովհետև մենք տեսնում ենք մի կողմի խաղաղացումը մյուս կողմի հաշվին ու չենք տեսնում ձևաչափը կամ միջոցները, որոնցով ստեղծվում է խաղաղությունը: 

Մենք տեսնում ենք ձևաչափն ու միջոցը, որով ստորագրվում է ինչ-որ թուղթ, ու լուծվում է լրիվ ուրիշ՝ աշխարհաքաղաքական խնդիր, այսինքն՝ ո՛վ է տիրանալու Հարավային Կովկասին ու Կենտրոնական Ասիային, խոսքն այս մասին է: Եթե հաշվի առնենք այս ամենը, ապա, մեծ հաշվով, խնդիրը, որն այս պահին լուծում են, Ռուսաստանի դուրսբերումն է Հարավային Կովկասից, ու նույնիսկ «Եվրոնյուզում» գրվել են հոդվածներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ ջանքերով Ռուսաստանին վռնդում են Հարավային Կովկասից։ Սա է այն խնդիրը, որը լուծում են, ու նաև, որի լուծումը փորձում է ԱՄՆ-ն իրականացնել: 

Այս խնդիրն արագացվեց, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա, ու այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները որոշ գործընթացների հավանություն են տվել, որոնց նկատմամբ մինչ այդ մտավախություն ունեին: Միջանցքի սյս ձևաչափը, որը հիմա քննարկվում է, 2022-ին արդեն բերվել է դաշտ, այդ ժամանակ խոսվել է, որ ամերիկյան կամ արևմտյան ընկերությունը, իսկ ես նույնիսկ լսել եմ, որ այդ ընկերության տեղական աշխատողների մեջ կարող են լինել նաև թուրքեր, զգալի մասով կվերահսկեն միջանցքը: 

Այսինքն՝ տեխնիկապես ամեն բան վաղուց արդեն մշակված է, հարցն այն է, թե ինչպես դա իրագործել հողի վրա, այնպես, որ հիմնական խաղացողները վնասներ չկրեն հողի վրա, իսկ բոլոր վնասները լինեն Հայաստանի հաշվին: Եվ քանի որ չի ստացվում միայն Հայաստանի հաշվին լուծել այս խնդիրը, դրա համար էլ դանդաղում է: Դրա համար էլ ես չեմ կարծում, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, որովհետև ես գործնականում չեմ տեսնում այս հարցերի լուծումը: 

Ես ուզում եմ զգուշացնել, որ պայմանագրի կնքումն ու խաղաղությունը նույնը չեն, իրականում դրանք տարբեր բաներ են, պայմանագրի կնքումով խաղաղություն չի հաստատվում, նույն սխալը գործել են ժամանակին թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ Ռուսաստանը, երբ համարել են, որ այսպես կոչված եռակողմ հայտարարությունը հարցի լուծում է: Ովքեր հասկանում էին տարածաշրջանային հարցի լուծումը, այդ ժամանակ հասկանում էին, որ այն չի աշխատելու: 

Ամփոփելով ասեմ, որ մենք շարժվում ենք դեպի պայմանագրի ստորագրում, բայց ավելի դանդաղ, քան Թրամփն ու Փաշինյանն են ուզում, բայց խաղաղության ուղղությամբ ընդհանրապես չենք շարժվում:

– Ասացիք, որ հիմա գործընթացի էությունը հիմնականում Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է: Ո՞ր երկիրն է փոխարինելու Ռուսաստանին, եթե հաջողվի նրան դուրս մղել Հարավային Կովկասից:

– Պարզ է, որ ԱՄՆ-ն շատ մեծ ջանքեր չի թափելու, որպեսզի այս տարածաշրջանը խաղաղեցնի, մենք տեսել ենք, որ ԱՄՆ-ն այստեղ անմիջապես գործելու ցանկություն չունի, իսկ դա տեսել ենք Վրաստանի օրինակով: 

Եթե միջանցքը լինի նույնիսկ այս ձևաչափով, այսինքն՝ ոչ թե օտարված, այլ արտապատվիրակված, ինչպես հիմա պնդում են Հայաստանի իշխանությունները, նույնիսկ այդ պարագայում մենք ունենք հարցականի տակ դրված Հայաստանի վերահսկողություն այս տարածքի ու ենթակառուցվածքի նկատմամբ, ու դա Ադրբեջանը կարող է մեկնաբանել, որ իրավունք ունի մտնել այդտեղ: 

Ենթադրենք, որ ԱՄՆ-ն իսկապես մտել է այդտեղ, ու թուրքեր էլ չկան կազմակերպության մեջ, բայց գալիս է ինչ-որ պահ, երբ ԱՄՆ-ն հեռանում է կամ վռնդվում է, ինչպես վռնդվեցին ռուսները Ստեփանակերտից, իսկ այդ ժամանակ այնտեղ գալու է Թուրքիան: Այսինքն՝ Թուրքիան այս տարածաշրջանում թե՛ մտադրության տեսանկյունից, թե՛ կարողության տեսանկյունից շատ ավելի մեծ ուժեր ունի, քան ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը: 

Այսպիսով, ցանկացած տեղ, որտեղ մենք զիջում ենք մեր հայկական դիրքը, այնտեղ լցվելու են թուրքերն ու ադրբեջանցիները, սա պետք է հասկանալ: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այս ամենը Հայաստանի խաղաղության հետ ոչ մի կապ չունի, սա ավելի շատ աշխարհաքաղաքական խաղ է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, բայց ոչ՝ Հայաստանի ու Ադրբեջանի: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am