«Համերգ – по вашим заявкам – շարունակվում է. Հայաստան-Ադրբեջան կիբերպատերազմում մեր որակական առավելությունն ակնհայտ է

«Համերգ - по вашим заявкам – շարունակվում է. Հայաստան-Ադրբեջան կիբերպատերազմում մեր որակական առավելությունն ակնհայտ է
«Համերգ – по вашим заявкам – շարունակվում է. Հայաստան-Ադրբեջան կիբերպատերազմում մեր որակական առավելությունն ակնհայտ է

«Համերգ – по вашим заявкам – շարունակվում է։ Իսկ այժմ, Ադրբեջանի կապի նախարարությունը ներկայացնում է Սիսթեմի կիթառահար Դարոն Մալաքյանին»,-գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր պատին` հերթական ադրբեջանական «ջարդած» կայքի հասցեն դնելով:
Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց, ազատություն ու հերոսի դափնիներ շնորհելուց հետո ոչ միայն քաղաքական հասարակական, այլեւ վիրտուալ տիրույթում իսկական կիբեր պատերազմ է սկսել:

Armenian Cyber Army մի քանի օր է, ինչ դասեր է տալիս ադրբեջանական կողմին` հարձակումների ենթարկելով ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այնպիսի կայքեր ինչպիսիք են նախագահի,մշակույթի եւ տուրիզմի, արդարադատության, ինչպես նաեւ առաջին տիկնոջ եւ այլ կայքեր:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Մեդիալաբին» ասում է, որ պայքարը թեժանում է եւ հարձակման են ենթարկվում ոչ միայն Ադրբեջանի պաշտոնական, այլեւ կարեւորություն ունեցող, ինչպես նաեւ ժամանցային կայքեր:

« Բացի դրանից DDoS հարձակումների են ենթարկվել ադրբեջանական հիմնական լրատվականները, որոնք մի քանի ժամով դադարեցրել են իրենց աշխատանքը»,-ասում է Մարտիրոսյանը:

Ըստ մասնագետի, ընդհանուր առմամբ հայկական կողմը ջարդել է 15-ից 20 կայք, իսկ ադրբեջանցիները մոտ 30: Սակայն նա նշում է, որ որակական տարբերությունը բավական մեծ է, քանի որ ջարդած կայքերի մեջ են Ադրբեջանի նախագահականը, երկու պետական կայքեր:

«Կարելի է ասել, որ կրքերը շատ թեժ են։ Ընդանրապես համացանցում գնալով վիրտուալ պայքարը թեժանում է, ցավոք, երկու հասարակությունների միջեւ, ավելի քիչ շփման եզրեր թողելով։ Իսկ այս դեպքը էլ ավելի թեժացրեց իրավիճակը»,-նշում է Մարտիրոսյանը:

Հասարակական ցասումը տարածվել է սոցիալական ցանցերում ադրբեջանցի եւ հայ օգտատերերի էջերում միմյանց սպառնացող մեկնաբանություններ, նկարներ ու վիրավորական խոսքերը գնալով ավելի մեծ քննարկումների եւ մեկնաբանությունների առիթ են հանդիսանում:

«Մարդասպան», «Ոճրագործը պիտի պատժվի», «Սատկելու ես Բուղա» անվանումներով, Ռամիլ Սաֆարովի պատկերով ու հակաադրբեջանական կոչերով, ինչպես նաեւ Հունգարիային որպես ծախված երկիր որակող նկարները պարբերաբար թարմացվում են նաեւ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված Anti safarov խմբում:

Հիշեցնենք, որ հայազգի Գուրգեն Մարգարյանի սպանության համար 2004թ. փետրվարի 19-ին ձերբակալված եւ ցմահ ազատազրկման դատապարտված ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին օգոստոսի 31-ին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց հետո նախագահ Ալիեւը անհապաղ ներում շնորհեց նրան:

Դեպքից ժամեր անց, նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրելով արտակարգ խորհրդակցություն Հայասատնում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների հետ, հայտարարեց, որ Հայաստանը դադարեցնում է դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ:

© Medialab.am