«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը
– Տիկի՛ն Կոստանյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փոխվել է կիսատնային կալանքի, ինչպես ասում են նրա պաշտպանները, նա նաև արդեն հնարավորություն ունի հանդես գալու հարցազրույցներով, ու նախօրեին նրա մամուլի ասուլիսն էր: Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական հարցերի վերաբերյալ հնչեցրած նրա հայտարարությունները:
– Տրամաբանական է, որ պետք է ակտիվանար, որովհետև ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներից է ու նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետևորդներից կլինի: Չէի փորձի խորանալ ասուլիսի մանրամասների մեջ, բայց ակնհայտ էր, որ կարմիր թելի նման ձգվում էր ժողովրդի դեմ մեղադրանքը, ինչը երբեք ընդունելի ու խրախուսելի չէ, որովհետև ցանկացած էլիտայի անդամ այդ պատասխանատվությունը ինքն է կրում, այլ ոչ թե մեղքը բարդում է ժողովրդի վրա:
Ինձ ընդհանրապես դուր չի գալիս մեր քաղաքական դաշտում երկու նախկին նախագահների ներկայացուցիչների գզվռտոցը, տպավորություն ունեմ, որ այս մարդիկ Նիկոլ Փաշինյանից ավելի շատ միմյանց հանդեպ ունեն խնդիրներ ու փորձում են հաշիվներ մաքրել: Սա կա՛մ էգոիզմ է, կա՛մ ամբարտավանություն: Այսօրվա իրավիճակում չպետք է գոյություն ունենար նման պատկեր: Մեկը մյուսի դեմ այս պայքարն ընդամենն օգնում է օրվա իշխանությանը երկար լինել կառավարման ղեկին:
– Կարծում եք, որ նախկին նախագահները դա չե՞ն գիտակցում, թե՞, ինչպես ասում են որոշ քաղաքական գործիչներ, դա մտածված է արվում, որ Փաշինյանի իշխանությունը երկարաձգեն:
– Ես ռեալ պոլիտիկում փորձում եմ առաջնորդվել փաստերով, դրանց հիման վրա կատարել վերլուծություններ՝ ամենևին չընկնելով դավադրապաշտության գիրկը: Խա՞ղ է, թե՞ ոչ՝ մենք երբեք հստակ չենք իմանա, հետևաբար առաջնորդվել է պետք նրանով, ինչ մեր աչքը տեսնում է:
Ես տեսնում եմ, որ այս մարդիկ վաղուց կարծրացել են ու իրենց սպառել են քաղաքական դաշտում, ու ընդհանրապես պետք չէ տրվել նախագահներին պաշտպանելու այդ օրակարգերին, նրանց կրկին քաղաքական դաշտ բերելու միտումի մեջ մտնել, պետք է խոսել նոր ծրագրերի մասին:
30 տարվա ընթացքում մեր քաղաքական դաշտի դերակատարները չհասկացան, որ այդ հին մեթոդները, ձևերն այլևս ակտուալ են, չի կարելի դրանցով առաջնորդվել ու դեղին մամուլով ինչ-որ ասեկոսեներ տարածելով՝ ակնկալել, որ հանրային աջակցություն են ունենալու:
Սա է պատճառներից մեկը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության ղեկին, որովհետև նա ժամանակի ընթացքում հասկացել է, թե քաղաքական միտումներն ուր են տանում, իսկ տվյալ պարագայում երկու նախագահները՝ դեռևս ոչ: Հետևաբար, կա՛մ պետք է իրենք փոխվեն, կա՛մ վերջապես ընդունեն, որ իրենք քաղաքական դաշտում այլևս անելիք չունեն:
– Այսինքն՝ քի՞չ հավանական եք համարում նախկին նախագահների նորից իշխանության գալը:
– Այս պահին շատ-շատ քիչ հավանական եմ համարում՝ նախևառաջ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին տիրապետում է պետական բոլոր լծակներին ու հասկանում է, որ իշխանությունը կորցնելու պարագայում անվտանգային խնդիրներ է ունենալու, երբեք չի զիջելու իշխանությունը: Իսկ նախկին երկու նախագահները չունեն հանրային այն աջակցությունը, որ կարողանան պետական լծակներ ունեցող Փաշինյանին հաղթել: Հանրային աջակցությունը կարող են ունենալ, եթե կողմ թողնեն միմյանց հանդեպ ունեցած հակակրանքը կամ անձնական հաշիվները:
-Տիկի՛ն Կոստանյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետին, թե նախկին նախագահների և նրանց շրջապատի ակտիվացումը հաճախ տեղի է ունենում այն ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանը բարդ իրավիճակում է հայտնվում, ինչը, որոշ մեկնաբանների կարծիքով, նպաստում է նրա վարկանիշի բարձրացմանը։ Համակարծի՞ք եք այս մոտեցմանը:
– Չէ՛, համակարծիք չեմ, որովհետև դա դավադրության տեսություններից է: Քանի չկան նման փաստեր, որ սա համատեղ խաղ է, դրանք մնալու են վերացական թեզեր, որ կարելի է պարբերաբար շրջանառել: Փաշինյանը երբ վատ վիճակի մեջ է հայտնվում, նա շատ լավ տիրապետում է պոպուլիզմի բոլոր գործիքակազմերին, որպեսզի կարողանա դրանցով մոլորեցնել հանրությանը: Ցավոք սրտի, մինչև հիմա դա նրան հաջողվում է, իսկ դրա դեմ նոր մեթոդներ առայժմ քաղաքական դաշտում ես չեմ տեսնում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















