Փաշինյանն այդպիսի կառավարման ձև է նախընտրում, որտեղ Կառավարությունն էլ է ինքը, կաթողիկոսն էլ, գլխավոր դատախազն էլ. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը

– «Ընդհանրապես, եթե կառավարությունում իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»,- Փաշինյանի այս հայտարարությանը մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել, իշխանության որևէ ներկայացուցիչ դեմ չի արտահայտվել, ավելին՝ կան պատգամավորներ, որոնք համաձայն են այս պնդմանը: Այս հայտարարությունը դուք ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ չեղավ արձագանք:

– Սա տեսանելի դաշտում դրսևորումն է այն ամենի, ինչի մասին բազմիցս ասել եմ նաև ձեզ հետ զրույցներում, որ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի դիկտատուրա: Չգիտեմ թե ինչու՝ շատ շատերի համար դա տեսանելի չէ, ասում են, թե ես գույները խտացնում եմ, բայց Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ իրեն սատարող կամ սատարել ցանկացող մարդկանց այսպիսի վատ դրության մեջ է դնում, որ տեղ չի թողնում, որ իրեն ներկայացնեն ժողովրդավարության ձգտող, որպես արժեհամակարգ ունեցող հրաշք անձնավորություն: 

Սա շատ կանխատեսելի իրավիճակ է, ու ես էլի եմ ասել, եթե Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին վերընտրվի, ապա մենք ունենալու ենք դիկտատուրայի այնպիսի դրսևորումներ, որոնց ականատես չենք եղել այս 35 տարվա ընթացքում: Այն բոլոր վատթարագույն օրերը, որ մենք ապրել ենք որպես ավտորիտար ռեժիմ, թեթև ու մանկական խաղեր են թվալու, սա շատ անխուսափելի գործընթաց է։

Ես ափսոսում եմ, որ շատ շատերը, ներկայանալով որպես փորձագետ, որպես ոլորտի հնաբնակ, սկզբունքորեն չեն ուզում տեսնել այս խնդիրները՝ առանց հասկանալու, որ եթե Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչեց իր դիկտատոր լինելը, ապա դա ազդելու է բոլորի վրա, այդ թվում նաև՝ իրենց սատարողների, որովհետև սա արդեն ազդում է իր թիմակիցների ու համախոհների վրա՝ Հովիկ Աղազարյանով սկսեք, մյուսներով վերջացրեք, բոլորս ենք թիրախում, բոլորս:

– Ինչո՞ւ արձագանք չեղավ:

– Արձագանք չէր էլ կարող լինել, որովհետև ո՞վ պետք է խոսեր, նախկին իշխանություննե՞րը, որոնք այդ նույն վարքագիծն են դրսևորել, իհարկե դա կարգախոս չեն հռչակել, ինչի՞ դեմ պետք է բողոքեին, շատ արագ իրենց անցած ճանապարհը իրենց դիմացը կդնեին: 

Նրանք, ովքեր ներկայանում են ընդդիմություն և լիբերալ ուժեր, այդ մարդիկ ևս ապացուցեցին, որ իրենք էլ են բռնության կողմնակիցներ, այդ մարդիկ ուղղակի պաշտոն են ուզում և վերջ: 

Ո՞ր քաղհասարակությունը պետք է խոսեր, այն քաղհասարակությունը, որը վաղուց պրոպագանդիստական դերակատարում է ստանձնել, բնականաբար չէր խոսելու: 

Նրանք, ովքեր մտավախություն ունեն, որ խոսելուց հետո Կառավարության հետ համատեղ ծրագրեր չեն ունենալու, բնականաբար չեն խոսելու, որովհետև իրենց նպատակը ծրագիր ունենալն է, մնացածն էլ, երևի հուսահատվել են, բայց բոլոր հուսահատվածներին, արժեհամակարգ կրողներին հրավիրում եմ միանալ մեզ, միակ տեղն է, որտեղ կգտնեն այդ արժեքները, ու դրանք կյանքի կկոչենք:

– Տիկի՛ն Կարապետյանց, Հայաստանը հիմա բռնապետությո՞ւն կհամարեք, թե՞ բռնապետություն դառնալու ճանապարհին ենք:

– Դեռ կան ժողովրդավարության էլեմենտներ, որոնք գոյություն ունեն ոչ թե նրա համար, որ Փաշինյանն է ուզում, այլ նրա համար, որ դեռ կան բավականին կայացած լրատվամիջոցներ, որոնք պատրաստ չեն զիջել այդ իրավունքը, դեռ կան փաստաբաններ, որոնք պատրաստ չեն զիջել իրենց իրավունքները, դեռ կան քաղհասարակության մեջ շատ փոքր թվով մարդիկ, որոնք պատրաստ չեն հաշտ ու համերաշխ ապրել այս ամենի հետ: 

Դեռ կան դիմադրության օջախներ, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ամբողջապես տարածել իր դիկտատորական ռեժիմը, բայց վերընտրվելու պարագայում, վստահ եմ, ականատես ենք լինելու սարսափելի տեսարանների, անգամ համեմատելու բան չենք ունենա, ինչ գլխներովս անցել է: 

– Ասացիք, որ նախկին իշխանություններն էլ էին այնպես գործում, ինչպես Փաշինյանը, բայց նրանք այդ մասին չէին հայտարարում, ինչո՞ւ է Փաշինյանը նման կեցվածք որդեգրել:

– Որովհետև Նիկոլ Փաշինյանը երբեք չի ձգտել արևմտյան արժեքների, նրան շատ ավելի հոգեհարազատ ու սրտամոտ են այն երկրները, որտեղ գործում է դիկտատուրա: Այս մարդու համար դա է հոգեհարազատ, ի՞նչ ժողովրդավարություն, ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ օրենք: Օրենքն էլ է ինքը, ամեն ինչն էլ ինքն է, ու Փաշինյանն այդպիսի կառավարման ձև է նախընտրում, որտեղ Կառավարությունն էլ է ինքը, օրենքն էլ, կաթողիկոսն էլ, գլխավոր դատախազն էլ, բոլորն ինքն է, միանձնյա ինքն է: Այն մարդիկ, որոնք հիմա սատարում են այս իշխանությանը՝ ասելով, թե ժողովրդավարության են ձգտում, Արևմուտք են գնում, այդ մարդիկ հասարակությանն ուղղակի խաբում են, լկտիաբար ստում են: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am