Սերժի հագով կարված Սահմանադրությունը ձեռնտու է Փաշինյանին. ընտրվելու և վերընտրվելու շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս. Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը 

– Պարո՛ն Հարությունյան, արդարադատության նախարարի խոսքով՝ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին: Ձեր գնահատմամբ՝ Սահմանադրությունն ունի՞ փոփոխության անհրաժեշտություն:

– Եթե Սահմանադրություն ասելով նկատի ունենք Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունը, որը գրվեց, որպեսզի Սերժ Սարգսյանը երկարաձգի իր իշխանավարումը Հայաստանում, ապա այն ոչ միայն պետք է փոփոխվեր, այլև պետք է վերացվեր ընդհանրապես, որովհետև այդ Սահմանադրությունը գրվել էր մեկ մարդու պատվերով, մեկ մարդու համար ու ընտրվել էր ճչացող ընտրակեղծիքներով: Երբ 2018-ին նոր իշխանություն եկավ, նրանց առաջին գործը պետք է լիներ այդ Սահմանադրության վերացումը, ոչ թե փոփոխությունը, այլ՝ վերացումը ըստ էության: 

Բոլոր դեպքերում նրանք հայտարարեցին անմիջապես, որ իրենք անդրադառնալու են այդ Սահմանադրությանը, ու այն չի լինելու, բայց շատ արագ գործող իշխանությունը տեսավ, որ խորհրդարանական համակարգը, որ ընտրել էր Սերժ Սարգսյանը, իշխանավարման այն ձևը, որ ընտրել էր Սերժ Սարգսյանը, շատ ավելի է սազում իրենց, որ դա իրենց ընտրվելու և վերընտրվելու շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս, քան նախագահական կառավարման համակարգի դեպքում կարող էր լինել, որոշեցին թողնել նույնը ու օգտվել Սերժ Սարգսյանի ընձեռած հնարավորությունից կամ նվերից: 2021 թվականի ընտրությունները դրա հետևանքն են, ես կարծում եմ, որ գալիք ընտրությունները նույնպես այդպիսին են լինելու: 

Ես չգիտեմ, թե ի՛նչ փոփոխություններ են նրանք մտցնելու Սահմանադրության մեջ, բայց չգիտես ինչու կարծում եմ, որ չեն փոխելու երկրի կառավարման համակարգը, որովհետև խորհրդարանական համակարգը նրանց տալիս է այն հնարավորությունները, որոնցից ցանկանում էր օգտվել Սերժ Սարգսյանը, բայց մեր ժողովուրդն ըմբոստացավ ու թույլ չտվեց, իսկ այս իշխանության պարագայում ըմբոստության այդ պաշարը դեռ չկա, դեռ նախկինում կուտակված էներգիան չկա, իսկ իրենք շարունակելու են օգտվել: Բայց վստահորեն կարող եմ պնդել, որ ըմբոստության էներգիայի այդ պաշարը լինելու է, և երբևէ մենք իհարկե ունենալու ենք և՛ նորմալ Սահմանադրություն, և՛ նորմալ իշխանություն: 

– Իշխանությունը բազմիցս է հայտարարել, որ եթե մարդիկ դժգոհ են իրենցից, ապա կա՛մ թող հեղափոխություն անեն, կա՛մ թող ընտրությունների միջոցով հեռացնեն իրենց, որովհետև, ինչպես իրենք են պնդում, Հայաստանում 2018-ից հետո ոչ մի ընտրություն չի կեղծվում, այսինքն՝ Սահմանադրությունը չի խանգարում քաղաքացիներին ձևավորել նոր իշխանություն ընտրության միջոցով:

– Սահմանադրությամբ հաստատված այս խորհրդարանական համակարգը հնարավորություն է ընձեռում նաև իրականացնել քիչ թե շատ նորմալ ընտրություն, որովհետև ընտրում ենք ոչ թե մեկ անձի, այլ՝ կուսակցության, անծանոթ անձանց ենք ընտրում, բայց ընտրության այդ համակարգը լինելու հնարավորություն է տալիս: Ոչ միայն Հայաստանում է այդպես, ընդհանրապես խորհրդարանական կառավարման երկրներում է այդպես, այս համակարգը տալիս է այդ հնարավորությունը, այո՛, նաև առանց ճչացող կեղծիքների շարունակել մնալ իշխանության: Իսկ նախագահական կառավարման դեպքում քաղաքացին ընտրում է կոնկրետ անձի, կոնկրետ մարդու, դրա համար դա շատ ավելի ռեալ ընտրություն է, որի հետևից մարդիկ գնում են: Մեր քաղաքացին միշտ էլ՝ սկսած 2003-ից, դուրս է եկել հրապարակ իր քվեն պաշտպանելու: Խորհրդարանական ընտրությունները, եթե ուշադրություն դարձնեք, որքան էլ կեղծված լինեն, դժգոհության մեծ ալիք չեն բարձրացրել, իսկ նախագահական ընտրությունները՝ հակառակը, միշտ են եղել այդպիսին: 

– Պարո՛ն Հարությունյան, չե՞ք կարծում, որ այս դեպքում էլ ընտրում են մեկ անձով պայմանավորված՝ ի դեմս կուսակցության առաջնորդի:

– Իհարկե, առաջնորդներին ունենում են իրենց մտքում, բայց բոլոր դեպքերում սա մի համակարգ է, որ իշխանավարելու մեծ հնարավորություն է տալիս գործող իշխանություններն:

– Ճի՞շտ եմ հասկանում, որ մտավախություն ունեք, որ եթե այսպես կոչված Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը չի փոխվում, ապա Փաշինյանի իշխանությունը անընդհատ վերարտադրվելու հնարավորություն ունի:

– Անընդհատ չէ, բայց շատ հաճախ, այո՛, գալիք ընտրություններն այդպիսին են լինելու, կարծում եմ, դրա համար էլ նրանք շատ վստահ են իրենց ուժերին, ասում են՝ դուրս եկեք ու փորձեք մեզ փոխել ընտրություններով, որովհետև ընտրությունները նրանց տալիս են կրկին ընտրվելու հնարավորություն: Սերժ Սարգսյանի իրավաբանները այդ մի 3-4 հոգին, որոնց անունները բոլորս լավ գիտենք, այդ հաշվարկով էին գրել այդ Սահմանադրությունը, որպեսզի մի տևական ժամանակ, ինչպես ասում էին, «բոլոր ճանապարհներն անցնեին Մելիք-Ադամյանով»: 

– Եթե կարծում եք, որ իշխանությունը կառավարման համակարգը չի փոխելու, ապա ի՞նչ փոփոխություններ են անելու Մայր օրենքում:

– Չեմ կարող ասել, ես չգիտեմ, թե ի՛նչ Սահմանադրություն են առաջարկում, բայց գիտեմ, որ նախկինում՝ 1995-ից առաջ, Հայաստանում Սահմանադրության տեքստը ընդունելուց առաջ տարբեր կուսակցությունների, գործող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, նույնիսկ անհատ երևացող անձանց մասնակցությամբ քննարկվում էր, այդ մասին գրվում էր մամուլում, բոլորս տեղյակ էինք լինում, թե ով ի՛նչ է առաջարկում: Իսկ այս դեպքում տեսնում ենք, որ տարիներ շարունակ այդ տեքստի վրա աշխատում են, հանձնաժողովներ ունեն, բայց ոչ մեկը չգիտի, թե ինչ են քննարկում, գրում: Բոլորովին չգիտեմ, թե ինչ փոփոխություններ են առաջարկելու, բայց կարծում եմ, որ կառավարման այս համակարգն իրենք կպահպանեն, որովհետև այն կուսակցություններին, ոչ թե անհատին ընտրվելու լծակներ ու հնարավորություն է տալիս:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am