Արտաքին բոլոր ուժերի համար Փաշինյանը շատ հարմար թեկնածու է. ճկվող է, իրեն ինչ ասեն՝ պատրաստ է անելու՝ հանուն իշխանության. Անի Սամսոնյան

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյանի (MediaLab.am)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, Նիկոլ Փաշինյանի նախօրեի հարցազրույցը Հանրայինում ի՞նչ նպատակ ուներ։ Ո՞րն էր ուղերձը: 

– Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ուղերձը շատ պարզ է, բնականաբար՝ նախընտրական՝ ուղղված իր ընտրողներին: Այն նպատակ ուներ ևս մեկ անգամ հաստատելու և համոզելու ժողովրդին, թե Փաշինյանը խաղաղություն է բերել Հայաստանին ու դրա հետ միաժամանակ մեծ ծրագրեր ու ներդրումներ, որոնք երաշխավորելու են այդ խաղաղությունը: Գլխավոր մեսիջն այն էր, որ ինքը 99 տարով ԱՄՆ-ին տալով ճանապարհի վարձակալության իրավունք, իրականացնում է պատմական մի նախագիծ, որը 99 տարով խաղաղություն է երաշխավորելու Հայաստանի համար: 

Սա, բնականաբար, մեծագույն սուտ ու մանիպուլյացիա է, որովհետև Նիկոլ Փաշինյանը երևի թե չի կարդացել համաշխարհային պատմություն ու չգիտի, որ աշխարհում չկա այնպիսի երկիր, վայր, որտեղ ԱՄՆ-ն կամ որևէ երկիր ունենա ռազմական, տնտեսական ներկայություն, ու դա տվյալ երկրի համար գրեթե մեկ դար երաշխավորի անվտանգություն: Նման բան գոյություն չունի, որովհետև աշխարհաքաղաքական շահերը շատ արագ փոխվում են ու հատկապես վերջին ժամանակներում, երբ հին աշխարհակարգը փլուզվել է, սա պարզապես քաղցր սուտ է հայ ընտրողների համար:

– «Ես շատ ուղիղ և ջերմ հարաբերություններ ունեմ Վլադիմիր Պուտինի հետ, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում»,- ասում է Փաշինյանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը, նկատի ունենալով, որ Փաշինյանի քաղաքական թիմը բազմիցս մեղադրել է Ռուսաստանին Հայաստանում հիբրիդային պատերազմի մեջ։

– Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելով նա երեք շեշտադրում արեց. առաջինը, որ ինքը լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ, ցույց տալով ժողովրդին, թե ուղիղ կոնտակտով, ցանկացած պահի ցանկացած հարց կարող է լուծել Ռուսաստանի նախագահի հետ: 

Երկրորդ՝ Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես ուժեղ աշխարհաքաղաքական խաղացող, որը փորձում է Հայաստանում համադրել Ռուսաստանի և Արևմուտքի շահերը այս բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց ես համոզված եմ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին են գծել իրենց շահերի բախման ու խաղալու սահմանաչափը Հայաստանում, այսինքն՝ նրանք են որոշել, թե յուրաքանչյուրը որքանով կարող է տեղ ունենալ, ու ԱՄՆ-ի նոր ազդեցությունը որքանով կարող է չանցնել Մոսկվայի կարմիր գծերը: Վաշինգտոնն ու Մոսկվան միանշանակ միմյանց հետ համաձայնեցրել են սա, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն խաղում է այս շրջանակում: Դրանով է նաև պայմանավորված Նիկոլ Փաշինյանի հանգստությունը Կրեմլի մասով, որովհետև ինքը գիտի՝ Մոսկվան ու Վաշինգտոնը ունեն գծած այդ սահմանաչափը, ու ինքը պետք է ընդամենը խաղա՝ չխախտելով այդ սահմանաչափը: 

Սրանով է նաև պայմանավորված, որ ԱՄՆ փոխնախագահի այցից առաջ ՀՀ Ազգային ժողովի նախագահը գնում է Մոսկվա ու փորձում ինչ-որ երաշխիքներ տալ Մոսկվային, հիշեցնում ևս մեկ անգամ, որ իրենք ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս չեն գալիս, որ Արևմուտքի հետ հարաբերությունները չեն հակասում Մոսկվայի շահերին: 

Երրորդ՝ քանի որ Հայաստանում նախընտրական շրջանում կան ուժեր, որոնք իրականում պրոռուսական են ու խոսում են այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են ԵԱՏՄ-ի հետ տնտեսական խնդիրները, որոնք իսկապես առկա են, ու այդ ռուսամետ ուժերը կարողանում են այդ բողոքը կապիտալացնել, Փաշինյանը, ասելով, որ չի պատրաստվում կռվել Մոսկվայի հետ, կարծես թե հանգստացնում է ընտրողների այն սեգմենտին, որոնք իրենց վրա անմիջապես զգում են Մոսկվայի հետ լարված հարաբերությունների տնտեսական հետևանքները: 

Ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմներին, ապա ասեմ, որ այս քննարկումները հիմնականում ստեղծվում են ներքին լսարանի համար, որպեսզի մարդիկ զգան իբր թե Մոսկվայից եկող վտանգը ու դիտարկեն իշխանությանը՝ որպես Արևմուտքի հետ շահերը բալանսավորող ու իրենց Մոսկվայից պաշտպանող: 

Պետք է ասեմ նաև, որ հիբրիդային պատերազմների մասով Մոսկվան բավականին օգնում է իշխանական այս քարոզչությանը Հայաստանում, որովհետև իշխանությանը անընդհատ հիբրիդային պատերազմներից խոսելու նյութ է տալիս, բայց ակնհայտ է, որ այս թեման չափազանցված է ու ընդամենն ունի մեկ նպատակ՝ ընտրություններից առաջ ուղղակի թեժ պահել բորբոքված հակառուսական տրամադրությունները, բայց այդ մասին չխոսել ուղիղ Կրեմլի հետ այնպիսի տոնայնությամբ, որպեսզի խնդիրներ չստեղծվեն: 

– Տիկի՛ն Սամսոնյան, նախընտրական շրջանին ընդառաջ ի՞նչ քաղաքականություն է որդեգրել գործող իշխանությունը։

– Նախընտրական շրջանում Փաշինյանի համար շատ կարևոր է ստանալ երկու բան՝ արտաքին աջակցություն և ներքին աջակցություն: Արտաքին աջակցության մասով, պետք է ասեմ, որ Փաշինյանը գրանցում է հաջողություններ, որովհետև նախ ինքը ստացավ Բրյուսելի աջակցությունը այն իմաստով, որ Բրյուսելն ուղիղ հայտարարեց, որ պատրաստ է միջամտելու ՀՀ նախընտական գործընթացներին՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն Հայաստանին, որպեսզի իշխանությունը պայքարի իբր թե ռուսական հիբրիդային հարձակումների դեմ, բայց իրականում այդ գումարները ուղղվելու են մրցակից քաղաքական ուժերի դեմ պայքարի գործին: 

Փաշինյանին հաջողվեց ստանալ նաև Վաշինգտոնի աջակցությունը, որովհետև ԱՄՆ փոխնախագահն իր այցի ժամանակ մեսիջներ հղեց հայ ժողովրդին, որ իրենք պատրաստ են աշխատելու Փաշինյանի հետ, որովհետև նա լավ գործընկեր է: 

Փաշինյանն աջակցություն ունի Թուրքիայից. Թուրքիայի արտգործնախարարն անուղղակի մեսիջ է հղել, որ իրենք ուզում են աշխատել Փաշինյանի հետ: Պետք է նշեմ, որ Արևմուտքի ազդեցությունն ու ակտիվությունը Հայաստանում միշտ անցնելու է թուրքական շահերի պրիզմայով, այս երեքի շահերը Հայաստանում համընկնում են, ու իզուր չէ, որ և՛ Բրյուսելի, և՛ Վաշինգտոնի դեպքում շատ կարևոր է, օրինակ, հայ-թուրքական սահմանի բացումը, ու Վենսի այցի նպատակը ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելն էր, այլ նաև՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը, որը լրացուցիչ դիվիդենտներ կտա Փաշինյանին: 

Փաշինյանն աջակցություն ունի նաև Մոսկվայից, Մոսկվան ոչ թե ուղիղ մեսիջներ է հղում հայ ժողովրդին՝ աջակցություն հայտնելով, այլ Մոսկվան օգնում է Հայաստանում բորբոքել հակառուսական տրամադրություններ՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի, խոսքը հենց այդ հիբրիդային պատերազմի մասին է, որ Կրեմլից նպատակաուղղված արվում է: Բոլորի համար Փաշինյանը շատ հարմար թեկնածու է, որովհետև ճկվող է, իրեն ինչ ասեն՝ նա պատրաստ է անելու՝ հանուն իշխանության, այդ պատճառով էլ ունի արտաքին բոլոր ուժերի աջակցությունը: 

– Այս պահին ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի քաղաքական թիմի վերընտրվելու հավանականությունը։

– Ինձ համար ակնհայտ է, որ ընտրություններում անցողիկ շեմը ամենաշատ ձայներով հաղթահարելու է ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որովհետև նրանք չարաշահելու են վարչական ռեսուրսը: Չեմ բացառում, որ Փաշինյանն ինչ-որ կերպ միջամտի, կեղծի ընտրությունների արդյունքները, եթե զգա, որ դրանք հօգուտ իրեն չեն: 

Ընդդիմությունը նվազագույն խնդիր պետք է դնի իր առաջ, որ Փաշինյանը չստանա 50 + 1 ձայներ, առավելագույն խնդիրը, իհարկե, որ կարողանան վերցնել իշխանությունը: 

Մեծ թվով փոքր կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին ևս օգնելու է Փաշինյանին, որովհետև դրանք ձայներ են փոշիացնելու: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am