Մեր իշխանությունը Սահմանադրություն կամ օրենք չի խախտել պաշտոնավարման 8 տարվա ընթացքում. Ալխաս Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը 

– Տիկի՛ն Ղազարյան, նախօրեին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, որի թեկնածության համար սակայն կան սահմանադրական և օրենսդրական խոչընդոտներ: Սակայն, ինչպես հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, Սահմանադրության 148-րդ հոդվածը փոփոխության կենթարկեն ԱԺ-ի քվեարկությամբ, երբ մեծամասնություն կազմեն ընտրություններից հետո: Ձեր գնահատականը խնդրեմ:

– Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ միայն վարչապետի թեկնածու, այլ նաև պատգամավոր, որովհետև դա չի թույլատրվում Սահմանադրությամբ ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով. պետք է լինի բացառապես ՀՀ քաղաքացի, 25 տարին լրացած, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող անձ: Ավել ոչինչ չեմ ուզում ասել:

– Սահմանադրության կոնկրետ հոդվածի փոփոխության մտադրության մասով ի՞նչ կասեք:

– Ես չեմ ուզում իրավական մանրամասների մեջ մտնել, բայց, ինչպես ասացի, միայն Սահմանադրությունը չէ, որ արգելքներ ունի: Իսկ նրանց այդ մտադրությունը ցույց է տալիս իրենց անլուրջ վերաբերմունքը երկրի, պետության, Սահմանադրության և այլնի վերաբերյալ: 

– Ձեր գնահատմամբ՝ նրանք իրավական այս նորմերի մասին տեղյակ չե՞ն, որ Սամվել Կարապետյանին առաջադրել են վարչապետի թեկնածու:

 -Իրականում չեմ ուզում անդրադառնալ նրանց, որովհետև շատ անլուրջ եմ վերաբերվում:

– Ըստ ձեզ՝ այս ամենի քաղաքական նպատակը ո՞րն է:

– Այդ հարցով իրենց կարող եք դիմել, ես ավելացնելու բան չունեմ, ակնհայտ է մի բան, որ իրենց առաջադրած թեկնածուի համար կան ակնհայտ սահմանադրական ու օրենսդրական արգելքներ:

– Դուք խոսում եք նրանց «անլուրջ վերաբերմունքի» մասին Սահմանադրության, օրենքների վերաբերյալ, բայց ընդդիմադիր շատ գործիչներ «զավեշտալի» են համարում այն, որ հենց դուք եք խոսում Սահմանադրությունը հարգելու, օրենքները պահելու մասին, որովհետև ասում են, որ Սահմանադրության խախտման ցցուն օրինակ է ձեր կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելը:

– Մենք երբևէ չենք փորձել միջամտել Եկեղեցու ներքին գործերին, մենք ունենք խնդիր այս պահին Եկեղեցին զավթած անձի ու նրա նեղ շրջապատի հետ, որովհետև կարծում ենք, որ նման անձը չի կարող լինել մեր Եկեղեցու կաթողիկոսը, ինչպես ինքն է իրեն հռչակել: Հետևաբար, մենք կարծում ենք, որ Եկեղեցին ունի բարենորոգման կարիք, ու մենք գնում ենք այդ ճանապարհով: 

– Սահմանադրությամբ պետությունն ու Եկեղեցին տարանջատված են։ Ձեր հայտարարությունները և գործողությունները այդ տարանջատման սկզբունքին չե՞ն հակասում։

– Մենք դա անում ենք առաջին հերթին որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետևորդ, այսինքն՝ այստեղ Սահմանադրության խախտում չկա, որովհետև ՀՀ քաղաքացին ու Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հետևորդը ցանկանում է տեսնել այն Եկեղեցին, այն հավատավոր հոտը, որը պետք է լինի եկեղեցում ու պայքարում է դա ունենալու համար, ինչպես 2018-ին ուզում էինք ունենալ ժողովրդավար պետություն, որտեղ ընտրությունները կլինեին թափանցիկ ու մրցունակ, ճգնաժամային այդ իրավիճակը կհաղթահարվեր, ու ՀՀ քաղաքացին կունենար արժանապատիվ կյանք իր երկրում, ինչպես այսօր է: 2018-ին եղավ հեղափոխությունը, ու փոխվեցին բոլոր կարգերը, այս պահին էլ փոքր հեղափոխության կարիք ունի Եկեղեցին:

– Սահմանադրության, օրենքների ոչ մի խախտում այս 8 տարվա ընթացքում ձեր քաղաքական թիմը թույլ չի՞ տվել:

– Եթե մեկ օրինակ գիտեք՝ ասեք:

– Ընդդիմությունը պնդում է, որ դատական իշխանության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձին SMS-ով աշխատանքից հեռացնելն արդեն իսկ օրենքի խախտում է, ինչն արել է Նիկոլ Փաշինյանը:

– Վստահ եմ, որ եթե մեր ընդդիմադիրները նման բան նկատած լինեին ու դա համարեին օրենքի խախտում, ապա մեկ վայրկյան չէին հապաղի իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու համար: Վարչապետը կարող է իր աշխատակազմի, կառավարության հետ աշխատել այնպես, ինչպես ուզում է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am