Եթե Եկեղեցին դիմի ՄԻԵԴ, հավանականությունը շատ մեծ է, որ Հայաստանն այդ գործի շրջանակներում պարտվող դուրս գա․ Տարոն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը 

– Պարո՛ն Սիմոնյան, Կառավարության հնգամյա ծրագրում առանձին անդրադարձ կա Հայ Առաքելական Եկեղեցու, ինչպես իշխանություններն են ասում՝ բարենորոգմանն ու Վեհափառի հեռացմանը: Կխնդրեմ միջազգային օրենքների ու կոնվենցիաների համատեքստում գնահատեք հարցը:

– Այն, որ ներպետական իրավունքի հետ կապված խախտումներն ակնհայտ են, բազմիցս ենք նշել, այն սկսվում է Սահմանադրությունից ու մի քանի օրենքներով գնում՝ «Խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների մասին»: Այս բոլոր օրենքներն ուղղակիորեն խախտվում են կառավարության այսպիսի քաղաքականության հետևանքով, ու նաև ուրիշ օրենք ունենք, որը վերաբերում է հենց պետության և Եկեղեցու հարաբերություններին՝ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին», այս օրենսդրական բազան կա, ու այն խախտվում է: 

Միջազգային պայմանագրերը, որոնք որ այս կամ այն կերպ անդրադառնում են կրոնական կազմակերպությունների ազատություններին, կարելի է ասել, որ մի քանի ուղղություններով են անդրադառնում: Նախ պարտավորեցնում են պետություններին, որ կրոնական կազմակերպություններին ինքնակառավարում տան, դա և՛ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված, և՛ մարդու իրավունքների մի շարք կոնվենցիաներով արտահայտված է, ու տարածաշրջանային իրավապայմանագրային բազան է դրա մասին խոսում, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որն ունի նաև ուղղակիորեն վեճերը լուծող մարմին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մեխանիզմներ կան, որ այդ կոնվենցիայով երաշխավորված իրավունքները պետք է պաշտպանվեն: Որ ասում ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, դա վերաբերում է նաև այն կազմակերպություններին, որոնք նաև կրոնական, դավանաբանական, խղճի, մտքի ազատության շրջանակներում են իրենց գործունեությունը ծավալում, այսինքն՝ այդ կոնվենցիան նաև տարածելի է այս հարաբերությունների վրա: 

ՄԱԿ-ի շրջանակներում էլ կան շատ մեծ թվով կոնվենցիաներ, կարող ենք սկսել միայն Քաղաքացիական և քաղաքական ու իրավունքների մասին միջազգային դաշնագրից, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրից և այլ կոնվենցիաներ, կոնկրետ կրոնական ազատությունները երաշխավորող առանձին կոնվենցիաներից, որոնց անդամ է նաև Հայաստանը: Բայց այս բոլոր կոնվենցիաները պետությանը հնարավորություն են տալիս, որ ինքը որոշի, թե ինչպես է հարաբերվում կրոնական կազմակերպությունների հետ, դրանք ուղղակի կարգավորում չեն տալիս, դրանք տալիս են այն նվազագույն շեմերը, որից ներքև պետությունները չպետք է իջնեն, որքան ուզում ես ավելի շատ իրավունքներ երաշխավորիր քո կրոնական կազմակերպություններին: 

Հիմա, մեր պետությունը Սահմանադրությամբ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցուն տվել է առանձնահատուկ կարգավիճակ, այսինքն՝ ավելի շատ իրավունքներ է վերապահել Եկեղեցուն, քան սահմանվում են միջազգային կոնվենցիաներով: Ստացվում է, որ մեր ներպետական օրենսդրությունը շատ ավելի բարձր իրավապաշտպանական մեխանիզմ է սահմանում մեր Եկեղեցու համար, քան միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդունված կոնվենցիաներով, բայց մեր այսօրվա կառավարությունը ոչ միայն խախտում է մեր օրենքներն ու Սահմանադրությունը, այլև այնքան խորն է գնում, որ խախտում է նաև այդ կոնվենցիաներով սահմանված նվազագույն շեմերը: 

Այստեղ է, որ խնդիր է առաջանում, որ ասում ենք՝ հարգելի՛ կառավարություն, ախր դու խախտեցիր քո ժողովրդի ընդունած օրենքները, դու խախտեցիր Սահմանադրությունը, դու խախտում ես նաև քո վավերացրած միջազգային կոնվենցիան, որը պաշտպանական ամենանվազագույն շեմն է: Իսկ կառավարությունն ընդամենը ասում է՝ լավ եմ անում, չի ասում՝ չեմ խախտում, ասում է՝ լավ եմ անում, պատկերացնո՞ւմ եք հանդգնության աստիճանը: Սա արդեն իրավական պետություն չի դառնում, սա լրիվ ավտորիտար, տոտալիտար պետություն է դառնում, որովհետև կառավարությունն ասում է՝ ես ավելի լավ գիտեմ, թե կրոնական կազմակերպության ներսում ով պետք է ղեկավար լինի, ինչպես կառավարվի, անուններով է կոչում այդ մարդկանց, այլ ոչ թե՝ ինչպես ընդունված է այդ կրոնական կազմակերպության ներսում:

– Այդ պարագայում Եկեղեցին ինչպե՞ս կարող է պաշտպանել իր իրավունքները:

– Առաջին մակարդակում ներպետական դատական մարմիններում իրավունքների պաշտպանությունն է իհարկե, երկրորդը՝ եթե սպառվում են Հայաստանում գործող դատական մարմինների պաշտպանությունը, կարող է օգտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հնարավորություններից, իսկ այնտեղ մենք բավականին մեծ թվով գործեր ունենք՝ այլ պետությունների շրջանակներում ընդունված՝ Բուլղարիա, Հունաստան և այլն, որտեղ Եվրոպական դատարանը բավականին խիստ չափորոշիչներ է սահմանել պետություն-եկեղեցի հարաբերություններում՝ սահմանելով, որ պետությունը պետք է ձեռնպահ մնա ավելորդ միջամտություններից, մեր պարագայում ոչ թե ավելորդ միջամտություն է, այլ ուղղակիորեն ինքնակառավարման խախտում է: Անհասկանալի է, թե գործող իշխանությունը սրանով ինչ է ուզում ասել, որ ոչ մի օրենք չպե՞տք է գործի Հայաստանում, միայն իրենց ղեկավարի կա՞մքը պետք է գործի: Սա հուշում է, որ մենք գնում ենք տոտալիտար պետության ճանապարհով: 

– Պարո՛ն Սիմոնյան, այդ ծրագրով նախատեսվում է մինչև 2031 թվականը հեռացնել Գարեգին Բ-ին: Ի վերջո, այս գործընթացն իշխանության համար ցանկալի արդյունքով կավարտվի՞:

– Դա չպետք է տեղի ունենա, որովհետև այն ուղղակիորեն ամբողջովին խախտում է մեր օրենսդրական համակարգը՝ և՛ ներպետական, և՛ միջազգային: Երկրորդը՝ բարոյականության տեսանկյունից կառավարության ղեկավարը կամ իշխող քաղաքական ուժը ի՞նչ է իրենից ներկայացնում, որ ուզում է մեր 1700-ամյա կրոնական կազմակերպության ներսում որոշումներ կայացնել: Այդ կազմակերպությունն ունի իր ներքին ինքնակառավարման մարմինները, ունի բարձրագույն մարմին, որն ընտրում է Կաթողիկոսին, չունի Կաթողիկոսին հեռացնելու մեխանիզմ, բայց ունի նորին ընտրելու մեխանիզմ գործող Կաթողիկոսի մահվան կամ պաշտոնավարման անհնարինության դեպքում: Կառավարության այս քայլերն ակնհայտ ապօրինություն են, որոնք չեն տեղավորվում ո՛չ բարոյականության, ո՛չ օրենքի, ո՛չ կանոնական իրավունքի շրջանակներում: 

– Եթե Եկեղեցին դիմի ՄԻԵԴ, ապա հաղթելու հնարավորությունները մե՞ծ են:

– Որպես փաստաբան իրավունք չունեմ հստակ ասելու՝ այո կամ ոչ, բայց կարող եմ գնահատել, որ հավանականությունը շատ-շատ մեծ է, որ Հայաստանն այդ գործի շրջանակներում պարտվող դուրս կգա, ու դիմող կողմը կհաղթի: Հետո պետք է հաշվի առնել արդեն եղած պրակտիկան, որը, ինչպես ասացի, անգամ չնչին միջամտությունը որակել է որպես կոնվենցիայի խախտում: Բայց մեր Եկեղեցին մինչ այս խուսափել է իր խնդիրները դատական ատյաններում լուծելուց, ես չգիտեմ, թե այս պարագայում ինչ դիրքորոշում կունենա: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am