«Լոուքոսթ ավիաընկերությունները շուկայի միայն 1/3-ում աշխուժություն կմտցնեն, բայց հիմնական խնդիրը ռուսական ուղղություններն են». Հակոբ Ճաղարյան

«Լոուքոսթ ավիաընկերությունները շուկայի միայն 1/3-ում աշխուժություն կմտցնեն, բայց հիմնական խնդիրը ռուսական ուղղություններն են». Հակոբ Ճաղարյան
«Լոուքոսթ ավիաընկերությունները շուկայի միայն 1/3-ում աշխուժություն կմտցնեն, բայց հիմնական խնդիրը ռուսական ուղղություններն են». Հակոբ Ճաղարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՀՀ վարչապետի խորհրդական, ավիացիայի ոլորտի փորձագետ Հակոբ Ճաղարյանը:

– Պարո՛ն Ճաղարյան, քաղավիացիայի կոմիտեի նախագահը հայտարարել է, որ հնարավոր է հաջորդ տարի տեղական փոխադրող ունենանք։ Ի՞նչ կարող է սա փոխել ավիացիայի ոլորտում, և արդյոք խոսքը ազգային փոխադրողի մասի՞ն է։

– Ազգային փոխադրողը հարաբերական հասկացություն է։ Այն ընդհանրապես երկրի միակ կամ հիմնական փոխադրողն է, որը պարտադիր չէ, որ պետության կողմից հիմնված լինի։ Այն կարող է լինել ոչ պետական, կարող է լինել պետության մասնակցությամբ։

Երբ ասում են՝ տեղական փոխադրող կունենանք, դա խոսում է տեղական փոխադրողի կոնկրետ ծառայությունների արտահանման է և արտարժույթի ներմուծման մասին։ Այսինքն՝ տեղական ավիափոխադրողը երկրին շատ օգուտ է, այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Դա կնպաստի թռիչքների ցանցի ընդլայնմանը, մրցակցության բարձրացմանը, ծառայությունների որակի բարձրացմանն ու գների իջեցմանը։ Տեղական փոխադրողն առաջին հերթին մրցակցություն է, առանց տեղական արտադրողի դրսի ընկերություններն են իրար հետ մրցում, իրար հետ կարող են պայմանավորվել։ Իսկ տեղական փոխադրողի հետ չեն կարող պայմանավորվել, տեղական արտադրողը երկրի շահերն է ներկայացնում։

Պետությունն անձամբ իր գումարներով չի պատրաստվում տեղական փոխադրող ունենալ, և դա ճիշտ է։ Ընդհանրապես շատ երկրներում դա մասնավորներն են անում, բայց պետությունը կարող է մասնակցել։

Ինչ վերաբերում է ազգային ավիափոխադրողին, ապա տեղական ավիափոխադրողը, որը կատարում է տեղական ավիափոխադրումների մեծ մասը կամ ընդհանրապես միակ փոխադրողն է, կոչվում է ազգային փոխադրող։ Մենք հիմա ունենք ավիաընկերություն՝ «Արմենիան», բայց այդ ընկերությունը ազգային փոխադրող չէ, շուկայում զգալի դիրք չի զբաղեցնում։ Այսինքն՝ ազգային փոխադրողն այն տեղական կայացած ընկերությունն է, որը շուկայում կարողանում է հաջողությունների հասնել։ Իմ ասածը դա է եղել միշտ։

– Արդեն երկրորդ բյուջետային ավիաընկերությունն է հայտարարել Հայաստանից թռիչքներ իրականացնելու մասին։ Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ի ապրիլից ուղիղ չվերթեր կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս, սա ի՛նչ կարող է փոխել հայաստանյան ավիացիայի շուկայում։

– Եվրոպական ուղղությունները հայկական ավիաշուկայի 1/3-ն են կազմում, մնացած 2/3-ը ռուսական ուղղություններն են։ Լինի լոուքոսթ, թե այլ ընկերություն, նա, միևնույն է՝ պետք է տեղավորվի շուկայի 1/3-ում։ Այսինքն՝ շուկայի 1/3-ում նրանք, իհարկե, աշխուժություն կմտցնեն, բայց հիմնական խնդիրը շուկայի մնացած հատվածն է՝ ռուսական ուղղությունները, որտեղ հավասար իրավունքներ ստանալու համար մենք աշխատանքներ տանում ենք։

– Ռուսական ուղղությունների վերաբերյալ տարիներ շարունակ խոսել են այն մասին, որ մենաշնորհ է ստեղծվել ռուսական ընկերությունների կողմից, այդ պատճառով տոմսերը թանկ են։ Ձեր նշած աշխատանքներն այդ հարցերի լուծմա՞նն են անդրադառնում։

– Մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում՝ նրանց կողմից հավասար մուտքային պայմաններ ստանալու համար, որովհետև մենք մեր կողմից հավասար պայմաններ նրանց տվել ենք։ Դրա շուրջ աշխատանքներ են կատարվում, ես շատ մանրամասներ  չեմ կարող ասել։ Իրականում շուկայում ոչ թե մենաշնորհ է, այլ ոչ հավասար պայմաններ, որի շուրջ պետական մակարդակով աշխատանքներ կատարվում են։ Դա նախորդ ռեժիմի բացթողումներից է, որ բոլոր ուղղություններն ազատականացրել են, բայց հավասար գներ չեն ստացել։ Հիմա այս կառավարությունը փորձում է ուղղել նախորդ կառավարության բացթողումները։

– Դա կարո՞ղ է ենթադրել ռուսական ուղղություններով տոմսերի գների նվազում։

– Անպայման աշխատանքները կբերեն այդ արդյունքին, որովհետև տոմսերի էժանացումը և ծառայությունների որակի բարձրացումը տեղի են ունենում միայն մրցակցային շուկայում։ Ոչ մրցակցային շուկայում չի կարող այդ ամենը տեղի ունենալ։ Երբ մենք կկարողանանք ռուսական օդանավակայաններում աերոնավիգացիոն վճարումների համար ռուսական ընկերություններին հավասար պայմաններ ստանալ, կարող ենք մրցակցել այդ ուղղություններով, որը տրամաբանորեն կբերի և՛ գների իջեցմանը, և՛ ծառայությունների որակի բարձրացմանը։

– Եթե անդրադառնանք լոուքոսթ ընկերություններին, ինչո՞վ է նրանց այս փուլում գրավում հայկական շուկան, որ ցանկություն են հայտնում այստեղ գործունեություն ծավալել։

– Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել։ Իրականում հայկական շուկան զգալի փոփոխություն չի կրել, ոնց եղել է, այնպես էլ մնացել է՝ տարեկան տրամաբանական աճով։ Նրանց հայկական շուկան սկսել է հետաքրքրել նոր կառավարության մոտեցումների լույսի ներքո։

– Իսկ այդ ավիաընկերությունների միջոցով հնարավո՞ր է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերն էապես ավելանան։ Այս հարցը տալիս եմ, որովհետև վարչապետը շեշտադրում է դա։

– Եվրոպայից եկող զբոսաշրջիկների թվի ավելացում կարելի է սպասել, բայց դա պետք է սպասել իմ նշած 1/3-ի մասնաբաժնի շրջանակում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am