Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված քայլերը կարող են վտանգել Հայաստանում խոսքի ազատությունը. Աշոտ Մելիքյան

Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված քայլերը կարող են վտանգել Հայաստանում խոսքի ազատությունը։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։

Մելիքյանն ասում է՝ շատ դժվար է ատելության խոսքը տարբերակել ու դրա դեմ պայքարել այնպես, որ դա վնաս չհասցնի խոսքի ազատությանը։

«Առհասարակ ատելության խոսքի սահմանները ուրվագծված են մի շարք միջազգային կառույցների փաստաթղթերում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, բայց ամեն դեպքում պետք է կոնկրետ փաստը տեսնել և գնահատել՝ այդտեղ ատելության խոսք կա՞, թե՞ ոչ։ Եվ թերևս դա է պատճառը, որ մինչև հիմա ատելության խոսքի հստակ սահմանում հայաստանյան իրականության մեջ դեռ չի եղել»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ վերջերս, երբ պարզվեց, որ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրինագծի նախնական տարբերակում ատելության խոսքն ու բռնության կոչերը միաձուլված էին, մի շարք հասարակական կազմակերպություններ ուշադրություն հրավիրեցին այդ հանգամանքի վրա։ Եվ նախագծի այն տարբերակում, որը Կառավարությունը հաստատել է, արդեն չկար այդ խնդիրը, և «ատելության խոսք» հասկացությունն նախագծից հանված է։

Նշենք, որ խոսքը ՀՀ քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի մասին է, որը Կառավարությունը վերջին նիստերից մեկում հաստատել է։ Ըստ այդմ՝ քրեականացվում են բռնության կոչերն ու բռնության քարոզը։

Իսկ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դեկտեմբերի 16-ին որոշվել է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ խորհրդարանական աշխատանքային խումբ ստեղծել։

Նախաձեռնության հեղինակը իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն է, ով նշել էր. «Պետք է հասկանանք, թե ատելության խոսքի ո՛ր մասը պետք է քրեականացվի և ո՛ր մասն ուղղակի հասարակական պարսավանքի արժանանա»։

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զորհրաբյանը, թեև կողմ էր արտահայտվել ատելության խոսքի դեմ պայքարի նախաձեռնությանը, սակայն մտահոգություն էր հայտնել՝ հանկարծ այս նախաձեռնությունը դամոկլյան սուր չդառնա լրատվամիջոցների գլխին։

«ԵԽԽՎ-ն երկու տարի է` փորձում է ատելության խոսքը մեդիայում կարգավորելու միջոցներ գտնել, չի կարողանում գտնել ճիշտ բանաձևը, որը հիմք կդառնա օրենսդրական նախաձեռնության, բայց չի վնասի խոսքի ազատությանը»,- ասել էր Նաիրա Զոհրաբյանը։

Աշոտ Մելիքյանը ևս փաստում է, որ սահմանները նուրբ են, շատ դժվար է տարբերակել՝ ո՛րն է ատելության խոսքը։

Նա հիշեցնում է, որ ատելության խոսքի կանխարգելման համար հանձնաժողով է ստեղծվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովին, Մելիքյանն ասում է, որ պետք է տեսնել, թե ի՛նչ օրենսդրական առաջարկություն կլինի հանձնաժողովի կողմից։

«Բնականաբար, մենք ուշադիր հետևելու ենք այդ գործընթացին։ Եվ ամեն ինչ պետք է անել, որ հոնքն ուղղելու փոխարեն աչքը չհանեն։ Շատ հաճախ ատելության խոսքի կանխարգելման ու դրա դեմ պայքարի քողի տակ նաև խոսքի ազատությանն են վնաս պատճառում։ Այդ վտանգը կա, և դա է պատճառը, որ նույնիսկ զարգացած երկրներում շատ զգույշ են մոտենում այդ խնդրի լուծմանը»,- նկատում է Աշոտ Մելիքյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ատելության խոսքը պե՞տք է քրեականացվի, թե՞ ոչ, մասնագետն ասում է, որ ցանկացած պարագայում խոսքին պետք է խոսքով պատասխանել, ոչ թե մարդկանց ճաղերի հետևը գցել։

«Իհարկե, մեզանում ատելության խոսքը բավական լայն տարածում ունի, բայց եթե դա հայհոյախոսություն է, այլ հարց է։ Հայհոյախոսությունն ի վերջո կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Բայց նույն հայհոյախոսությունը, բռնության կոչերն ու ատելության խոսքը տարբերություն ունեն, և չի կարելի այդ ամենը շաղախել և ստանալ անհասկանալի մի երևույթ»,- նշում է Մելիքյանը։

Այսինքն, ըստ մասնագետի, օրենքները պետք է հստակ լինեն, առհասարակ տարընթերցման տեղ չունենան։ Իսկ դա շատ բարդ խնդիր է, գրեթե անլուծելի։

«Դրա համար ավելի նպատակահարմար է, որ մենք ակտիվորեն կիրառենք Քաղաքացիական օրենսգրքում նախատեսված դրույթը՝ վիրավորանքի և զրպարտության համար։ Եթե Կառավարության հաստատած նախագիծն ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից, մենք կարող ենք ակտիվորեն կիրառել նաև Քրեական օրենսգիրքը բռնության կոչերի համար, բայց ատելության խոսքի հարցը կարող է առկախված մնալ, որովհետև դրա հստակ սահմանում է պետք։ Եթե հստակ սահմանում չլինի, ավելի լավ է ձեռնպահ մնալ փոփոխություններից, քան վնասել խոսքի ազատությանը»,- ասում է Աշոտ Մելիքյանը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am