«Մեզ ասում էին` հայու որդիներ». Թուրքիայում թաքնված հայերը նորից հիշում են իրենց արմատները

Հեղինակ MediaLab

Երբ Թուրքիայի քաղաքացի Սելահադդին Գյուլթեքին դատարանի որոշմամբ դարձավ Միրան Փրկիչ, նրա ուրախությանը չափ չկար: Հայաստանում նույնպես ոգևորվեցին այս լուրը լսելով: Բանն այն է, որ Միրան Փրկիչը մեկն է այն հայերից, ովքեր տարիներ շարունակ Թուրքիայում ապրել են իբրև թուրք կամ քուրդ մուսուլմաններ և աշխատել են թաքցնել իրենց ինքնությունը:
Ավելի ուշ` 2010 թվականի հունիսի 25-ին, Միրանը, ով ծագումով Դերսիմից է, իր մյուս հայ ընկերների հետ հիմնեց Դերսիմի հայերի հավատքի և հասարակական աջակցության միությունը։
«Այժմ Դերսիմում բոլորը խոսում են իմ մասին, իմ կատարածների մասին: Դերսիմի ժողովուրդը խոսում է հայության մասին»,- ասում է Միրան Փրկիչը:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վաղուց է հետևում Թուրքիայում թաքնված հայերի գործունեությանը: Նրա համար Դերսիմի հայկական միությունը այնքան էլ զարմանալի չէ:

«Թուրքիայում հայերի միության ստեղծումն ամենևին էլ ժամանակավրեպ չէ: Ավելին, այսօր արդեն կա Սասունի հայերի միությունը, ստեղծվում է Համշենի հայերի միություն»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետը:

Այդուհանդերձ, Միրան Փրկիչի պատմությունը լսելով հասկանում ենք, որ թաքնված հայերի համար իրենց ինքնությունը վերականգնելն այդքան էլ դյուրին գործ չէ:

Միրանը պատմում է, որ իր ընտանիքում հայերեն չեն խոսել: Երբ ուզեցել են մայրենի լեզվով որևէ բան ասել, երեխաներից հեռացել են, գաղտնի փսփսացել: Երեխան պետք է հայերեն չիմանար, հայ լինելու մասին տեղեկություն չունենար:

Այսպիսով փորձել են պաշտպանել նրանց այլ խնդիրներից: Սակայն շրջապատը ինքը չի թույլ տվել մոռանալ հայ ինքնությունը: Միրանի հորեղբայրները լավ արհեստավորներ են եղել, և երբ գյուղում մեկին վարպետ է պետք եղել, ասել են` կանչեք հայ վարպետին:

«Մեզ ասում էին` հայու որդիներ»,- «Մեդիալաբին» ասում է Միրան Փրկիչը:

Արդեն 18 տարեկան հասակում նա մեկնում Ստամբուլ: Այստեղ էլ կամաց-կամաց, տարբեր մարդկանց հետ շփվելով և գրքեր կարդալով, սկսում է գիտակցել իր հայ լինելը:

«Մենք ունենք գերեզմաններ` մեկի վրա գրված Պողոս, մյուսի վրա` Սարգիս: Ես ինչպե՞ս մերժեմ սրանք: Երբ զոհվեց Հրանտը, ոչ ոք չմտածեց հայության համար ինչ- որ բան անելու մասին: Ցեղասպանության վերաբերյալ գրքեր կարդալուց հետո հասկացա, որ ես չեմ կարող սա ընդունել»,- ասում է Միրանը:

Այս մտքով նա մի օր որոշեց ու դիմեց դատարան:

«Առաջին դատավարությունում դատավորն ինձ հարցրեց` ի՞նչ է Սելահադդինը, ի՞նչ է Միրան Փրկիչը: Ասացի` Սելահադդինն իմ անունը չէ: Միրան անունը ինձ դրել է իմ հայրը: Միրանը մեր մեծերից մեկի անունն է եղել: Իսկ Փրկիչը մեր կողքի հայկական գյուղի անունն է»,- «Մեդիալաբին» պատմում է Միրանը:

Դատարանի որոշումից հետո նա գնում է ծննդավայր, որտեղ սկսում է հայերին կոչ անել վերադառնալ իրենց արմատներին: Նա թռուցիկներ է բաժանում, խոսում է տեղացիների հետ:

«Հայ տեսնում, հարցնում եմ` հա՞յ ես: Այո´: Կխոսե՞ս ինձ հետ: Ասում է` չէ´, չեմ խոսի: Ասում եմ` ինչի՞ց ես վախենում: Այս կառավարությունը գիտի, որ դու հայ ես: Եթե չխոսես, կարծում ես, թե նրանք քեզ բան չե՞ն անելու: Եթե ուզենային քեզ ինչ-որ բան անել, կարիք չկա, որ դու խոսես, նրանք արդեն կանեին»,- ասում է Միրան Փրկիչը:

Թուրքիայի տարածքում հայկական ինքնությամբ կամ, ավելի ճիշտ, հայկական արմատներ ունեցող մարդկանց վախի ու ցավի մասին լավատեղյակ է «Կովկաս» ինստիտուտի լրագրության ֆակուլտետի ղեկավար, ֆրանսիացի լրագրող Լորանս Ռիտտերը: Նա վաղուց է զբաղվում Թուրքիայում թաքնված հայերի խնդրով: Ռիտտերի հավաստմամբ` Թուրքիայում հայկական ծագում ունեցող տարբեր մարդիկ տարբեր ձևով են վերաբերվում իրենց ինքնությանը:

«Իմ հետազոտական աշխատանքի ընթացքում ես ուզում էի հասկանալ, թե նրանք ինչպես են մեկնաբանում իրենց վիճակը: Իսկ մեկնաբանությունները տարբեր են և տարբեր պատճառներով: Կան այնպիսի մարդիկ, որոնց գյուղում բոլորը գիտեն, նրանք հայ են, բայց ամեն դեպքում չեն ուզում շատ ասել»,- «Մեդիալաբին» պատմում է Լորանս Ռիտտերը:

Նրա խոսքով` դրանք հենց թաքնված հայերն են, քանի որ քրիստոնեությունը որոշ չափով պահպանել են և միշտ հայերի հետ են ամուսնացել: Կան նաև իսլամադավան հայեր, որոնք դարձյալ իրար մեջ են ամուսնացել: Կան էլ այնպիսի մարդիկ, որոնք մի հայ տատիկ կամ պապիկ են ունեցել, և այսօր նրանք վերականգնում են իրենց ինքնությունը: Որոշ մարդիկ էլ վերադառնում են քրիստոնեությանը, բայց այս քայլով նրանք ավելի շատ փորձում են հասկանալ, թե ինչ բան է հայ լինելը, ովքեր են հայերը:

Լրագրողը նշում է, սակայն, որ իր հետազոտության համար մեծ դեր են խաղացել Թուրքիայում ներկայումս տեղի ունեցող հասարակական-քաղաքական փոփոխությունները: Թուրք հասարակությունը սկսել է քննարկել ինքնության և ծագման շուրջ հարցերը:

«Ես կատարել եմ այդպիսի հետազոտական աշխատանք, բայց գուցե տասը տարի առաջ չէի կարող: Հիմա երևույթը կա: Թե´ թուրքական մամուլը, թե´ հասարակությունը ավելի շատ են խոսում այս խնդրի շուրջ»,- ասում է Լորանս Ռիտտերը:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ վերջին տարիներին Թուրքիայում ավելի հաճախ են քննարկվում էթնիկ ինքնության խնդիրները: Դրա հետևանքներից մեկն էլ նման միությունների ստեղծումն է: Հայերի պարագայում դեր է խաղացել նաև Հրանտ Դինքի գործոնը, որը ավելի սրեց հայկական ինքնության հարցը:

Իզմիրի տնտեսագիտական համալսարանի դասախոս, թուրք փորձագետ Զաֆեր Յորուքը, սակայն, կարծում է, որ խոսակցություններն այն մասին, թե Թուրքիայում ակտիվորեն քննարկվում են ինքնության խնդիրները, իրականում չափազանցված են:

«Թուրքիայում ինքնության խնդիր կա, բայց այլ հարթությունում: Դա ծագումնաբանական խնդիր չէ, դրանով չպետք է սահմանափակել: Այդ խնդիրն ավելի շատ գաղափարական և գաղափարախոսական հարթությունում է»,- «Մեդիալաբին» ասում է Զաֆեր Յորուքը:

Այս դեպքում զարմանալի էր, որ Թուրքիայի իշխանությունները չարձագանքեցին հայերի միության ստեղծման մասին լուրին:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը բացատրում է. «Թուրքիայի իշխանությունները չարձագանքեցին, որովհետև նախ` միությունը շատ մեծ ծավալներ չընդգրկեց: Երկրորդ`որ հարցը չքաղաքականացվի: Սակայն գիտական և ազգայնական շրջանակներում այս հարցը քննարկվում է և հաճախ արժանանում սուր քննադատության»:

Ստացվում է, որ Թուրքիայում հայերի միություն ստեղծելը մի բան է, գործունեություն ծավալելը` այլ բան: Միությունների առաջին քայլերին հաջորդում են առաջին խնդիրները:

«Օրինակ` Սասունցիների միության դեպքում Թուրքիայի իշխանություններն անգամ խոչընդոտեցին,- ասում է Ռուբեն Մելքոնյանը: – Միության անդամները ցանկացել են գնալ Սասուն և ծանոթանալ տեղի պատմական հուշարձաններին, սակայն տեղական իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են այդ գործընթացը և անգամ թույլ չեն տվել այցելել Սասունի որոշ վայրեր»:

Լիաննա Խաչատրյան, Երևան

Անահիտ Մորոյան, Ստամբուլ

© Medialab.am