«Իմ տունը ԱՄՆ-ում ոնց որ փոքրիկ Երևան լինի». Հրեա ամերիկուհի Գիլբերթա Ֆեսն ասում է, որ շատ է սիրում հայերին

«Իմ տունը ԱՄՆ-ում ոնց որ փոքրիկ Երևան լինի». Հրեա ամերիկուհի Գիլբերթա Ֆեսն ասում է, որ շատ է սիրում հայերին
«Իմ տունը ԱՄՆ-ում ոնց որ փոքրիկ Երևան լինի». Հրեա ամերիկուհի Գիլբերթա Ֆեսն ասում է, որ շատ է սիրում հայերին

Ամերիկուհի Գիլբերթա Ֆեսը (Gilberta Fass), ով ազգությամբ հրեա է, երկար ճանապարհ կտրած ճամպրուկից հանում է մշտապես իր հետ ճամփորդող հայկական հուշանվերներն ու աքսեսուարները, այնուհետև ցույց տալիս հագուստի զարդանախշերը հայկական դրոշի գույներով և պատմում Հայաստանում անցկացրած իր լավագույն օրերի մասին:
Հայկական մշակույթով և հայերով հիացած տիկին Գիլբերթան արդեն 30-րդ անգամն է այցելում է Հայաստան: Այս անգամ, ասում է, շատ ուրախ է, քանի որ 18 օր շրջագայելու է Հայաստանում:
Հայաստանի նկատմամբ Գիլբերթայի սերն ի հայտ է եկել գրեթե քսան տարի առաջ, երբ նա 1993-ին առաջին անգամ այցելել և միանգամից հրապուրվել է հին մշակույթ ունեցող երկրով: Այդ ժամանակից ի վեր Գիլբերթան ամեն տարի, առնվազն երկու անգամ՝ մայիսի 28-ին՝ ՀՀ առաջին հանրապետության օրը, և սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր կտրելով գալիս է Հայաստան:
«Ես շատ եմ սիրում հայերին: Մարդիկ են պատճառը, որ գալիս եմ Հայաստան, որովհետև նրանք բարի են ու հոգատար: Երբ դու կարիք ունես ինչ-որ մի բանի, նրանք ուզում են օգնել քեզ: Մարդիկ այստեղ շատ են տարբերվում ամերիկացիներից: Ինձ դուր է գալիս շփումը հայերի հետ, դուր են գալիս ընտանիքների ապրելաոճը, կենսակերպը, միմյանց նկատմամբ նրանց ջերմությունը»,- ասում է տիկին Ֆեսը, ով ապրում է Նյու Յորքում:

Ամուսնու հետ շրջագայելով Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում ու քաղաքներում՝ նա վերջին 19 տարվա ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ հայ ընկերներ, ովքեր, նրա խոսքով, դարձել են իրենց հարազատի պես: Հայաստան գալիս նա ամեն տարի այցելում է նրանց` փորձելով սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերել:

«Մինչև Հայաստան գալն էլ մի հայ ընկեր ունեի, ում հանդիպել էի Նյու Յորքում: Շատ մտերիմ էինք, ու դեռ այն ժամանակ շատ էի ուզում գալ Հայաստանը տեսնելու: Երբ առաջին անգամ եկա, դժվար ժամանակներ էին. 1988-ի երկրաշարժն էր եղել, Ղարաբաղյան պատերազմն էր, լույս չկար, ուտելիք չկար, ես չգիտեի` ինձ ինչ է սպասում, բայց, միևնույն է, սիրեցի Հայաստանը»,- ասում է Ֆեսը և պատմում հայերի հյուրասիրության, բարի կամեցողության, հեշտ հաղորդակցման ունակությունների մասին:

Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում՝ Եղեգնաձորում, Քարահունջում, Նորավանքում, Օշականում, Խոր Վիրապում, Գառնիում, Գեղարդում և այլ զբոսաշրջային վայրերում շրջագայած տիկին Ֆեսից անբաժանելի է լուսանկարչական ապարատը, որը տարեգրության նման գրանցում է հայաստանյան հիշողությունները գունավոր լուսանկարներում:

Տիկին Գիլբերթան մեկ առ մեկ թերթում է լուսանկարները և պատմում այնտեղ պատկերված մարդկանց մասին: Ոմանք սահմանամերձ գյուղերից են, ոմանք` պարզապես Երևանի փողոցներից: Նա ասում է, որ մեկ շրջագայության ընթացքում լուսանկարում է շուրջ 3000 նկար` մարդկանց, բնություն, փողոցներ, գյուղեր, շենքեր և այն, ինչ կապված է Հայաստանի հետ:

Լուսանկարներից մի քանիսում տիկին Ֆեսը նաև հայ նշանավոր մշակույթի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Զորի Բալայանի և այլոց հետ է:

«Ես հանդիպել եմ այստեղ շատ հետաքրքիր մարդկանց` Գոհար Գասպարյանին, Սիլվա Կապուտիկյանին, վայելել եմ այստեղի համերգները, թատրոնները: Հանդիպումներ եմ ունեցել նաև Օֆելյա Համբարձումյանի դստեր, Չարենցի դստեր ու թոռան հետ»,- ասում է տիկին Գիլբերթան և հավելում, որ ծանոթ է նաև հայկական երգ-երաժշտությանը, պոեզիային, գրականությանը:

Ամուսնու հետ բազմաթիվ ճանապարհորդությունների մեկնած Գիլբերթան նշում է, որ ցանկացած երկիր այցելելիս, լինի Հնդկաստան, Հոնկոնգ, Եգիպտոս թե Լիբանան, փնտրում է հայերի:

«Ես շփվում եմ հայերի հետ նաև ԱՄՆ-ում, բայց մեծ տարբերություն կա այլ երկրների, օրինակ՝ Լիբանանի, Եգիպտոսի ու Հայաստանի հայերի միջև: Նրանք բնավորության տարբեր գծեր ունեն: Ես նախընտրում եմ այստեղի հայերին»,- ասում է Գիլբերթան:

Հայկական եկեղեցիներ այցելող, Երևանի փողոցներում երկար զբոսնել և հայկական խոհանոցի ուտեստները հաճույքով համտեսել սիրող տիկին Ֆեսը, ամեն անգամ այցելելով Հայաստան, առիթը բաց չի թողնում նաև Վերնիսաժից հուշանվերներ ու զարդեր գնելու:

«Իմ տունը ԱՄՆ-ում ոնց որ փոքրիկ Երևան լինի, այնքան հուշանվերներ, նկարներ ու զարդեր կան Հայաստանից»,- ասում է Ֆեսը և ցույց տալիս իր ականջօղերը, որոնք հայոց դրոշի գույներով են` կարմիր, կապույտ, նարնջագույն:

Որոշելով նաև հայերեն սովորել՝ երկու որդիների մայր Գիլբերթան խոստովանում է, որ մի փոքր դժվարանում է, քանի որ հայերենն իր համար բարդ է, թեև որոշ բառեր հասկանում է ու խոսում:

Մշտապես Նյու Յորքում ապրելով, սիրելով ու հաճախակի Հայաստան այցելելով, Գիլբերթան խոստովանում է, որ այդուհանդերձ չէր ուզի Հայաստանում ապրել:

«Մարդիկ շատ լավ են, և մենք այստեղ հանգիստ ենք զգում, բայց չէի ուզի այստեղ ապրել, քանի որ խնդիրները շատ են: Մենք շրջում ենք գյուղերում և տեսնում, թե մարդիկ ինչպես են ապրում: Նրանք պայքարում են ապրելու համար, աշխատում են միայն, որպեսզի կարողանան ապրել, և ով կարողանում է՝ ապրում է, իսկ ով չի կարողանում, թողնում- հեռանում է»,- ասում է Գիլբերթան:

Անդրադառնալով տարեցտարի ավելացող արտագաղթին` Գիլբերթան և ամուսինը ցավով են խոսում նաև Հայաստանում առողջապահության ոլորտի խնդիրների մասին:

«Այստեղ չկա առողջության ապահովագրում, և ամբողջ համակարգը այնպես է, որ բժիշկը առաջին հերթին նայում է` հիվանդը կարո՞ղ է վճարել, ապա նոր մտածում է նրան օգնելու կամ վիրահատելու մասին: Բայց մարդիկ գումար չունեն և չեն կարող անել այն, ինչ ուզում են, ու պետք է անընդհատ պայքարեն: Ո՞վ է այստեղ հոգ տանում, մտածում մարդկանց մասին, ոչ ոք: Այդ իսկ պատճառով մարդիկ լքում են երկիրը, կորցնում իրենց ոգևորությունը, կորցնում են իրենց հույսը, թե կարող են մի բան անել»,- ասում է Սթենֆորդ Ֆեսը՝ Գիլբերթայի ամուսինը:

Այցելելով մի շարք կարիքավոր ընտանիքների՝ 40 տարուց ավելի համատեղ կյանք վարած ամուսիններն յուրաքանչյուր այցելության ժամանակ իրենց հետ նաև դեղամիջոցներ են բերում և ֆինանսական աջակցություն ցուցաբերում ընտանիքներին:

«Ես կուզեի, որ մարդիկ այստեղ իրենց հանգիստ զգային, ու ամեն մեկը ուզեր Հայաստանում ապրել, որ միջին խավ լիներ, և յուրաքանչյուրը կարողանար գնել այն, ինչ ուզում է ունենալ: Այստեղ շատ և շատ մարդկանց ԱՄՆ-ից հարազատներն են գումար ուղարկում, թե չէ այլ կերպ նրանք չեն կարող ապրել: Մարդիկ չգիտեն, թե ի՞նչ է լինելու սրա վերջը: Շատերն աշխատում են, ամիսներով գումար չեն ստանում, ինչը երբեք չես տեսնի ԱՄՆ-ում: Այստեղ մարդիկ չգիտեն` ում վստահեն»,- ասում է Գիլբերթան:

Եվ չնայած այն դժվարություններին ու խնդիրներին, որոնց Ֆես ամուսիններն ականատես են եղել Հայաստանում մարդկանց ապրելակերպին մոտիկից ծանոթանալիս, նրանք ուրախ են, որ ամեն տարի կարողանում են այցելել, վայելել իրենց օրերը Հայաստանում և իրենց փոքրիկ օգնությունը ցույց տալ արդեն հարազատ և սիրելի դարձած հայ ընկերներին:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am