Դելֆինը չի՞ սատկել . «Նեմո» դելֆինարիումի տնօրենը հերքում է տարածված լուրը

Չնայած տարածված տեղեկությունների, որ Երևանի «Նեմո» դելֆինարիումի դելֆիններից մեկը սատկել է, դելֆինարիումի տնօրինությունը հերքում է այդ լուրը: Իսկ բնապահպանները պնդում են, որ նրանք դելֆինարիումից ոչ մի տեղեկություն չեն կարողանում ստանալ:
«Մեզ ոչ մի տեսակի տեղեկություն չեն տրամադրում»,- «Մեդիալաբին» ասում է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, ով համակարգում է ընդդեմ դելֆինարիումի սկսված պայքարը:
Դելֆինի սատկելու մասին լուրը կարճ ժամանակահատվածում  արագ տարածում  է գտել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Հաշվի առնելով դելֆինարիումի վերաբերյալ բնապահպանների վերջերս տարածած ահազանգերը` այս լուրը շատերի համար զարմանալի չթվաց:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցից օգտվող 28-ամյա Արմինե Եփրեմյանի կարծիքով` դելֆիններից մեկի սատկելը իր համար սպասելի էր:

«Ես չեմ զարմանա, որ հաստատվի դելֆինի սատկելու մասին լուրը: Դա սպասելի էր»,- «Մեդիալաբին» ասում է Արմինեն:

Բնապահպաններն ու իրավապաշտպանները համոզված են, որ հետաքրքրությունը  և ուրախ ժամանցը չարժեն  կենդանիների անխնա շահագործմանը:

«Չէինք ուզենա` Հայաստանը դասվեր այն երկրների շարքը, որտեղ կենդանիների հետ նման կերպ են վարվում,- «Մեդիալաբին» ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Նա ասում է, որ ծովային կենդանիները սովոր են ծովի ջրին, մինչդեռ դելֆինարիումում ծովի ջուր ստանալն անհնար է, դելֆիններին պահում են քլորացված ջրում, ինչը չափազանց վտանգավոր է:

«Ամիսների ընթացքում քլորացված ջուրը կարող է դելֆինների կուրացման պատճառ դառնալ` չհաշված սուլիչների ձայնն ու խիստ սահմանափակ տարածքը, ինչը տանում է սթրեսների,- «Մեդիալաբին» ասել է Խաչատրյանը: – Այս դեպքում նրանք երկար չեն ապրի, իսկ մենք չենք էլ իմանա` արդյոք նրանց փոխարինե՞լ են, ի՞նչ բերեցին, ո՞ւր տարան, քանի որ ոչ մի գրանցում չկա»:

Բնապահպանները պնդում են, որ ստեղծված իրավիճակը բավական վտանգավոր է կենդանիների համար:

Մինչդեռ «Նեմո» դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը կտրականապես հերքեց դելֆինի սատկելու մասին տարածված լուրերը: Նա հավաստիացնում է, որ բոլոր դելֆիններն էլ տեղում են:

«Ո´չ, նման բան չկա»,- «Մեդիալաբին» ասել է Սահակյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am