Սպառնալիքներ-հակազդեցություն. Սերժ Սարգսյանը Երեւան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղեւորը կլինի՞
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևան-Ստեփանակերտ ավիաթռիչքի առաջին ուղևորն ինքն է լինելու:
Սարգսյանն այդ մասին հայտարարել է Հայաստանում գտնվող Շվեյցարիայի նախագահ Միշլին Կալմի Ռեյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտի ծառայությունից։ Այստեղ որևէ կասկած չկա»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ կասկածից վեր է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններն այդ խնդիրը պետք է համապատասխանեցնեն պատկան մարմինների հետ։ Սերժ Սարգսյանը նաև վստահություն է հայտնել, որ այս գործընթացն ունենալու է իր դրական ավարտը։
Այս տարվա մայիսի 9-ին` ի պատիվ Շուշիի ազատագրման տարելիցին, նախատեսվում է Ստեփանակերտի վերակառուցված օդանավակայանի վերաբացումը, սակայն չվերթների անվտանգության հարցը դեռևս լուծված չէ:
Ադրբեջանական կողմն արդեն հայտարարել է, որ հարվածելու է դեպի Ստեփանակերտ ուղևորվող ինքնաթիռներին:
Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը հայտարարել էր, որ եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը, ապա Ադրբեջանը հարվածներ կհասցնի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող օդանավերին:
«Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ, այն փակ է, և համաձայն «Ավիացիայի» մասին օրենքի` մենք կարող ենք վերացնել օդանավերը, որոնք ուղևորվում են այդ տարածաշրջան»,- ըստ «Ֆրանսպրեսի» ասել է Մամեդովը:
Բաքվից հնչող հայտարարություններին ի պատասխան Սերժ Սարգսյանը արձագանքել է. «Այդպիսի հայտարարություններ աշխարհի նորօրյա պատմության մեջ եղել են և քիչ չեն եղել։ Բայց այստեղ մի բայց կա. այդ հայտարարությունները միշտ հնչել են ահաբեկչական կազմակերպությունների կողմից, պետությունների կողմից նման հայտարարություններ չեն հնչել»։
Սերժ Սարգսյանը Ադրբեջանի նման հայտարարությունները որակել է «մարազմ, հիվանդ մարդկանց ելույթներ, ժամանակավրեպ բաներ»։
«Ես հայտարարում եմ, որ առաջին չվերթի առաջին ուղեւորը լինելու եմ ես` Հայաստանի նախագահը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Սարգսյանի`Ստեփանակերտի առաջին ուղեւոր լինելու մասին հայտարարությունը արդեն իսկ քննարկումների տեղիք է տվել Հայաստանում` թե քաղաքական շրջանակներում, եւ թե սոցիալական ցանցերում: Ոմանք, մեծ ոգեւորությամբ որակել են նրա խոսքերը որպես «հերոսական», «նախագահին վայել պահվածք» եւ որ «նախագահը ամեն ինչում պետք է առաջինը լինի»:
Շատերն էլ ձեռնպահ են մնացել գնահատականից` սպասելով թռիչքի օրվան եւ հնարավոր զարգացումներին:
Քաղաքական վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանն համոզված է, որ նման իրավիճակում Սերժ Սարգսյանի հայտարարությունն ամեն դեպքում ամենաճիշտ մոտեցումն է:
«Ադրբեջանական կողմի ահաբեկչական քարոզչության պայմաններում Սերժ սարգսյանի հայտարարությունը ամենաճիշտ հակազդեցությունն է,- «Մեդիալաբին» ասում է նա,-Շատ լավ է, որ նախագահն առաջնորդում և ոգևորում է ժողովրդին վտանգի պայմաններում»:
Սակայն, թե Ստեփանակերտի օդանավակայանի բացումը եւ թե Սերժ Սարսգյանի հայտարարությունը ենթադրաբար միաշանակ չի ընդունվի միջազգային հանրության կողմից:
Մարտի 29-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանը` ասել էր. «Հայաստանը և Ադրբեջանը, մինչև Խանքենդիի օդանավակայանի բացումը, պետք է լուծեն չվերթների անվտանգության հարցերը»:
Բրայզան նաև հավելել է. «Ես ԱՄՆ ղեկավարության դիրքորոշման կողմնակիցն եմ, որը գտնում է, որ կողմերը պետք է հավաքվեն միասին և քննարկեն այդ հարցերը, թե ինչպես պետք է Խանքենդիի օդանավակայանը բացվի: Մենք կարծում ենք, որ մանրամասները պետք է մշակվեն»:
Ընդդիմադիր ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշել է, որ դատապարտում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը:
«Ես դատապարտում եմ Բրայզայի կողմից Ստեփանակերտը Խանքենդի անվանելու հանգամանքը և այն, որ ԱՄՆ դեսպանը հետքայլ է կատարել նախկինում ԱՄՆ ներկայացուցիչների կողմից հնչեցված այն դիրքորոշմանը, որ քաղաքացիական ինքնաթիռներն ապահովված են համապատասխան անվտանգությամբ: Անընդունելի եմ համարում սպառնալիքի ոճով խոսելը»,- նշեց Կարապետյանը:
Վլադիմիր Կարապետյանի խոսքով` ինքը նաև զարմացած է, որ ՀՀ ԱԳՆ-ն չի անդրադարձել Բրայզայի ապակառուցողական կեցվածքին:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ապա Կարապետյանի խոսքով` այն պետք է տեղի ունենա նշված ժամկետին, այսինքն` մայիսի 9-ին:
«Սերժ Սարգսյանի կողմից Ստեփանակերտ թռչելը պետք է տեղի ունենա հայկական կողմից ծրագրված ժամանակաշրջանում` մեր նշած օրը»,- հավելեց Կարապետյանը:
Հայկական կողմը, ըստ տեղեկություններ, նախատեսում է դեպի Ստեփանակերտ իրականացվող չվերթների համար գործարկել 50-տեղանոց CRG-200 կանադական օդանավեր:
Տոմսերի գինը, ըստ նախնական տվյալների, պետք է լինի 15-20 հազար դրամի սահմաններում: Սկզբնական շրջանում օրական պետք է իրականացվի մեկ չվերթ: Արդեն իսկ ստեղծվել է համապատասխան ընկերություն` «Արցախավիա», որը պետք է իրականացնի այդ չվերթները:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am