Ռոբին Հուդ вернулся. ըստ ոստիկանապետի դիմակավոր բանդիտները շատ հմուտ են գործում, հնարավոր է` նախկին հատուկջոկատայիններ են

Ռոբին Հուդ вернулся. ըստ ոստիկանապետի դիմակավոր բանդիտները շատ հմուտ են գործում,  հնարավոր է` նախկին հատուկջոկատայիններ են
Ռոբին Հուդ вернулся. ըստ ոստիկանապետի դիմակավոր բանդիտները շատ հմուտ են գործում, հնարավոր է` նախկին հատուկջոկատայիններ են

Վերջին ամիսների ընթացքում Երեւանում արդեն մի քանի դեպք է արձանագրվել, երբ անհայտ դիմակավորված անձինք հարձակումներ են գործում բացառապես երբեւէ պաշտոն զբաղեցրած անձանց տների վրա, թալանում են ունեցվածքը, ծեծի ենթարկում ընտանիքի անդամներին եւ հիմնականում անհետանում տանտիրոջ ավտոմեքենաներով:

Քանի որ նման ավազակային հարձակումների արդյունքում դիմակավորները բավականին մեծ գումարներ եւ թանկարժեք իրեր են իրենց հետ տանում, որոնք աշխատավարձով հնարավոր չէ կուտակել, Երեւանում արդեն նույնիսկ կատակում են, որ մայրաքաղաքում գործում է «Ռոբին Հուդների» բանդա, որոնց թիրախը հենց նախկին եւ ներկա պաշտոնյաներն են:

Մինչ հանրությունը փորձում է կռահել, թե ովքեր կարող են լինել մերօրյա այդ «Ռոբին Հուդները», Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի բացառում, որ նախկին պաշտոնյաների տների վրա գիշերային հարձակում գործող անձանց մեջ կան նաեւ իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ:

«Այնպիսի հմտություններ են դրսեւորում, որ ենթադրում ենք` նախկին հատուկ ջոկատների,  խմբավորումերի, ինչու չէ` նաեւ մեր համակարգի, մյուս համակարգերի, ովքեր ունեն այդ փորձը, ովքեր տեսել են հանցագործության դեպքի վայրը, ովքեր տեսել են հանցագործի ձեռագիրը, որովհետեւ նրանք շատ հմուտ են գործում, աշխատում են բացառել ամեն տեսակի սխալները, որոնք հանցագործները հաճախ թույլ են տալիս դեպքի վայրում»,- այսօր ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ալիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ անցած կիրակի օրը առավոտյան ժամը 5-ին անհայտ ավազակային խմբի կողմից հարձակման է ենթարկվել «Ազգային միաբանություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի Կիլիկիա թաղամասում գտնվող բնակարանը:

Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների, անհայտ անձինք ծեծի էին ենթարկել նախկին պատգամավորին, նրա կնոջն ու դստերը, այնուհետեւ զենքի սպառնալիքով հափշտակել 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ, ապա դիմել փախուստի:

Անցած ամսվա սկզբին կրկին անհայտ դիմակավորված անձինք կրկին վաղ առավոտյան հարձակվել էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, Կադաստրի պետական կոմիտեյի պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տան վրա, ծեծի ենթարկել նրան եւ նրա երկու որդիներին, ապա վերցրել սեյֆը, ոսկյա զարդեր, եւ հեռացել հենց Գրիգորյանին պատկանող մեքենայով:

Դրանից առաջ` կրկին անհայտ դիմակավորված անձինք վաղ առավոտյան հարձակվել էին «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինարարարական ծրագրերի նախկին տնօրեն էդվարդ Բեզոյանի տան վրա, կապել տան անդամներին, ծեծի ենթարկել նրանց, ապա իրենց հետ տարել էին թանկարժեք իրեր, գումար, սեյֆը, եւ փախուստի դիմել հենց Բեզոյանին պատկանող մեքենայով:

Այդ կապակցությամբ Ալիկ Սարգսյանն այսօր հայտարարել է, թե քանի որ այդ հարձակումներն արդեն կրկնվում են, իրենք համադրել են բոլոր հանցագործությունները, զուգահեռներ են անցկացվել, եւ «արդեն պարզ է, որ գործող բանդիտական խմբին հատուկ հանցագործություն է` իր բոլոր հատկանիշներով»:

Մինչ այդ թեմային անդրադարձել է ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Օգոստոսի 23-ին Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Հովսեփյանն հայտարարել է, թե «քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը»:

«Եթե մայրաքաղաքում արձանագրված առաջին 1-2 դեպքերով ձեռնարկվեին անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքները եւ բացահայտվեին կատարողները, ապա այսօր դրանց շարունակությունը չէինք ունենա: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության  թիվ 1 նախապայմանը՝ հանցագործության բացահայտումն է»,- դատախազության փոխանցմամբ հայտարարաել է Գլխավոր դատախազը՝ ցուցում տալով հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով` «Բանդիտիզմ»:

Այդ կապակցությամբ այսօր` ՀՀ ոստիկանապետը հայտարարել է, թե կարճ ժամանակ անց այս թեմայով հայտարարություն կլինի:

«Առկա է տեղեկատվություն, որը լուրջ մշակման, հետեւողական աշխատանքի կարիք է զգում: Գործն անձամբ ոստիկանապետիւ հսկողության տակ է, քննվում է համակարգի լավագույն աշխատակիցների մասնակցությամբ»,- հայտարարել է Ալիկ Սարգսյանը:

Նա նաեւ հավելել է, որ ինքը մասնակցել է դատախազի մոտ տեղի ունեցած քննարկմանը, իսկ դրա հաջորդ օրը`օգոստասի 24-ին ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ, ոստիկանապետի կարգադրությամբ ընդգրկվել են համակարգի ամենալավ աշխատակիցները, ովքեր համապատասխան փորձ ունեն:

© Medialab.am