«Մատաղիսի գործով» մեղադրյալներն անմեղ ճանաչվեցին. «Հուզված են բոլորը. տղաները, աջակցողները եւ նույնիսկ դատական կատարածուները»

«Մատաղիսի գործով» մեղադրյալներն անմեղ ճանաչվեցին.  «Հուզված են  բոլորը. տղաները, աջակցողները եւ նույնիսկ դատական կատարածուները»
«Մատաղիսի գործով» մեղադրյալներն անմեղ ճանաչվեցին. «Հուզված են բոլորը. տղաները, աջակցողները եւ նույնիսկ դատական կատարածուները»

Հաշված րոպեներ առաջ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անմեղ է ճանաչել աղմկահարույց Մատաղիսի գործով մեղադրյալ երեք երիտասարդներին`Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին եւ Մուսա Սերոբյանին, ովքեր դատապարտվել էին ցմահ ազատազրկման:
Տեղեկացնենք, որ շուրջ 9 տարի առաջ` 2003 թվականին, ԼՂՀ Մատաղիսի զորամասում Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին սպանելու մեղադրանքով եռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում իրենց ծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին եւ Ռոման Եղիազարյանին սպանելու մեղադրանքով նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանն Ռազմիկ Սարգսյանը, ու Մուսա Սերոբյանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։
Թեեւ գործից երեք տարի անց զինվորական գործերով վերաքննիչ դատարանը գործը բեկանել եւ ուղարկել էր լրացուցիչ քննության, ազատ էին արձակվել նաեւ ազատազրկման դատապարտված զինծառայողները, այնուամենայնիվ 2008-ի ամռանը նրանք կրկին նույն մեղադրանքով հայտնվել էին ամբաստանյալի աթոռին:

Աղմկահարույց «Մատաղիսի գործը» մշտապես գտնվել է հասարակական, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

Այսօր, մինչեւ դատավճռի հրապարակումը, միջազգային հեղինակավոր Հյուման Րայթս Ուոչի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Րեյչլ Դենբեր նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` «խորին մտահոգություն» հայտնելով գործի կապակցությամբ:

Նա դատախազին հորդորել էր «առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնել»:

«Հորդորում ենք Ձեզ, որ առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ արժանահավատ պնդումների առնչությամբ: Հաշվի առնելով, որ բռնությունների ներքո արված խոստովանությունը դեռևս մեղադրյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքի հիմնական ապացույցն է, մենք նաև կոչ ենք անում դատախազությանը կասեցնել մեղադրանքը, քանի դեռ այդ քննությունը չի իրականացվել»,-գրված էր Րեյչլ Դենբերի նամակում:

Երկարատեւ սպասումներից հետո, նախկին զինծառայողներն արդարացվել են: Ինչպես տեղեկացնում է «Գալան»` «դատարանում այս պահին տասնյակ մարդիկ են հավաքված, ովքեր միաբերան «ուռա» են վանկարկում: Հուզված են ինչպես տղաները, նրանց ծնողները, երիտասարդներին սատարելու համար հավաքված բազմությունը, այլ նույնիսկ դատական կատարածուները»:

«Մեղադրյալներից Արայիկ Զալյանը հայտարարել է, որ ինքը սպասում էր այդ վճռին, մյուս երկուսը՝ Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը նշել են, որ իրենք անակնկալի են եկել: Երիտասարդները անկեղծացել են, որ պլանավորելու են իրենց ապագան եւ վերջապես ամուսնանալու են»,-տեղեկացնում է «Գալան»:

© Medialab.am