«Նուվել դ՛Արմենի», Սեդա Մավյանի չհրապարկված հետաքննությունը. Մարդու իրավունքների կամ անարդարության եվրոպական դատարա՞ն

«Նուվել դ՛Արմենի», Սեդա Մավյանի չհրապարկված հետաքննությունը. Մարդու իրավունքների կամ անարդարության եվրոպական դատարա՞ն
«Նուվել դ՛Արմենի», Սեդա Մավյանի չհրապարկված հետաքննությունը. Մարդու իրավունքների կամ անարդարության եվրոպական դատարա՞ն

Ծանոթագրություն. Այս հոդվածը նախատեսված է հրապարակել ֆրանսերենով՝ «Նուվել դ՛Արմենի մագազին » ամսագրի մարտի համարում, բայց որոշ հանգամանքների բերումով և խմբագրության` «Մեդիալաբին» բացառիկ թույլտվությամբ հայերեն տարբերակը հրապարակվում է փետրվարին, այսինքն` Փարիզում լույս տեսնելուց առաջ:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՄԻԵԴ) ՎՃԻՌԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՏԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ:
Բոլորը հիշում են Երևանի այդ փողոցի անունը՝ Փավստոս Բուզանդի, որը կապված էր մարդկանց իրենց տներից վտարելու ծանր ու զանգվածային դեպքերի հետ, որոնք տեղի ունեցան Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2004-2005 թթ., Հյուսիսային և Գլխավոր պողոտաների կառուցման շրջանակներում: Ութ տարի անց՝ 2012-ի հոկտեմբերի 9-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) իր առաջին վճիռներն արձակեց և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրեց փոխհատուցելու վտարված սեփականատերերին իրենց նախկին տների արժեքը, գումարած՝ հասցված վնասը: Այս լուրը, ինչը պետք է որ ուրախացներ նրանց, հակառակը՝ հիասթափեցրել է: Ինչո՞ւ: Արդյոք պատճառը նրանց չափազանցված հավակնություննե՞րն են, թե՞ մի նոր անարդարություն է պատվաստվում հնի վրա: Նկատի առնելով այս առաջին դատավարությունների բարոյական, իրավական, քաղաքական և տնտեսական կարևորությունը (դրանցից է կախված ՄԻԵԴ-ի կշիռը հասարակության, իշխանությունների և շինարարական մեծ ձեռնարկությունների աչքում)` չէինք կարող չանդրադառնալ այս հարցին:
Պատմական անդրադարձ
Ամեն ինչ սկսվեց 2002 թ. հոկտեմբերի 1-ին ընդունված թիվ 1151-N որոշումից, որով Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշում էր հանրային շահի համար օտարել Երևանի կենտրոնում գտնվող ընդարձակ մի տարածք, ինչի հետևանքով Հայաստանի մայրաքաղաքը շուտով վերածվելու էր իսկական բացօթյա շինհրապարակի (և այժմ էլ մասամբ այդպիսին է): Այդ պահից սկսած ակնհայտ դարձավ, որ տասնյակ հազարավոր մարդկանց օթևան ունենալու հարցն օդում կախված էր մնալու, մասնավորապես նրանց, ովքեր ապրում էին կառուցվելիք Հյուսիսային և Գլխավոր պողոտաների շրջակայքում, որոնք պետք է դառնային Երևանի կենտրոնական պողոտաները: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը այդ նախաձեռնությունն արդարացնում էր Ալեքսանդր Թամանյանի (1878-1936)՝ մայրաքաղաքի կառուցապատման պատմական նախագիծն ավարտին հասցնելու իր ցանկությամբ: Բայց այն եղանակը, որով իրականացվեց դա՝ տնտեսական և սոցիալական արդարության բոլոր սկզբունքների հանդեպ կատարյալ արհամարհանքով և մասնավոր ձեռնարկությունների միջոցով (այդ թվում՝ շինարարական մութ մի ընկերության՝ «Գլենդել Հիլզի», որը 2004-ին հանկարծ հայտնվեց հենց այդ նախագծին մասնակցելու նպատակով), ցույց տվեց, որ Քոչարյանի վարչակազմն ավելի շուտ առաջնորդվում է իր ակնկալած ցնցող գերշահույթներով, քան քաղաքաշինական զարգացման հոգսերով: Եվ իսկապես, այն, ինչ 2004-ից ի վեր տեղի է ունեցել մայրաքաղաքի բարեկարգման և կառուցապատման ոլորտում, հատկապես՝ ներկայիս Հյուսիսային և Գլխավոր պողոտաների հատվածում, այլ բան չէ, քան սեփականության անօրինական լայնածավալ փոխանցում, լայնամասշտաբ թալան, որը նախաձեռնել են պետության ղեկավարները` հանրային գերակա շահի անվան տակ և իրականացվել մարդկային աներևակայելի դժբախտությունների գնով:
Ամեն ինչ սկսվում է 2004-ին
2004-ին էր, որ գիլիոտինի դանակն իջավ բնակիչների գլխին, որոնք արդեն քիչ թե շատ տեղեկացվել էին ասեկոսեների միջոցով, բայց չգիտեին, թե իրենց ինչ է սպասում իրականում: Բուզանդի փողոցում ապրողները, հատկապես, չգիտեին, որ 2004-ի հունիսի 17-ի որոշմամբ կառավարությունը «Գլենդել Հիլզ» ընկերությանն է վստահել իրենց փողոցում որոշ շենքերի կառուցումը, և որ մեկ ամիս անց (հուլիսի 28-ին) Երևանի քաղաքապետարանն այդ ընկերությանը թույլատրել է ունեցվածքի գնահատում կատարել, սակարկել անմիջապես սեփականատերերի հետ, և սակարկության ձախողման դեպքում պետության անունից նրանց դեմ հայց ներկայացնել դատարան: 2004 թ. օգոստոս ամսին էր, որ «Գլենդել Հիլզի» գործակալները սկսեցին ներկայանալ Բուզանդի փողոցի բնակիչներին՝ ամեն տեղ գործելով նույն եղանակով (կոպտորեն, առանց նույնիսկ փոքր-ինչ սակարկելու, մարդկանց պատին դեմ տալով), նրանց չնչին փոխհատուցում առաջարկեցին, որը պատրաստ էին գրեթե կրկնապատկել, եթե մարդիկ հինգ օրվա ընթացքում հեռանային իրենց տներից: Այդ ամենը, որ ուղեկցվում էր սպառնալիքներով, ոչ ավելի, ոչ պակաս, պետության կողմից հովանավորվող շանտաժ էր, որը շուտով խուճապ առաջացրեց դիմակայելու միջոց չունեցող բնակչության շրջանում: Եվ ահա, ուզած-չուզած՝ ճնշող մեծամասնությունն ընդունեց շինարարական խոշոր ձեռնարկությունների առաջարկը: Անդրդվելի մարդկանց մի փոքր խումբ միայն մերժեց այն (5 ընտանիք):

Բուզանդի փողոց, թիվ 9. Թունյան-Սաֆյան ընտանիքի գործը
Այդ ընտանիքներից էր Թունյան-Սաֆյան ընտանիքը՝ այդ ժամանակ կազմված վեց հոգուց (ծնողները, նրանց երկու որդին, կրտսեր որդու կինն ու մանկահասակ դուստրը), որը բնակվում էր Բուզանդի փողոց, թիվ 9 հասցեում (եթե Հանրապետության հրապարակից մոտենանք, դա Աբովյան փողոցից դեպի ձախ ընկած առաջին փողոցն է՝ արտգործնախարարության և էներգետիկայի նախարարության հենց հետևում): Նրանց տունը, որը գրանցված էր մոր՝ Էմմա Թունյանի անունով, ընտանեկան սեփականություն էր՝ 89 քմ մակերեսով, որը գոյություն ուներ 1930-ից ի վեր և նորոգվել էր 1998-ին: Տունը տեղակայված էր 240 քմ մակերեսով հողատարածքի վրա, որտեղ գտնվում էր նաև Էմմա Թունյանի ամուսնու (Սաշիկ Սաֆյան՝ նկարիչ, դիզայներ և տպագրիչ) 38 քմ մակերեսով արհեստանոցը, իսկ մնացած մասում բակն էր և պտղատու ծառերը:
2004 թ. օգոստոսի 25-ին «Գլենդել Հիլզը» Էմմա Թունյանին տեղեկացնում է, որ իր տունը և հողամասը գնահատվել է 34.200 դոլար՝ մի գումար, որին կավելացվի 28.600 դոլար, եթե առաջիկա հինգ օրերի ընթացքում ազատեն տունը, իսկ ընտանիքի մյուս երեք անդամներից յուրաքանչյուրը կստանա 2000-ական դոլար հատուցում և 1500 դոլար որպես դրամական խրախուսում (հարսը և թոռնուհին հաշվի չեն առնվում առհասարակ): Ընդհանուր գումարը կազմում է 76.800 դոլար: Ավագ որդին՝ Գևորգ Սաֆյանը (այսօր՝ 37 տարեկան), հիշում է. «Մեզ հետ խոսում էին խիստ, նույնիսկ՝ կոպիտ տոնով: Մեզ հինգ օր տվեցին հեռանալու համար, եթե ոչ` գումարը կկիսեին: Երբ հրաժարվեցինք, նույնիսկ չփորձեցին համոզել, որ վերցնեինք գումարը»: Իսկապես, ինչո՞ւ պիտի փորձեին համոզել, եթե նույնիսկ կրկնապատկված գումարը շատ քիչ էր տվյալ անշարժ գույքի շուկայական գնի համեմատ (76.800 դոլար՝ նվազագույնը 89.000 դոլարի փոխարեն, եթե նկատի առնենք, որ այդ ժամանակաշրջանում տվյալ տարածքում 1 քառակուսի մետրն արժեր նվազագույնը 1000 դոլար, չհաշված նույնիսկ հողամասի արժեքը, որը մի քանի անգամ ավելի արժեր): Կիսվելով՝ այդ գումարը շինարարական ընկերությանը հնարավորություն էր տալիս հսկայական գերշահույթ ունենալու, մանավանդ որ ընկերությունը չէր վճարելու հողատարածքի համար, ոչ էլ փոխհատուցում էր տալու ընտանիքի վերոհիշյալ երկու անդամին: Թունյան-Սաֆյան ընտանիքը մերժում է «Գլենդել Հիլզի» առաջարկը:
Դատական գործընթացներ և բռնի վտարում
Ընկերության պատասխանն ուղղակի կայծակնահար է անում: Հենց հաջորդ ամիս «Գլենդել Հիլզը», կառավարության 2004 թ. հուլիսի 28-ի որոշման համաձայն, դատական հայց է ներկայացնում Թունյան-Սաֆյան ընտանիքի դեմ (սեպտեմբերի 23-ին): Վերջիններս անմիջապես պատասխանում են իրավական եղանակով (հոկտեմբերի 18-ին). 1995-ի Սահմանադրության 28-րդ հոդվածը վկայակոչելով՝ նրանք ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ օտարման գործընթացը հակասահմանադրական է, քանի որ, վերոհիշյալ հոդվածի համաձայն, «սեփականության օտարում կարող է իրականացվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա, նախապես համարժեք փոխհատուցում վճարելուց հետո»: Այնինչ, օտարումը տեղի էր ունեցել ոչ թե օրենքի, այլ՝ կառավարության որոշման հիման վրա, և առանց «նախապես համարժեք փոխհատուցում վճարելու»: Չնայած այդ ամենին՝ 2004-ի հոկտեմբերի 26-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը բավարարում է «Գլենդել Հիլզի» հայցը և Թունյան-Սաֆյան ընտանիքին հարկադրում է կնքել իրենց գույքի օտարման պայմանագիր: Դատարանը միաժամանակ հայտարարում է, որ ինքն իրավասու չէ որոշում կայացնել կառավարության 2002-ի օգոստոսի 1-ի թիվ 1151-N որոշման սահմանադրական կամ հակասահմանադրական լինելու վերաբերյալ (հետագայում՝ 2006-ին, ՄԻՊ Արմեն Հարությունյանի դիմումին ի պատասխան, Սահմանադրական դատարանը ընդունում է այդ որոշման հակասահմանադրական լինելը, բայց՝ անհետևանք…): Հաջորդ ամիս Թունյան-Սաֆյան ընտանիքը բողոքարկում է առաջին ատյանի վճիռը (2005 թ. նոյեմբերի 9-ին): Բայց վերաքննիչ դատարանը մերժում է նրանց բողոքը (2005 թ. մարտի 1-ին): Ընտանիքը դիմում է Վճռաբեկ դատարան: Բողոքը դարձյալ մերժվում է (ապրիլի 14-ին): 2005 թ. ապրիլի 29-ին Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայությունը ընտանիքին հրամայում է ազատել տունը: Մայիսի 12-ին, տեսնելով, որ դատական վճիռը չի կատարվում, այն է` ընտանիքը չի ազատում տունը, հարկադիրը գործի է անցնում: /իրենց հարևանների փորձն ունենալով, երբ ոստիկանության հատուկ ջոկատի կարմիրբերետավորների միջոցով՝ ստիպողաբար և բռնությամբ մարդկանց վտարում էին իրենց բնակարաններից, այս ընտանիքը նույնպես դուրս է հանվում իր տնից, ինչպես որ ուրիշ անհնազանդներ արդեն հանվել էին իրենց տներից կամ հանվելու էին (տես՝ ՆԱՄ-ի 2005-ի հոկտեմբերի թիվ 112, էջ 34): Սակայն Թունյան-Սաֆյան ընտանիքին այդպես էլ ոչ մի դրամ գումար չի վճարվում իրենց տան և հողամասի դիմաց, իսկ դատական մարմինները և հարկադիրը իրենց գործը կատարված են համարում միայն` այս ընտանիքին տանից զրկելով (մինչև այսօր՝ արդեն մոտ 7,5 տարի, այս ընտանիքին ոչ մի դրամ չի վճարվել): Թունյան-Սաֆյան ընտանիքին, նաև մի քանի այլ դիմադրողների, որոնք սպառել էին Հայաստանում արդարության հասնելու բոլոր միջոցները, մնում էր միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելը, ինչն էլ նրանք անում են 2005 թ.:
Դիմումը ՄԻԵԴ (2005)
Երեք փաստաբան (Արթուր Գրիգորյան, Լիզա Գրիգորյան և Վահե Գրիգորյան) իրար մեջ բաժանում են երեսուն ընտանիքների գործերը պաշտպանելու առաքելությունը: Վահե Գրիգորյանը ստանձնում է մոտ քսան, այդ թվում նաև՝ Թունյան-Սաֆյան ընտանիքի գործի պաշտպանությունը: Գործն իր բնական ընթացքի մեջ է, երբ հանկարծ 2008-ի դեկտեմբերի 9-ին, այսինքն` ՄԻԵԴ-ին դիմելուց երեք ու կես տարի անց և արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, Տիգրան Սարգսյանի կառավարությունը «միակողմանի հայտարարությամբ» տեղեկացնում է, որ ինքը պատրաստ է Թունյան-Սաֆյան ընտանիքին Երևանի կենտրոնում 116 քմ մակերեսով բնակարան հատկացնել նորակառույց շենքում, որի շինարարությունն ավարտվելու է 2010-ին: Առաջին հայացքից առաջարկը հրապուրիչ է թվում: Սակայն ոչ մի հասցե, ոչ մի հատակագիծ, ոչ մի մանրամասն և ոչ մի երաշխիք կցված չէր կառավարության առաջարկին, որը դեռ ավելին, չի անդրադառնում հողատարածքի փախհատուցման խնդրին: Այդ իսկ պատճառով Թունյան-Սաֆյան ընտանիքը մերժում է առաջարկը: (Բուզանդի 15 հասցեում ապրող Վահանյանների ընտանիքի, ինչպես նաև Բուզանդի փողոցի ևս 3 այլ ընտանիքների՝ Ղասաբյանների, Ղարիբյանների և Բաղդասարյանների գործերի ուսումնասիրությունը, որն այստեղ չենք ներկայացնում, ապացուցում է, որ Թունյան-Սաֆյանների զգուշավորությունն լիովին արդարացված էր):

ՄԻԵԴ-ի խայտառակ վճիռը (2012)
Ի վերջո, 2012-ի հոկտեմբերի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակում է սույն գործով իր վճիռը. ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է սեփականության պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնում է վճարել ընդամենը 30.000 եվրո փոխհատուցում` որպես պատճառված գույքային վնաս, ինչպես նաև ընտանիքի չորս անդամներից յուրաքանչյուրին վճարելու 1500-ական եվրո (հարսին և թոռնուհուն ոչ մի կերպ հաշվի չեն առնում…) և 30 եվրո՝ դատական ծախսերի համար (պետական տուրքի գումար): Այսպիսով, փոխհատուցման գումարը կազմում է 36.030 եվրո, որը համարժեք է 45.700 դոլարի, իսկ 240 քմ մակերեսով հողատարածքի հարցին ընդհանրապես անդրադարձ չկա:
Արդյունքում` վճարվելիք փոխհատուցումը հեռու է նույնիսկ այն 76.800 դոլարից, որն առաջարկել էր «Գլենդել Հիլզը» վերջնագրի տեսքով՝ ութ տարի առաջ, հեռու է նաև նվազագույն 89.000 դոլարից, որքան արժեր միմիայն տունը այդ տարիներին, և հատկապես… շա՜տ ու շա՜տ հեռու է Թունյան-Սաֆյան ընտանիքի նախկին սեփականության տեղում «Գլենդել Հիլզի» կառուցած շենքում համանման մակերեսով բնակարանի գնից: Մենք անձամբ փորձել ենք պարզել նման բնակարանի գինը՝ որպես գնորդ ներկայանալով: Եվ ի՞նչ. 2012-ի դեկտեմբերի կեսին 85 քմ մակերեսով կահավորված բնակարանն արժեր 200.000 դոլար: Երբ փորձեցինք պարզել, թե արդյոք հնարավոր չէ՞ գինն իջեցնել, սեփականատերը բացականչեց. «Բայց գիտե՞ք, թե այս թաղամասում մեկ քառակուսի մետրի գինն ինչքան է՝ 3000 դոլար: Այսինքն` ես ձեզ 55.000 դոլար «նվեր» եմ տալիս»: Շենքի ընդունարանում մենք պարզեցինք, որ սեփականատիրոջ «նվեր արած» գինն ուռճացված չէր և համապատասխանում էր այդ թաղամասում անշարժ գույքի գների սանդղակին: Իրականում, այն 36.030 եվրոյով կամ 47.500 դոլարով, որ ՄԻԵԴ-ն արքայավայել առատաձեռնությամբ շնորհել է Թունյան-Սաֆյան ընտանիքին, նրանք կկարողանան միայն մի մեծ ավտոտնակ գնել նույն շենքի կայանատեղում (30.000 դոլար):
Եզրակացություն
Ցանկանում ենք հասկանալ ՄԻԵԴ-ի յոթ դատավորների տրամաբանությունը, որոնք, Յոզեպ Կասադեվալի գլխավորությամբ, արձակել են 2012-ի հոկտեմբերի 9-ի դատավճիռը: Քանի որ նրանք ընդունել են Հայաստանի պետության մեղքը, ինչո՞ւ չեն հաշվարկել դրան համապատասխանող այնպիսի փոխհատուցում, որը ոչ միայն արդարացիորեն վարձատրեր խաբված քաղաքացիներին, այլև նրանց հատուցեր իրենց քաջության և հետևողականության համար՝ միաժամանակ պատժելով իրավախախտ պետությանը: Տուժածներին ողորմելի փոխհատուցում առաջարկելով՝ եվրոպացի դատավորները ոչ միայն սարսափելի անարդարություն են գործել, այլև կանաչ լույս են վառել ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ խոշոր շինարարական ընկերությունների գործելիք գալիք անարդարությունների համար: Ավելին՝ այդ խրախուսումը տարածվում է ամբողջ տարածաշրջանի, այսինքն` Վրաստանի և Ադրբեջանի վրա, որտեղ այս հարցին հետևում են մեծագույն ուշադրությամբ: Վճռական՝ պայքարելու մինչև վերջ, Թունյան-Սաֆյան ընտանիքը բողոք հայց ներկայացրեց ՄԻԵԴ-ի Մեծ պալատ (հունվարի սկզբին): Նրանց համար դա արդարության հասնելու վերջին հույսն է: Իսկ ՄԻԵԴ-ի համար սա վերջին հնարավորությունն է ուղղելու իր սխալը և արժանի լինելու իր կոչմանը:
Սեդա Մավյան
Թարգմանիչ՝ Ն.Ա.
Լուսանկարները տրամադրել է Հայկ Բիանջյանը: Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակին: Լուսանկարների օգտագործումն առանց հեղինակի համաձայնության արգելվում է:
© Medialab.am