Խուդյանի ընկերությանը սնանկացնելու գործը ուղարկվել է ՀՔԾ. Պաշտոնյանե՞ր են հարցաքննվելու

Խուդյանի ընկերությանը սնանկացնելու գործը ուղարկվել է ՀՔԾ. Պաշտոնյանե՞ր են հարցաքննվելու
Խուդյանի ընկերությանը սնանկացնելու գործը ուղարկվել է ՀՔԾ. Պաշտոնյանե՞ր են հարցաքննվելու

Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Այս մասին այսօր սփյուռքահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին տեղեկացրել է ՀՀ Գլխավոր դատախազությունից գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Սփյուռքահայ գործարարի փաստաբանը գործի Հատուկ քննչական ծառայություն տեղափոխումն այսպես է մեկնաբանում.

«Եթե գործը հասել է Հատուկ քննչական ծառայություն, դա նշանակում է, որ պաշտոնատար անձինք են հարցաքննվելու, դա էլ իր հերթին ենթադրում է, որ այս գործի հետ իսկապես առնչություն ունեն պաշտոնատար անձինք` այն ինչ մենք արդեն մի քանի տարի է հայտարարում ենք և սա էր հիմնական հանագամանքը, որ մինչ օրս կանխել է Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնակացման գործի բացահայատումը»:

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը ևս բազմիցս հայտարարել է, որ այստեղ գործ ունենք` սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը:

Նշենք, որ ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունն արդեն ավելի քան 2 տարի է, ինչ շարունակաբար ձգձգում էր ամերիկահայ գործարարին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2 տարի տևած նախաքննության արդյունքում, սակայն, մինչ վերջերս ոչ մեղադրյալներ էին առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ:

Շուրջ 15 օր առաջ միայն ՊԵԿ-ում հարցաքննվելուց հետո այս գործով ձերբակալվեց շինարար Վլադիսլավ Մանգասարյանը` նույն անձը, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում էր իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ:

Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկության համար: Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում ևս և այժմ կալանքի մեջ է:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ