Նպատակ է դրված Սահմանադրական դատարանը ոչնչացնելու, և այդ նպատակին հասնելու համար կատարվում են բոլոր քայլերը. Ավետիք Իշխանյան

Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի լիազորությունների դադարեցմանն ուղղված սահմանադրական փոփոխություններն իրավունքի հետ աղերս չունեն, և դրա նպատակն է ցանկացած գնով ՍԴ-ն հնազանդեցնել ու ենթարկեցնել իշխանություններին:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագծին:

«Դա ոչ միայն Սահմանադրության կոպիտ խախտում է, ուղղակի բառեր չկան այստեղ: Հետևյալ իրավիճակն է՝ նպատակն արդարացնում է միջոցները: Նպատակ է դրված Սահմանադրական դատարանը ոչնչացնելու, և այդ նպատակին հասնելու համար կատարվում են բոլոր քայլերը»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա՝ ՍԴ-ի վերաբերյալ իրականացված քայլերից որևէ մեկն օրինական չի եղել և օրինական չէ: «Ոչ թե պետք է իբր նման օրինական ճանապարհով գնան ու նման հակասահմանադրական ու հակաօրինական օրենքներ ընդունեն, այլ թող պարզ ասեն՝ այո՛, մենք եկել ենք իշխանության և մենք չենք հանդուրժի որևէ օղակի կողմից մեզ չենթարկվելը:

Թող ասեն՝ եթե դուք կամովին չհեռանաք, ապա մենք ձեզ կձերբակալենք, կդատենք, ցմահ ազատազրկման կդատապարտենք: Իսկ թե ի՛նչ օրենքով՝ դա բացարձակապես կարևոր չէ, որովհետև մեր նպատակն է ոչնչացնել այսօր Սահմանադրական դատարանը, և այն համալրել վահեգրիգորյաններով»,- ասում է Իշխանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները և այլ մանրամասները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված կարգով»:

Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը այսօր առավոտյան հետ էր կանչել նախագիծը, այնուհետև այն լրամշակվեց ու դրվեց քննարկման: Լրամշակմամբ այն հանրաքվեի դնելու նորմ է ավելացվել:

Հովակիմյանն ԱԺ նիստում ասաց, որ առաջարկում են փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը: Նա հավելեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը և առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը՝ համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ այն, որ որոշվեց նախագիծը հանրաքվեի դնել, ուղղակի տակտիկական քայլ է: «Հավանաբար մտածում են, որ նախկին նախագիծը շատ կոպիտ խախտում էր ենթադրում, փորձում են մեղմացնել իրավիճակը:

Բայց ես կարծում եմ՝ դա օրենքի ու իրավունքի հետ շատ քիչ աղերս ունի, որովհետև պետք է ամեն դեպքում նախագիծը գնա Սահմանադրական դատարան: Եվ, հավանաբար, առանց դրա են ուզում անել այդ փոփոխությունը: Հավանաբար իրենց նպատակը ցանկացած գնով ՍԴ-ն իրենց հնազանդեցնելն ու ենթարկեցնելն է»,- հավելում է Ավետիք Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am