«Ժողովուրդն արդեն մերժել է գործող Սահմանադրությունը թավշյա հեղափոխությամբ, որովհետև եթե այն գործեր, հեղափոխություն չէր լինի»․ Իրավապաշտպան

Արթուր Սաքունցը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

– Պարո՛ն Սաքունց, իշխանությունն առաջարկեց ՍԴ խնդրի լուծման իր տարբերակը, ըստ էության գնում ենք հանրաքվեի ճանապարհով։ Միաժամանակ, կարծիքներ հնչեցին, որ իշխանության նախաձեռնած գործընթացը հակասահմանադրական է։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

– Ես կարծում եմ, որ հանրաքվեով պետք է ուժը կորցրած ճանաչվի Սահմանադրությունն ընդհանրապես, և անցումային ժամանակաշրջան սահմանվի մինչև նոր Սահմանադրության նախագծի մշակումը և հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը։ 

– Այսինքն՝ դուք առաջարկում եք, որ ոչ թե պետք է երկու հանրաքվե անցկացնել, այլ մե՞կը։

– Ես չեմ կարծում, որ պետք է սահմանադրական մարմնի վերաբերյալ առանձին հանրաքվե անցկացնել։ Դա համարում եմ կիսատ լուծում, պետք է ընդհանրապես լուծել այս Սահմանադրության հարցը։

Այս Սահմանադրությունը, որը մենք բազմիցս ենք գնահատել որպես պետության զավթումն ամրագրող Սահմանադրություն, դրա գործողության ուժը պետք է կորցրած ճանաչել, որովհետև Սահմանադրության շրջանակում որևէ փոփոխություն չի փոխի այդ Սահմանադրության բուն էությունը։ 

Դա հակաժողովրդավարական, հակաիրավական, նույնիսկ ինքնիշխանությունը չապահովող փաստաթուղթ է, որովհետև անգամ գրված է, որ պետության սահմանները կարող են փոխվել հանրաքվեի միջոցով։ 

– Ընդդիմության, տարբեր իրավաբանների, փաստաբանների կողմից այս գործընթացը հակաիրավական է գնահատվում։ Նրանց քննադատության մեջ կա՞ ռացիոնալ հատիկ։

– Այս Սահմանադրությունը, ըստ էության, այնպես է ձևակերպված, որ ցանկացած փոփոխություն կամ փոփոխության առաջարկ կարող է դիտարկվել որպես Սահմանադրությանը հակասող, որովհետև այդպես է սկզբունքը դրված, որ ՍԴ-ն է որոշում, թե առաջարկվող փոփոխությունը հակասո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ 

Իսկ ցանկացած փոփոխություն կարող է համարվել Սահմանադրությանը հակասող, քանի որ փոփոխություն է ենթադրում։ Սրա մեջ է ողջ էությունը, և թույլ տալ, որ նման ձևակերպումների միջոցով փոփոխությունը համարել հակասահմանադրական, դրա պատճառը բուն Սահմանադրությունն է։ Իհարկե, քաղաքական մեծամասնությունը ճիշտ է անում, որ հանրաքվեի միջոցով է ուզում հարցը լուծել, բայց ինքը չի կարող լուծել միայն հարց, ինքը պետք է լուծի ամբողջ Սահմանադրության հարցը։ Իշխանությունը պետք է մի քայլի գնա, որ իշխանության աղբյուրը և իրավական պետության հիմքը ժողովրդի կամքի արտահայտումն է, և դա պետք է վերաբերի ոչ միայն մեկ ինստիտուտի, այլ ողջ Սահմանադրությանը։

– Իսկ հանրային պահանջ կա՞ այս հարցով հանրաքվե անցկացնելու։ 

– Հանրային պահանջ կա նրանով, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2018-ի հոկտեմբերին երկու անգամ առաջադրվեց վարչապետի թեկնածու և չընտրվեց, այդ ժամանակ հանրությունը հավաքվել էր հենց Սահմանադրության այդ փակուղին լուծելու նպատակով։ 

Այս Սահմանադրությունը չի ապահովում պետության զարգացումը, ժողովրդավարության զարգացումը։ Դա արդեն իսկ հաստատված է։ Ժողովուրդն արդեն մերժել է գործող Սահմանադրությունը թավշյա հեղափոխությամբ, որովհետև եթե Սահմանադրությունը գործեր, ապա հեղափոխություն չէր լինի։ 

– Մեծ հաշվով սա ծայրահեղ միջոց էր, որին դիմեց իշխանությունը։ 

– Ծայրահեղ միջոց չէ, տրամաբանական և անհրաժեշտ միջոց է՝ ուշ, բայց ոչ ուշացած։ 

– Ընդդիմությունը հայտարարում է, որ նպատակ է դրված ՍԴ-ն ոչնչացնելու, և այդ նպատակին հասնելու համար կատարվում են բոլոր քայլերը։ 

– ՍԴ-ն ինքն է իրեն ոչնչացրել իր գոյության ընթացքում իր հակաժողովրդավարական և հակաիրավական գործելակերպով։

Մանե Հարությունյան

MediaLab.am